Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիահայ բժիշկ Հայկ Խաչոն, ով փրկվել է իսլամական պետություն խմբավորման (ISIS) հալածանքից և վերաբնակվել Արցախում մի քանի տարի առաջ, այսօր իր նոր առանձնատան բնակարանամուտը նշեց Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում: Առանձնատունը կառուցվել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից` Քաշաթաղում վերաբնակվել ցանկացող սիրիահայերին աջակցելուն ուղղված ծրագրի շրջանակներում: Բնակարանամուտի միջոցառմանը մասնակցել են Թուֆենկյան հիմնադրամի խորհրդի անդամ և զարգացման տնօրեն Անդրանիկ Գասպարյանը, հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի օգնականը, «Հայրենասեր» կազմակերպության նախագահը, ինչպես նաև Իշխանաձորի գյուղապետը և տեղի լրատվամիջոցների և համայնքի ներկայացուցիչները:
Հայկ Խաչոն իր ընտանիքի` երեք դստրերի հետ Արցախ է տեղափոխվել 2015թ.` Սիրիական պատերազմի ընթացքում: Սիրիայում իսլամական պետություն խմբավորումը (ISIS) բռնել էր բժշկին և ստիպել հրաժարվել քրիստոնեությունից: Ազատ արձակվելուց հետո Հայկ Խաչոն որոշել է ապաստան գտնել Արցախում և ընտանիքի հետ նոր կյանք սկսել Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում:
«Երբ առաջին անգամ ոտք դրեցի Իշխանաձորում, անմիջապես զգացի ինչպես տանը: Մարդիկ շատ ջերմ էին և ինձ ընդունեցին բաց սրտով: Ես և երեք դստրերս՝ բոլորը դեռահաս, այստեղ շատ ապահով ենք զգում: Շնորհակալ եմ այս տան համար՝ այն իսկապես մեզ նոր կյանք է պարգևում», ասաց Հայկը:
Բժիշկ Խաչոյի առանձնատան կառուցումը սկսվել է 2016թ. սեպտեբերին և ավարտվել 2017թ. հունիսին: Ամայի ավերակներից վերանորոգված կացարանի փոխակերպված այս առանձնատունը այժմ լիովին պատրաստ է Հայկ Խաչոյի և նրա երեք դստրերի համար արժանապատիվ կացարան ապահովել:
«Մենք ուրախ ենք, որ նա նոր տուն է գտել իր նախնիների հայրենիքում: Հայկը երկու անգամ բռնվել է իսլամական պետություն խմբավորման կողմից և երկու անգամ նրան սպառնացել են սպանել: Նրան հաջողվել է կենդանի մնալ և երկու անգամ փախչել մահից: Մեր պատիվը և պարտականությունն է աջակցել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են գալ և ապրել այս ազատագրված հայկական տարածքներում», ասաց Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը:
Հիմնադրամի խորհրդի անդամ և զարգացման տնօրեն Անդրանիկ Գասպարյանը իր խոսքում նշեց Իշխանաձորի կարևորությունը որպես հարավային Քաշաթաղի շրջանում ռազմավարական նշանակություն ունեցող տարածք: «Իշխանաձորը անցակետ է, և մեր պարտականությունն է ապահովել, որ այն զարգանա և համապատասխանաբար բնակեցված լինի: Հայկ Խաչոն իր ներդրումը կունենա այս շրջանի զարգացման գործում: Գյուղը բաց է արել իր դռները Լիբանանից, Սիրիայից, Հայաստանից և այլ երկրներից եկող հայերի համար: Մենք ուրախությամբ կարող ենք ասել, որ սա Հայաստանն է, բոլոր հայերի հայրենիքը», նշեց Գասպարյանը: