կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-10 17:17
Մշակույթ

Երբեք չի կարելի բնութագրել մեկին, ում կա՛մ սիրում ես, կա՛մ ատում. Բորիս Խլեբնիկով

Երբեք չի կարելի բնութագրել մեկին, ում կա՛մ սիրում ես, կա՛մ ատում. Բորիս Խլեբնիկով

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում այսօր վարպետության դաս անցկացրեց ռուս անվանի կինոռեժիսոր Բորիս Խլեբնիկովը: Խլեբնիկովի «Առիթմիա» ֆիլմն այսօր կցուցադրվի «Ոսկե ծիրանի» շրջանակում: Ֆիլմն, ի դեպ, արդեն մասնակցել է «Կինոտավր»-ին, մրցանակի արժանացել:

Մուտքը կինո

Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում կենսաբանություն էի ուսումնասիրում, երբ մի օր հասկացա, որ կինոման եմ դարձել: Երկու տարվա ուսումս կիսատ թողեցի ու գնացի Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ (ВКИГ): Չեմ ափսոսում: Առհասարակ, երբ հասկանում եմ` ինչ-որ բան ինձ համար չէ` այդ պահին էլ թողնում եմ, ոչինչ, որ մինչ այդ ժամանակ եմ ծախսել դրա վրա: Այդպիսի մի որոշում էլ 2-րդ դասարանում եմ կայացրել` մի օր հասկացա, որ բանաստեղծություններ այլևս չեմ կարողանում անգիր անել որ որոշեցի` այլևս երբեք անգիր չանել ոչ մի տող:

Կինոյի առաքելությունը

Ժամանակակից ֆիլմերը դադարել են ինչ-որ բան ուղիղ ձևով քարոզել, ինչի համար էլ հիմա գրաքննություն չկա: Իսկ հեռուստատեսությունն այլ բան է` ամեն ինչ կանխավ որոշված է` որ հաղորդումն ինչ է քարոզում և ինչ չի կարելի անել: Այն, որ ֆիլմերն այլևս քարոզչական տարրե չունեն, գուցե ինչ-որ տեղ նաև հրաշալի է, քանի որ, ճիշտ է, անում ես մի բան, որը ոչ մեկին պետք չէ, բայց արված աշխատանքն ազատ մտքի արդյունք է, դու ազատ ես: Մեր երկրում բազմաթիվ հիմար օրենքներ կան, իսկ մշակույթի նախարարությունում գործում է հատուկ հանձնաժողով, ովքեր պետք է ֆինանսավորեն, որպեսզի հայրենասիրական թեմայով պաթոսային ֆիլմեր նկարվեն: Մեր բախտը բերել է այս հարցում, քանի որ անգամ պաշտոնյաները չգիտեն օրենքները: Իրականում ռեժիսորը պետք է պատմի այն, ինչ ինքը գիտի` պարզ մարդկային լեզվով, մանավանդ, որ այժմ կինո նկարահանելը բավականին մատչելի է դարձել: Օրինակ, տարիներ առաջ ես իմ մի ֆիլմի համար վատնեցի իմ կուտակած 20 000 դոլարը, սակայն այսօր կոպեկներով կարող ես կինո նկարել, նույնիսկ ամենահասարակ լուսանկարչական ապարատով: Հիմա կարող ես ֆիլմ նկարել առանց պետության հետ որևէ առնչություն ունենալու, ինչը մեծ առավելություն է:

Հեռուստատեսություն-կինո «կռվի» մասին

Հիմա հանդիսատեսը մեծ մասամբ հեռուստատեսություն է գնացել: Ես նույնպես աշխատել եմ հեռուստատեսությունում, սերիալներ նկարել: Իրականում շատ հետաքրքիր է այն ամենն, ինչ կատարվում է կաբելային հեռուստատեսությունում, քանի որ աշխարհը շատ արագ է փոխվում: Ռեժիսորներն էլ անընդհատ փորձում են նորարարություն անել հեռուստատեսությունում, դրա համար էլ ես մտա հեռուստատեսություն: Սակայն հիմա մեկ այլ բան է կատարվում, որը նախկինում չկար` նախկինում կար «սահման», թե ով ով է, ասենք` սերիալի դերասանը չէր կարող կինոյում խաղալ, իսկ հիմա սերիալից կինո մեկ քայլ է:

Հերոսների և ֆիլմի ասելիքի ընտրությունը

Ես կինոդպրոց եմ բացել, որտեղ ուսանողներիս անընդհատ սովորեցնում եմ` կարևոր է միջավայրը, այսինքն` էական նշանակություն ունի այն, թե որտեղ ես ֆիլմդ նկարում, որտեղ ես տարբերվող մի բան փնտրում: Ես նրանց ասում եմ` վախենալու թե, երբ դու որոշում ես նկարահանել թշվառներին, անտուններին, բայց ֆիլմդ կարող է չստացվել, եթե դու որոշել ես բարձրակարգ մի գործարանում նկարահանում իրականացնել: Մյուս կողմից, երբեք չեք կարող իմանալ` որտեղից ինչ պատմություն դուրս կգա, սակայն մարդկանց հարազատ է այն, ինչ իրենք ապրել են, զգացել: Տեսեք, երբ դերասանը մի հոգեվիճակ է ներկայացնում, որի միջով ինքն է անցել, նա իր ապրումներն էլ է գումարում խաղացած դերին` այդպես է կինոն ծնվում: Երբեք չի կարելի բնութագրել մեկին, ում դու կա՛մ սիրում ես, կա՛մ ատում` նույնն էլ կինոյում է: Ինչ վերաբերուվում է հերոսների ընտրությանը, ապա ինձ, որպես ռեժիսորի, ամենևին էլ հետաքրքիր չէ կերպարի վերափոխությունը, ես սիրում եմ մարդկանց, ովքեր բոլոր պարագաներում ինչ-որ ընդհանուր վարքագիծ են ունենում: Այսինքն` ինձ պետք չեն դերասանները, ովքեր շատ արագ կերպարանափոխվում են «Համլետից» մինչև «Հազարան բլբուլ», ո՛չ, ինձ պետք է դերասան, ով ինչ-որ տեղ կկրկնվի` բնավորության, իր սովորությունների մեջ:

Ուր գնալ սովորելու

Տեսեք, քանի որ, ինչպես արդեն ասացի, յուրաքանչյուր ռեժիսոր պատմում է իր իմացածի մասին, ապա, կարծում եմ, առաջին հերթին պետք է կրթությւոն ստանաս հենց քո երկրում: Դու պետք է կարողանաս քո ֆիլմերում նկարագրել բնավորությունները, սովորույթները, մարուքները, որոնք հոգեհարազատ են մարդկանց: Ես խորհուրդ չէի տա սովորելու համար մեկնել Ռուաստան, հատկապես` Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ (ВКИГ): Գիտե՞ք` այնտեղ ինչ են անում` երկու տարվա մեջ երկու ֆիլմ պետք է ներկայացնես` այս դարում, երբ ամեն ինչ շատ արագ է փոխվում և դու դեռ սովորում, այլ ոչ թե պրոֆեսիոնալ ռեժիսոր ես և տարիներով մի ֆիլմի ստեղծման վրա ես աշխատում: Այնտեղ, բացի այդ, բավականին հին մեթոդներով են աշխատում: Թող գովազդ չդիտվի, բայց իմ դպրոցում  ես սաներիս երկու շաբաթը մեկ կարճամետրաժ ֆիլմեր եմ նկարել տալիս, քանի որ սկզբնական շրջանում նրանց պետք է ուղղակի արհեստավարժ դառնալ: Ինձ չի հետաքրքրում` նրանք տաղանդավո՞ր են, թե՞ ոչ, քանի որ ես նրանց ուղղակի գիտելիք եմ տալիս ու «ուղարկում» կինոյի աշխարհ: