Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 17-ին Արմավիրի մարզ այցի շրջանակում ծանոթացել է տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին:
Մասնավորապես, կառավարության ղեկավարն այցելել է Փշատավան համայնքում հիմնված ջայլամաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություն: Վարչապետին տեղեկացվել է, որ տնտեսությունում 2008 թվականից իրականացված ներդրումների արդյունքում ջայլամների թիվը հասցվել է շուրջ 500-ի: Նախորդ տարեվերջից սկսած՝ մեկնարկել է բաստուրմայի, սուջուխի և ղաուրմայի արտադրությունը:
Առայժմ ողջ արտադրանքն իրացվում է միայն հայկական շուկայում, սակայն նախատեսվում են քայլեր իրականացնել նաև արտահանման ուղղությամբ: Կարեն Կարապետյանը ողջունել է Հայաստանում ջայլամաբուծության զարգացումն ու առաջարկել է փոխգործակցել «Գործարար Հայաստան» հիմնադրամի (Հայաստանի զարգացման հիմնադրամ) հետ՝ արտահանումը խթանելու նպատակով:
Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է մարզի Արտամետ համայնք, որտեղ իրանահայ ներդրողների կողմից իրականացվում է պիստակի այգիների հիմնման խոշոր ծրագիր: Կարեն Կարապետյանին տեղեկացրել են, որ 10 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրով Արմավիրի մարզում հիմնվելու է 590 հեկտար պիստակի այգի՝ կաթիլային ոռոգման համակարգով: Տնկիների մշակման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են: Նախատեսվում է արտադրված պիստակի ողջ ծավալն արտահանել տարբեր շուկաներ:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում աջակցություն ցուցաբերել ներդրումային ծրագրի իրականացմանն ու արտահանման կազմակերպմանը:Վարչապետը եղել է նաև Սարդարապատ համայնքում գործող Voskeni wines գինեգործական ընկերությունում, ծանոթացել վերջինիս գործունեությանն ու ծրագրերին: Ընկերությունն արտադրությունն իրականացնում է Գերմանիայից ներկրված ժամանակակից սարքավորումներով: Խաղողի մթերման նպատակով պայմանագրեր են կնքվել ոչ միայն Արմավիրի մարզի, այլ նաև Վայոց ձորի խաղողագործների հետ:
Բացի այդ, ընկերությունը նախատեսում է ընդլայնել խաղողի սեփական այգիները ոռոգման կաթիլային համակարգերով: Բացի գինիների տեսակների ընդլայնումից՝ ծրագրվում է ավելացնել նաև արտահանման ծավալները: Այժմ արտադրանքն իրացվում է Հայաստանում, Ռուսաստանում, Նիդեռլանդներում: Համապատասխան քայլեր են իրականացվում եվրոպական նոր շուկաներ մուտք գործելու ուղղությամբ: