Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել «Դեպքի վայրի զննություն» ուսումնամեթոդական ձեռնարկի շնորհանդեսը, որի հեղինակն է ՀՀ ՔԿ քրեական գործերի քննության աջակցության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Տիգրան Պետրոսյանը:
Հայալեզու ուսումնամեթոդական այս ձեռնարկը բաղկացած է 2 մասից, որտեղ հանրամատչելի ներկայացված են դեպքի վայրի զննության հիմունքները՝ դեպքի վայրի զննությանը ներկայացվող դատավարական և քրեագիտության տակտիկամեթոդական հիմնական պահանջները, քննիչի մասնագետի և այլ մասնակիցների առաջնահերթ գործողությունները, տեսակները, հաջորդականությունը, կիրառվող մեթոդները, դեպքի վայրի լուսա(տեսա)նկարահանման սկզբունքները և այլն: Հեղինակը մեծ ուշադրություն է դարձրել նաև սահմանամերձ գոտում իրականացվող դեպքի վայրերի զննության առանձնահատկություններին:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը բարձր է գնահատել Տ.Պետրոսյանի աշխատությունը՝ նշելով, որ այն պետք է դառնա քննիչների սեղանի գիրքը։
«Ուսումնասիրել եմ ձեռնարկը, լուրջ աշխատանք է կատարվել և այն թե՛ գիտական, թե՛ պրակտիկ առումով շատ արժեքավոր է: Կարծում եմ՝ ձեռնարկը կդառնա քննիչի սեղանի գիրքը, յուրաքանչյուր հանցագործության բացահայտում սկսվում է դեպքի վայրի պատշաճ զննությամբ»,- ասել է Աղվան Հովսեփյանը:
Դեպքի վայրի զննությունը կոչված է ոչ միայն վերականգնել տեղի ունեցած հանցագործության մեխանիզմը,ամրագրել թողնված տարատեսակ հետքերն ու օբյեկտները, ինչը հետագա քննության ընթացքում աներկբա նպաստում է տվյալ հանցագործության բոլոր դրվագների բազմակողմանի բացահայտմանը, այլև՝ աջակցում հանցագործության կատարմանը նպաստող պատճառները վերհանելուն ու դրանց հետագա կանխարգելմանը:
Ձեռնարկը նախատեսված է ինչպես պրակտիկ աշխատակիցների՝ հետաքննություն եւ նախաքննություն իրականացնող, փորձագիտական կազմակերպությունների աշխատակիցների, փաստաբանների, դատախազների համար, այնպես էլ՝ քրեագիտության տեսագործնական հարցերով զբաղվող իրավաբանների և ուսանողների համար։