կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-30 14:22
Քաղաքական

Ես անհանգստության շեփոր եմ հնչեցնում. նախկին ոստիկանապետը՝ նախարարին

Ես անհանգստության շեփոր եմ հնչեցնում. նախկին ոստիկանապետը՝ նախարարին

ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը մտահոգված է հանրապետության շենքերի սեյսմիկ կայունության և վերելակների անսարք լինելու խնդրով: «Մեր շենքերը խիստ օրհասականան վիճակում են գտնվում, նամանավանդ` Երևան քաղաքում: 2018 թվականի բյուջեի հաստատման հետ կապված` ինչպիսի՞ առաջարկներ են ներկայացվել կառավարությանն, ու դրանք իրականացնելու ի՞նչ հնարավորություններ ունենք», - հետաքրքրվեց պատգամավորը ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանից:

Նախարարը պատասխանեց, որ հարցը մի քանի գերատեսչությունների պատասխանատվության ներքո է, և անհրաժեշտ են օրենսդրական ու նորմատիվային ակտերի որոշակի փոփոխություններ, ինչպես նաև տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող ստորաբաժանումների կարողությունների բարձրացում:

«Օրերս ձեր մասնագետներից մեկը TV-ով հայտարարեց, որ շենքերի 60-70 տոկոսն  ընդամենը 6 բալ երկրաշարժի կարող է դիմակայել: Մենք ո՞ւմ ենք սպասում, ինչի՞ ենք սպասում: Մենք այդ դառը փորձը տեսել ենք: Ես ուղղակի անհանգստության շեփոր եմ հնչեցնում, մի օր փորձանքը կարող է լինել, և մենք դրան չենք դիմակայի: Հույսներս դնել, թե ով մեզ կօգնի, իրատեսական չէ: Հորդորում եմ՝ որպես ԱԻ նախարարի, ինքներդ առաջինն այդ աղմուկը բարձրացրեք: ԱԺ-ում էլ մշտապես Ձեր կողքին կլինենք, որպեսզի այդ խնդիրը լուծվի»,- ասաց Ալիկ Սարգսյանը:

«Կշեփորենք համատեղ, հաշվի կառնենք Ձեր առաջարկությունը»,- պատգամավորին շտապեց հանգստացնել նախարարը, ապա, անդրադառնալով վերելակների խնդրին, նշեց. «Քաջություն կլինի իմ կողմից արտահայտվելը, բայց դրանք պետք է նաև համատիրությունների խնդիր դառնան, այլ ոչ միայն պետության պատասխանատվության ու գիտակցության խնդիր»։