կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-29 15:30
Իրավական

Հայտնաբերվել են «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ սպանության գործով հետախուզվողները. Ոստիկանություն

Հայտնաբերվել են «Թուֆենկյան»  հյուրանոցի մոտ սպանության գործով հետախուզվողները. Ոստիկանություն

 Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայողները, հետևողական, լայնածավալ ու համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սերտորեն փոխգործակցելով Վրաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, հոկտեմբերի 29-ին Վրաստանի տարածքում հայտնաբերել են սեպտեմբերի 14-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարելու համար հետախուզվող 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանին և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովին:

Այս պահին քննարկվում են նրանց Հայաստան տեղափոխելու ընթացակարգի մանրամասները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Երևանի Հանրապետության փողոցում, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ, Ալբերտ Բլբուլյանը, Արմեն Կարադավիդովը և 1957 թվականին ծնված Ռաֆիկ Խաչատրյանը «Մակարով» ատրճանակից և «ԱԿ» ինքնաձիգից կրակոցներ էին արձակել երկու քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ մարդ սպանվել էր, մյուսը՝ վիրավորվել։

Սեպտեմբերի 15-ին որոշում էր կայացվել Ալբերտ Բլբուլյանին, Արմեն Կարադավիդովին և Ռաֆիկ Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու և հետախուզում հայտարարելու մասին:

Սեպտեմբերի 22-ին, ոստիկանության մի մի շարք ստորաբաժանումների համագործակցված և արդյունավետ գործողությունների արդյունքում Ռաֆիկ Խաչատրյանը հայտնաբերվեց Կոտայքի մարզում ու բերման ենթարկվեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:
Ալբերտ Բլբուլյանի և Արմեն Կարադավիդովի հետախուզման աշխատանքները շարունակվում էին ողջ ծավալով ու մեծ ընդգրկումով ու նույնպես սպասված արդյունքը տվեցին:

Կատարվածի բոլոր հանգամանքները կպարզվեն շարունակվող նախաքննությամբ»: