կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-05 23:39
Հասարակություն

Պետք է սերունդներին փոխանցենք բնության հետ ներդաշնակ ապրելու կարևորագույն սկզբունքը. Արծվիկ Մինասյան

Պետք է սերունդներին փոխանցենք բնության հետ ներդաշնակ ապրելու կարևորագույն սկզբունքը. Արծվիկ Մինասյան

Հունիսի 5-ին ՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի են ունեցել Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան և Բնապահպանի օրվան նվիրված տոնական միջոցառումներ: Միջոցառմանը մասնակցել են պետական գերատեսչությունների, Հայաստանում այլ երկրների դեսպանատների, միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների, հասարակական, գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ և կրթօջախների ուսուցիչներ ու սաներ:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, իր խոսքում հիշատակելով օրվա կարգախոսը` «Ես բնության հետ եմ», նկատել է, որ այն պատահական չի ընտրված, քանի որ լինելով շրջակա միջավայրի կարևորագույն օղակ և համակարգ, մարդն ազդում դրա վրա իր գործունեությամբ և լինում են իրավիճակներ, երբ այդ գործունեությունը ոչ միայն խաթարում է բնության հիմնական օրենքներն, այլ նաև սպառնալիք է ստեղծում մարդկության ապագայի համար:

Ըստ նախարարի` «Ամենալավը բնությունը գիտի» բնության օրենքը փաստում է, որ այն ինքնին հավասարակշռված, ներդաշնակ համակարգ է և այդ համակարգի վրա որևէ ազդեցություն չի կարող անհետևանք մնալ. «Բնության մեջ ամեն ինչ փոխկապակցված է, այնտեղ ոչինչ հենց այնպես չի կորչում և այնտեղ ամեն ինչ չէ, որ անվճար է: Ավելին` այնտեղ ամեն ինչի համար պետք է վճարել: Սրանք հիմնական կանոններն են, որոնք, ցավոք, մենք մոռանում ենք և հաճախ մոռացության հետևանքն այն է լինում, որ ինքներս մեր համար ստեղծում ենք սպառնալիքներ և հետո փորձում ենք այդ սպառնալիքները հաղթահարել, մինչդեռ շատ ավելի դյուրին կլիներ, եթե ապրեինք այդ կանոնների ներքո և չձևավորեինք ռիսկեր մեր իսկ գործունեության համար»,-նշել է Ա. Մինասյանը և կարևորել բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործումը: Բնապահպանության նախարարը շեշտել է, որ վերականգնվող բնական ռեսուրսներից պետք է օգտվել այնքան, որպեսզի այն կարողանա վերականգնվել, մինչդեռ ներկայում կա այդ հավասարակշռության խախտում և դեգրադացիա, իսկ չվերականգնվող ռեսուրսի օգտագործումը պետք է նվազեցնել, ոչ միայն այն պատճառով, որ այն միայն ներկա սերնդի սեփականությունը չէ, այլ նաև այն պատճառով, որ դրա հետևանքները խախտվում են բնական էկոհամակարգերի:

Նկատելով, որ ներկայում Հայաստանը ստորագրել է երկու տասնյակից ավել բնապահպանական համաձայնագրեր` Ա. Մինասյանն շեշտել է. «Մեր կարևոր մարտահրավերն է միանալով առաջադեմ մարդկության, միջազգային այն կառույցների ջանքերին, որոնք կարևորում և շեշտադրում են շրջակա միջավայրի պահպանությունը` որպես մարդկության ապագայի կարևորագույն հարցերից մեկը: Պետք է կարողանանաք մեր պետականության այս շրջափուլում սա դարձնել մեր քաղաքականության հիմնական առանցքներից մեկը` դպրոցից, տնից սկսած մինչև բարձրագույն օղակ: Էկոկրթության, էկոդաստիարակության հարցը մեր համար կարևորագույններից է: Մենք պետք է մանկուց երեխային դաստիարակենք, նրան փոխանցենք բնության հետ ներդաշնակ ապրելու, ներդաշնակության մեջ հավասարակշռությունը պահելու կարևորագույն սկզբունքը, որը, ի ի տարբերություն մյուս դեպքերի օրենքով պետք է ընդունվի` ֆորմալ առումով, այլ նաև իրականում, և ըստ էության մարդու գոյության հիմնական կանոնն է: Այս կանոնը, որպես ինքնիշխան պետություն, ձևակերպված է նաև մեր հիմնական փաստաթղթում` ՀՀ Սահմանադրության մեջ, որի 12-րդ հոդվածը հռչակում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը, վերականգնումը և բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործումը որպես սահմանադրական կարևորագույն պահանջ, որպես պետության հիմնարար պարտավորություն: Ամենակարևորը` այս ամենը, որպես կայուն զարգացման հիմնական մոտեցում, պետք է հենվի և ապահովի սերունդների միջև և սերունդների ներսում համաձայնության և հավասարության սկզբունքը: Բազմակողմանի այս պարտավորությունների ներքո, մենք ձեզ հետ միասին պետք է կարողանանք 21-րդ դարի այս շրջափուլում ապահովել առավել ակտիվ քաղաքականություն, պասիվության ժամանակներն անցել են, եկել է ակտիվ գործունեության ժամանակահատվածը»:

Բնապահպանության նախարարը կարևորել է, նաև հանրության մասնակցությունը բնապահպանությանը, շնորհակալություն հայտնել, հասարակական բոլոր կազմակերպություններին և նախաձեռնությունների հեղինակներին` այս գործընթացներին օժանդակելու համար: Արծվիկ Մինասյանը կոչ է արել սրտացավորեն վերաբերվել ապագայի հանդեպ և կարողանալ համատեղ ջանքերով, համատեղ ույժերով, ներդաշնակության հիմնարար սկզբունքը պահելով առաջ շարժվել:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարյասինը, շնորհավորելով ներկաներին Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ, ողջունել է այն գործողությունները, որոնք իրականացնում է Հայաստանը` բնության պահպանության ուղղությամբ: Բանախոսը կարևորել է նաև կլիմայի փոփոխության մեղմման ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած քայլերը:Բնապահպանության ոլորտում երկարամյա բարեխիղճ աշխատանքի և անձնական ներդրումների համար նախարարության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են շնորհակալագրերով և նվերներով:

Միջոցառման շրջանակներում WWF-Հայաստանի կողմից ներկայացվել է «Մաքուր Հայաստան» ծրագրով իրականցվող աշխատանքների ինտերակտիվ քարտեզը,  «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի  և Շենգավիթի պատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների մասնակցությամբ կազմակերպվել էր կավճանկարների և յուղանկարների ցուցադրություն-մրցույթ: Տեղի է ունեցել Արամ Արեխցյանի լուսանկարների, գեղանկարիչ Մերուժան Մխեյանի գծանկարների և ՀՀ Տավուշի մարզի Հովք համայնքի դպրոցի աշակերտների նկարների ցուցահանդես: «Էկզոտարիում Ամազոն» ընկերությունը կազմակերպել էր նաև  էկզոտիկ կենդանիների ցուցադրում:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված միջոցառման ավարտին ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները և Civil Voices ՀԿ-ի ակտիվիստներն աղբից մաքրման աշխատանքներ են իրականացրել Երևանի փողոցների և Օղակաձև զբոսայգու տարածքներում: