կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-09 17:11
Մշակույթ

2012-ին Լեհաստանում 80 ֆիլմ է նկարահանվել

2012-ին Լեհաստանում 80 ֆիլմ է նկարահանվել

Ռեժիսոր Մաչեյ Ադամեկն իր «Լուսանկարը» ֆիլմով մասնակցում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին:

 

Ադամեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա իր առաջին խաղարկային ֆիլմն է. մինչ այդ նկարահանել է վավերագրական ֆիլմեր: Նրա ֆիլմի գլխավոր հերոսը` 16-ամյա Ադամը, գտնում է իր մոր լուսանկարը, որում վերջինս հղի է եւ երջանիկ մի անծանոթ տղամարդու կողքին. տղայի մեջ կասկածներ են հասունանում իրենց ընտանիքի վերաբերյալ, եւ նա սկսում է փնտրել իսկական հորը:

 

«Սյուժեի գաղափարը ինձ շատ էր հետաքրքրում, ոգեւորվեցի: Ֆիլմում նաեւ որոշ ինքնակենսագրական տարրեր են օգտագործվել: Թեեւ ֆիլմի հերոսը շատ ծանր ապրումներ է ունենում, սակայն ֆիլմի վերջում թեթեւություն ես զգում, ինչը գալիս է ինձնից. ես դրական եւ լուսավոր մարդ եմ, ուստի ֆիլմս էլ է դրական»,- ասաց Ադամեկը:

 

Նա պատմեց նաեւ, որ Լեհաստանում կինեմատոգրաֆիան բավականին աշխույժ վիճակում է, եւ եթե նախկինում երիտասարդ ստեղծագործողները բողոքում էին, որ տարիքավորները երիտասարդներին թույլ չեն տալիս իրենց կարծիքն արտահայտել, ապա այժմ, Ադամեկի հավաստմամբ, չկա նման բան:

 

Երիտասարդ կինոռեժիսորի խոսքերով` Լեհաստանում տարեկան 50 ֆիլմ է նկարահանվում, որոնցից 10-ը` դեբյուտային: «Անցած տարի շուրջ 80 ֆիլմ է նկարահանվել: Վերջերս լեհական կինոյի եւ արվեստի ինստիտուտ ստեղծվեց: Ինստիտուտը ֆիլմի նկարահանման ֆինանսավորման հիսուն տոկոսն է տրամադրում, իսկ մյուս մասը ռեժիսորներն իրենք պետք է գտնեն»:

 

Ադամեկի տեղեկացմամբ` ժամանակակից լեհական ֆիլմերի հիմնական թեման հենց երիտասարդ ռեժիսորների մտահոգություններն ու զգացումներն են, այսինքն` դրանք շատ անձնական բնույթ  ունեն: