կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-08 17:05
Հասարակություն

Իրանի հետ մեր հարաբերությունները խորն են ու արդյունավետ. Իրանից ժամանած պատվիրակությունը` «Հայբուսակ»-ում

Իրանի հետ մեր հարաբերությունները խորն են ու արդյունավետ. Իրանից ժամանած պատվիրակությունը` «Հայբուսակ»-ում

«Հայբուսակ» համալսարանը երեկ հյուրընկալել էր ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադիի  գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության անդամները նախ զրուցեցին բուհի ղեկավար կազմի հետ` հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը միտված քայլեր անելու համար:

Կրթության միջազգային ակադեմիայի /որի կազմում է նաև «Հայբուսակը»/ նախագահ Անահիտ Հարությունյանը հյուրերին համառոտ ներկայացրեց բուհի անցած ուղին` կարևորելով Իրանի հետ հարաբերությունների զարգացման բնականոն ընթացքը:

Նա նշեց, որ «Հայբուսակը» հիմնադրվել է 1990-ին, և երբ սկսվել է բուհերի հավատարմագրման գործընթացը, այն առաջիններից է եղել, որ լիցենզիա է ստացել և հավատարմագրում անցել բոլոր մասնագիտությունների գծով: Այս պահին էլ,  Հարությունյանի խոսքով, միջազգային պրոֆեսիոնալ հավատարմագրում են անցնում, և հույս ունեն, որ 1 տարվա ընթացքում միջազգային հավատարմագրում էլ կստանան:

«Մեր բուհը միակ համալսարանն է Հայաստանում, որտեղ գործում են բժշկական, միջազգային հարաբերությունների, դիզայնի ինստիտուտներ: «Հայբուսակի» ուսանողների թիվը տարիների ընթացքում հասել է մինչև 7000-ի, սակայն այսօր, ցավոք, նրանց թիվը 3000-ից ավելի չէ: Ի դեպ, մեր ուսանողներից 600-ը օտարազգի ուսանողներ են, որոնց մոտ 90 տոկոսը սովորում է բժշկական մասնագիտություններով: Համալսարանն ունի կրթական բոլոր աստիճանները, ինչպես նաև ավագ դպրոց և բազային քոլեջ: Համալսարանն այսօր 400 մասնագետ ունի, որոնց զգալի  մասը` 70 տոկոսը, ունի գիտական աստիճաններ և կոչումներ»,- նշեց Հարությունյանը:

Ըստ նրա` հիշատակման է արժանի բուհի բժշկական ինստիտուտի գործունեությունը, քանի որ այն համագործակցում է Երևանի 13 լավագույն կլինիկաների հետ, ինչն ուսանողներին հնարավորություն է տալիս, ուսուցման 2-րդ տարուց սկսած, այցելելու կլինիկաներ:

Ինչ վերաբերում է Իրանի հետ հարաբերություններին, ապա, ըստ Հարությունյանի, թող զարմանալի չթվա, բայց այդ հարաբերությունները խորն են ու արդյունավետ: «Այս տարի լրանում է մեր բուհի և Իրանի հետ հարաբերությունների հիմնադրման 20-ամյակը: Այսինքն` 1997-ից սկսվեցին այդ հարաբերությունները` հետաքրքիր մի մրցույթով, որին մասնակցեց ոչ թե մեր բուհը, այլ Լազարյանի անվան միջազգային հարաբերությունների ինստիտուտը: Սակայն 1999-ին բարձրագույն կրթության ոլորտում Հայաստանի համար ռազմավարական մի որոշում ընդունվեց, ըստ որի` փոքրաթիվ բուհերը պետք է միավորվեին: «Հայբուսակը» դարձավ այն կենտրոնը, որի շուրջ միավորվեցին հայաստանյան 6 բուհեր, և դրանցից առաջինը Լազարյանի  անվան միջազգային հարաբերությունների ինստիտուտն էր»,- նշեց նա:

Կրթության միջազգային ակադեմիայի նախագահի խոսքով` Հայաստանում Իրանի դեսպանատան հետ բուհի համագործակցությունը նույնպես շատ արդյունավետ է եղել, և հարաբերությունները վաղուց դարձել են բարեկամական, ընկերական, ստեղծագործական և ուսուցողական: Հարությունյանը տեղեկացրեց, որ բուհը մշտապես մասնակցել է դեսպանատան կողմից կազմակերպված գրեթե բոլոր մշակութային, գրական միջոցառումներին: Ավելին` ամեն տարի բուհի` արևելագիտություն ուսումնասիրող ուսանողներից 1-3 հոգի դեսպանատան միջոցներով գնացել է Թեհրան, այցելել մի քանի համալսարաններ և սովորել լեզու, մշակույթ ու գրականություն /բացառություն են միայն վերջին երկու տարիները/: Հարությունյանը, շնորհակալություն հայտնելով դեսպանատանը, նշեց, որ հենց Հայաստանում Իրանի դեսպանատունը նպաստել է «Հայբուսակի»` Իրանի համալսարանների և դպրոցների հետ կապեր հաստատելուն: «Դեսպանատունը հայտնի է նաև տարբեր բուհերի մեջ անցկացվող իր մրցույթներով, և այդ մրցույթներին, որպես կանոն, մեր համալսարանի ուսանողները միշտ առաջին, երկրորդ տեղեր են զբաղեցրել: Բացի այդ` պետք է ուրախությամբ ասեմ, որ մեր արևելագետներն աշխատաշուկայում հեշտությամբ են իրենց տեղը գտնում թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, ինչը վկայում է, որ լեզվի իմացության մակարդակը բուհում շատ բարձր հիմքերի վրա է դրված»,- ասաց նա:

Ի դեպ, Հայաստանում իրանական թեքումով գործող 15 դպրոցներն այսուհետ կհամագործակցեն «Հայբուսակի» հետ` դիմորդներ տրամադրելով: Ըստ Անահիտ Հարությունյանի` դպրոցների հետ համագործակցությունը մեկ պայման ունի` շրջանավարտներն անպայման պետք է շարունակեն ուսումնասիրել պարսկերենը: «Այս ամենը փաստում է այն մասին, որ հայ-իրանական հարաբերությունները ոչ միայն շարունակվում են, այլև մտնելու են որակական նոր փուլ»,- ասաց նա:

Բժշկական գիտությունների համալսարանների զարգացման մասնագիտական խորհրդի քարտուղար Ահմադ Խալեղի Նեժադ Թաբարին էլ կարևորեց նման հանդիպումները` ընդգծելով, որ այս ձևաչափով հանդիպումները նպաստում են հարաբերությունների սերտացմանն ու հետագա համագործակցության զարգացմանը: Նա տեղեկացրեց նաև, որ Իրանում առողջապահության նախարարությունն առանձնանում է ԿԳ նախարարությունից, և գիտական ուսումնասիրությունները գտնվում են ԱՆ-ի հսկողության ներքո:

«Իրանում մենք ունենք 62 բժշկական համալսարան, 190 000 ուսանող` տարբեր գիտական աստիճաններում սովորող: 680 գիտահետազոտական կենտրոններ ունենք, որտեղ ուսումնական պրակտիկայի են գնում ուսանողները: Մեր ուսանողները հնարավորություն են ստանում նաև այլ երկրներ այցելելու` փոխանակման ծրագրերով: Դրսում կրթություն ստացած և հայրենիք վերադարձած ուսանողները մեզ մոտ միանգամից աշխատանքի չեն անցնում, նախ պետք է 3 քննություն հանձնեն, և նոր միայն նրանց վկայագիրը վավեր կճանաչվի: Սա դեռ ամենը չէ, նրանք պետք է նաև փորձաշրջան անցնեն և նոր միայն աշխատելու հնարավորություն կտրվի նրանց, այսինքն` մենք շատ լուրջ ենք վերաբերվում առողջապահական ոլորտին»,- ասաց Թաբարին:

Նա նշեց նաև, որ իրենց համար շատ կարևոր է, որ բժշկական հաստատությունները համապատասխան լինեն միջազգային բոլոր չափանիշներին, քանի որ անմիջապես կապ ունեն մարդու առողջության հետ:

Ըստ նրա` Իրանը վերջին երկու տարիներին եղել է առաջին այն երկրներից մեկը, որը հետազոտության ոլորտում առաջընթաց է ունեցել: «Մենք ուրախ կլինենք համագործակցել այլ երկրների համալսարանների հետ: Մենք ծանոթացանք ձեր բուհին, և մեզ հետաքրքրեց այն, այնպես որ` միշտ պատրաստ ենք համագործակցության»,- ասաց Թաբարին:

Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները շրջայց կատարեցին «Հայբուսակ»-ի լսարաններով, եղան «Իրանագիտության» լսարանում, շփվեցին իրանցի ուսանողների հետ: Հյուրերը դատարկաձեռն չհեռացան բուհից: