կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-10 14:29
Մշակույթ

ԱՄՆ-ում անհնար կլիներ կինոփառատոնի ցանկից ֆիլմ հանել, ինչ է թե` բողոքում են

ԱՄՆ-ում անհնար կլիներ կինոփառատոնի ցանկից ֆիլմ հանել, ինչ է թե` բողոքում են

Այս պահին մենք աշխարհին կարող ենք ներկայանալ, ճակատ-ճակատի տալ նկարչությամբ: Լրագրողների հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Վահե Խաչատրյանը, ում «Լույսի վրձնահարվածներ» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում:

Ըստ Խաչատրյանի` հենց այդ իսկ պատճառով էլ նա որոշել է ֆիլմ նկարել ԱՄՆ-ում ապրող և ստեղծագործող նկարիչ Նորիկ Դիլանչյանի մասին: Կինոռեժիսորի ներկայացմամբ` նկարչի կերպարի միջոցով փորձել է ցույց տալ դրսում ապրող հայերի կենցաղը նույնպես:

«Նորիկ Դիլանչյանը ոչ միայն նկարիչ է, այլև մանկավարժ: Նա նաև գործարար է և ես ուզում էի ցույց տալ, թե ինչպես կարող է մեկը բիզնես ունենալ և այնպես անել, որ արվեստը չտուժի դրանից: Բացի այդ` կարծում եմ, որ այսօր, առանց բիզնես մտածողության, արվեստը չենք կարող առաջ տանել: Մի խոսքով` Նարեկը հետաքրքիր մարդ է, իսկ իր մանկավարժի աշխատանքով էլ փորձում է մատաղ սերնդին օգնել ոչ միայն հայեցիության, այլ նաև արժեքների պահպանման հարցում»,-ասաց կինոռեժիսորը:

Ի դեպ, Խաչատրյանը նույնպես 2000 թվականից բնակվում է ԱՄՆ-ում, և խոսելով տեղի կյանքի, հայերի մասին` նշեց, որ տարբերությւոնը մեծ է Հայաստանի և ԱՄՆ-ի մեջ` կենցաղի, մշակույթի, բոլոր ոլորտներում.«Այնտեղ երբեք չես տեսնի նման երևույթ, որ բողոքեն և մի ֆիլմ դուրս գա կինոփառատոնի ցանկից: Օրինակ, այնտեղ մարյրը կարող է մի ամբողջ գիշեր լացել որդու` օտարերկրացու հետ ամուսնանալու մտքից, սակայն առավոտյան բոլորի առջև կհայրարարի, թե ինքը կողմ է այդ ամուսնությանը: Մարդու իրավունքները հարգում են այնտեղ, նաև տոլերանտ են: Բայց այնտեղ շատ բաներ կան, որ խորթ են մեզ, օրինակ, իրենց փարթիները, փարթիների ժամանակ ձևական ոտքի վրա մի բաժակ խմելը, հետո «ժամկետն անցած» մի կնոջ` լայն ժպիտով քեզ ուղղված «Հելլո»-ն, որի տակ չգիտես էլ ինչ կա: Ես իրենցը չեմ, բայց ինձ ԱՄՆ տարավ այդ խնդիրների հաղթահարման միտքը, իսկ Հայաստանում խնդիրների լուծում տանող ճանապարհը մի քիչ անհույս է»: Խաչատրյանի հավաստմամբ` ինքն իրեն Հայաստանի համար օգտակար է զգում նաև դրսում աշխատելով: