կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-01 13:55
Հասարակություն

Շրջանավարտների 22-րդ սերունդը հրաժեշտ տվեց «Հայբուսակ» համալսարանին

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում մեծ շուքով նշվեց «Հայբուսակ» համալսարանի 2016-2017թթ. շրջանավարտների ավարտական երեկոն: Հարազատ բուհին հրաժեշտ տվեց համալսարանի  շրջանավարտների 22-րդ սերունդը:

Տոնական միջոցառումն ուղեկցվեց համերգային կատարումներով, մրցանակաբաշխությամբ: Երեկոյին ներկա էին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, ծնողներ, հյուրեր:

Կրթության միջազգային ակադեմիայի (որի կազմի մեջ մտնում է նաև «Հայբուսակ» համալսարանը) նախագահ Անահիտ Հարությունյանը, շնորհավորելով շրջանավարտներին՝ նրանց մաղթեց անխոչընդոտ ուղի և հաջողություններ մեծ կյանք մտնելու ճանապարհին:

«Հայբուսակ» համալսարանի 22–րդ շրջանավարտն է հրաժեշտ տալիս համալսարանին և մտնում նոր՝ մեծ կյանք: Ես չեմ կարծում, որ ձեզ համար զարմանալի կլինի մեծ կյանք մտնելը, որովհետև մենք ձեր ուսումնառության տարիներին ամեն ինչ արել ենք, որ դուք պատրաստ լիենք մեծ կյանք մտնելուն»,- նշեց նա ու հավելեց. «Որքան էլ ձեզ տրվող «դեղատոմսերը» պատրաստի լինեն, միևնույն է, ամեն մեկդ գնալու եք ձեր ուղիով, Աստված տա, դա լինի փոքր հիասթափություններով, խոչընդոտներով և մեծ հաջողություններով լի ուղի»:

Անահիտ Հարությունյանը շրջանավարտներին կոչ արեց հասնել նրան, ինչը սիրում են: «Հասիր նրան, ինչը սիրում ես , այլապես կսիրես այն, ինչը քեզ կհասնի: Կարևոր չէ՝ ինչ նպատակներ ունեք, կարևոր է, թե ինչին եք ձգտում, կարևոր է, որ ձեզնից ամեն մեկը գտնի իր տեղն այս կյանքում: Կարևոր չէ, թե որքան հաջողություններ կունենաք, կարևորն այն է, որ ձեզ լիարժեք երջանիկ և հաջողակ զգաք»,- ասաց նա:

Կրթության միջազգային ակադեմիայի նախագահի խոսքով՝ «Հայբուսակ» համալսարանը ստեղծվել է սիրո, գիտելիք տարածելու, կրթված մարդ կերտելու գաղափարի վրա և երբեք չի կորցրել իր ոգևորությունը: «Մենք հաղթանակած համալսարան ենք, մենք հաղթում ենք մեր սիրով, գաղափարներով, միասնականությամբ»,- նշեց նա:

Դիմելով շրջանավարտներին` Անահիտ Հարությունյանն ասաց. «Ցանկանում եմ ձեզ խաղաղ հայրենիք: Կներեք, որ ավագ սերունդը ձեզ այնքան էլ բարակեցիկ և ապահով հայրենիք չի հանձնում, բայց մենք ձեր կողքի ենք, մենք միասին կերտելու ենք այն Հայաստանը, որի մասին երազում ենք»:

Երեկոյի ընթացքում «Լավագույն ուսանող» կոչմանն արժանացան իրենց առաջադիմությամբ աչքի ընկած մի շարք ուսանողներ: Բուհի մի շարք դասախոսների էլ շնորհվեց «Լավագույն դասախոս» կոչումը: Ուսումնառության ընթացքում գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողներն էլ արժանացան անվանական կրթաթոշակների:

Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: