կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-08 19:37
Տնտեսական

Գերծախսերը անթույլատրելի են.Կարեն Կարապետյանը` Կոտայքի մարզում

Գերծախսերը անթույլատրելի են.Կարեն Կարապետյանը` Կոտայքի մարզում

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Կոտայքի մարզում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների ընթացիկ արդյունքներն ու հետագա անելիքները:

Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանն ուղղված աշխատանքները և մակրոտնտեսական ցուցանիշները` Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է շուրջ 7 տոկոս: Համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմում է շուրջ 138 մլրդ 485 մլն ՀՀ դրամ, իսկ համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ շուրջ 61 մլրդ 300 մլն ՀՀ դրամ: Մարզի զարգացման հեռանկարային ուղղություններից է գյուղատնտեսությունը. առկա են շուրջ 61 հա ջերմոցներ և 712 հա ինտենսիվ այգիներ, որոնցից 26 հա-ն՝ նորագույն տեխնոլոգիաներով հիմնված: Նախատեսվում է մինչև տարեվերջ հիմնել շուրջ 30 հա նոր ջերմոցներ և 200 հա ինտենսիվ այգիներ: 2016 թ. համեմատ գարնանացան կուլտուրաների ցանքն ավելացել է շուրջ 1000 հա-ով: Գերակա ուղղություն է համարվում նաև զբոսաշրջությունը. մարզում գործում է ավելի քան  75  հյուրանոցային և հանգստի կազմակերպման համալիր:

Վարչապետի հանձնարարականով կառավարություն է ներկայացվել 16 ներդրումային ծրագիր՝ 9 մլրդ 100 մլն ՀՀ դրամի չափով: ՀՀ կառավարության հավանությանն արժանացել է 11 ծրագիր՝ 7 մլրդ 600 մլն ՀՀ դրամ արժեքով, որից ընթացքի մեջ է «Գրին Ֆարմեր» ՓԲԸ-ի կողմից Հրազդան համայնքում ջերմոցային տնտեսության կառուցման ծրագիրը, իսկ 10 ծրագիր գտնվում է քննարկման փուլում: Շուրջ 1 մլրդ 500 միլիոն ՀՀ դրամի չափով ներդրումների շրջանակում տեղադրվել է 1 Մվտ հզորությամբ թվով 3 արևային կայան: Համայնքների սեփական եկամուտները կազմում են 3 մլրդ 278 մլն ՀՀ դրամ: 2017 թ. մարզի 31 համայնքում իրականացվելիք խոշորացման արդյունքում ձևավորվելու է 6 համայնք: «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում հանրապետական և մարզային շաբաթօրյակների ընթացքում վերացվել են շուրջ 128 աղբանոց և աղբակույտ: Մարզպետ Գուլոյանը ներկայացրել է նաև մարզում աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալները:

Վարչապետը կարևորել է յուրաքանչյուր մարզի զարգացման ծրագրում նաև աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման և բիզնես միջավայրի բարելավման հստակ ցուցանիշների ամրագրումը: Անդրադառնալով համայնքների սեփական եկամուտների հավաքագրման հարցին՝ Կարեն Կարապետյանը նշել է.

«Մեր վերլուծության համաձայն՝ հանրապետությունում սեփական եկամուտների հավաքագրման առումով բավական մեծ բաց ունենք: Համայնքների խոշորացման արդյունքում այդ խնդիրն ակտուալ է դառնում, քանի որ համայնքները պետք է լրացուցիչ միջոցներ ունենան: Մենք նաև ունենք վերլուծություն, թե ինչ ձևով են բաշխվում սեփական եկամուտները: Պետք է գանք մի բանաձևի, թե ինչպիսին պետք է լինեն համայնքների հաստատուն ծախսերը, և ինչպես կառավարվեն ֆինանսական հոսքերը, որպեսզի գերծախսեր չունենան այնտեղ, որտեղ դա անթույլատրելի է: Մենք պետք է սեփական բյուջեի ծախսերի մեջ որոշակի կանոններ և խոշորացված համայնքներում բյուջեի կառավարման մշակույթ ներդնենք»:

Մարզպետը զեկուցել է, որ այս տարվա կտրվածքով գրեթե բոլոր համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման աճ է արձանագրվել, իսկ ընդհանուր առմամբ ևս 20-30 տոկոսով աճի տեղ կա: Կարեն Կարապետյանը հանձնարարել է աշխատել շահագրգիռ գերատեսչությունների հետ և ներկայացնել վերլուծություն՝ յուրաքանչյուր համայնքից ակնկալվող եկամուտների հավաքագրման և բաշխման, ինչպես նաև աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալն ավելացնելուն ուղղված քայլերի վերաբերյալ:

Այնուհետև Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, բնապահպանության ոլորտների պատասխանատուները զեկուցել են այդ բնագավառներում կատարված ուսումնասիրությունների արդյունքները և առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Վարչապետը նախ անդրադարձել է պետական աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին՝ ընդգծելով առաջարկվող պայմանների շահավետ լինելը և կարևորելով դրանց մասին պատշաճ իրազեկումը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ հաշվարկները ցույց են տալիս, որ նշված ծրագրերով կատարվող սուբսիդավորման արդյունքում ՀՆԱ-ի մեջ բավական մեծ աճ է լինելու: «Բիզնեսմենը, հավելյալ արժեք ստեղծող մարդը պետք է զգա, որ համայնքային իշխանությունը, կառավարությունն իր կողքին են: Հենց այդ ալիքը բարձրացնենք, մուլտիպլիկատիվ էֆեկտը կզգանք», - ասել է Կարեն Կարապետյանը:  

Խոսելով առողջապահական համակարգի բարեփոխումների մասին՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Մենք գնալու ենք համավճարի գաղափարով և կանգնելու ենք սոցիալապես անապահովի կողքին, բայց մինչ այդ վերջնական համակարգի ձևավորումը առաջարկել ենք, որ մյուս տարվանից պետպատվերի բաժանումը լինի այն հայտանիշով, թե որ առողջապահական կազմակերպությունն է այլ աղբյուրներից, մասնավոր հատվածից շատ գումար բերել: Եթե դու քիչ ես փող բերել, ուրեմն քո ծառայությունը լավը չէ: Բուժհիմնարկները նաև պարտավոր կլինեն աուդիտ անել՝ իրենց ֆինանսական գործունեության թափանցիկությունը ցույց տալու համար: Չափազանց կարևոր է, որ դուք տեղում այս քաղաքականությունը վարեք»:

Ինչ վերաբերում է կրթության ոլորտի բարեփոխումներին, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ կրճատումն ու օպտիմալացումն ինքնանպատակ չեն: «Մենք ուզում ենք որակյալ կրթական համակարգ ձևավորել: Մինչև տարեվերջ ուսուցչի վարձավճարման համակարգ ենք ստեղծելու», - ասել է վարչապետը՝ հանձնարարելով այս ոլորտների պատասխանատուներին շարունակել աշխատանքները համապատասխան գերատեսչությունների հետ:

Գործադիրի ղեկավարին զեկուցվել է նաև 2017 թ. առաջին եռամսյակում մարզի արտադրական ձեռնարկությունների բիզնես գործունեության արդյունքում արձանագրված ցուցանիշների մասին: Նշվել է, որ աճ է գրանցվել էլեկտրաէներգիայի արտադրության և մշակող արդյունաբերության (խմիչքների, սննդամթերքի, դեղագործական ապրանքների և ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրություն) ոլորտներում: 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալն աճել է 2 անգամ: Մարզում հեռանկարային է համարվում դիվերսիֆիկացված արդյունաբերության ճյուղերի զարգացումը՝ մետաղամշակում, թանկարժեք քարերի վերամշակում, թեթև, սննդի և հանքահումքային արդյունաբերություն, վերականգնվող էներգետիկա, ձկնաբուծություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և զբոսաշրջություն: Կարեն Կարապետյանը հանձնարարել է կոնկրետ գնահատական ներկայացնել այս ոլորտների մեկնարկային վիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ: Կառավարության ղեկավարը նշել է, որ մարզում հյուրանոցային զբոսաշրջության մեծ ցանց է գործում, և անհրաժեշտ է այդ ներուժն ունեցող խոշոր քաղաքներում ներդրումների ներգրավման միջոցով տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները բարելավել և զբոսաշրջային հետաքրքրությունների շրջանակն ընդլայնել:

Ներկայացվել են նաև մարզում գործունեություն ծավալող գործարարների ներդրումային ծրագրերի ընթացքին վերաբերող մանրամասներ: Եվս մեկ անգամ ընդգծելով հետադարձ կապի ապահովման կարևորությունը՝ վարչապետ Կարապետյանը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին արագ և կոնկրետ արձագանքել ներկայացվող բիզնես ծրագրերի առաջարկություններին:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը տարեվերջին գնահատելու է բոլոր մարզպետարանների աշխատանքը մի շարք հայտանիշներով, այդ թվում՝ աշխատատեղերի ստեղծում, ներդրումների ներգրավում, սեփական եկամուտների և աղբահանության գումարների հավաքագրման կարգապահություն, առողջապահական և կրթական  համակարգերի բարելավում և այլն: