կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-28 12:50
Մշակույթ

Կարևոր է, որ, ստեղծագործություններս լսելով, մարդիկ ներդաշնակ լինեն իրականության և իրենք իրենց հետ. Աննա Մանուկյան

Թեև հայ իրականության մեջ բողոքում ենք ցածրորակ երաժշտությունից և երիտասարդ սերնդի անտարբերությունից դեպի դասականը, որակյալը, շատ ու շատ տաղանդավոր ստեղծագործողներ ապացուցում են, որ այդպես չէ:

Երիտասարդ կոմպոզիտոր Աննա Մանուկյանը դեռևս 12 տարեկանից սկսել է ստեղծագործել, ապա, ստանալով բարձրագույն կրթություն, ձայնագրել է իր իսկ ստեղծագործություններից բաղկացած ձայնասկավառակ: Այս տարի  Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Դեբյուտ» նախագծի շնորհիվ  Աննա Մանուկյանի «Տերևների պար» ստեղծագործության հիման վրա նկարահանվեց տեսահոլովակ, որի ռեժիսորն է Արմեն Ռոնովը:

«Դեբյուտ» նախագծի նպատակն է դասական երաժշտարվեստում բացահայտել և հանրությանը ներկայացնել նոր անուններ, նոր ստեղծագործություններ:

Աննան նշում է, որ  «Տերևների պար»  ստեղծագործությունը գրել է վաղուց, հետագայում մշակել  և ավելացրել է ջութակի հատվածը:

Հարցին` ո՞րն է ստեղծագործության մեսիջը, ասելիքը հանրությանը, Աննան պատասխանեց. «Յուրաքանչյուրն ինքը պետք է լսի այս երաժշտությունն ու գտնի իր համար մեսիջը։ Սակայն ինձ համար կարևոր է, որ, իմ գրած ստեղծագործությունները լսելով, մարդիկ լինեն ներդաշնակ իրականության և իրենց հետ»։

Թե ի՞նչը կարող է խթան հանդիսանալ ստեղծագործելու համար, երիտասարդ կոմպոզիտորը նշեց. «Իրականում, տարբեր էմոցիաների կուտակումներն են, որ օգնում են ինձ ստեղծագործել, որևէ հստակ վայր չկա, որտեղ ստեղծագործում եմ»:

Աննան նշեց նաև, որ, լսելով իր ստեղծագործությունները, հայ գործարար Վիլիկ Մանուկյանը հրավիրել է իրեն համերգային ծրագրով հանդես գալ Ղրիմում: «Շատ ջերմ ու լավ մթնոլորտում անցավ համերգը: Վիլիկ Մանուկյանի շնորհիվ Ղրիմում համերգային ծրագրի ժամանակ հնարավորություն ունեցա նվագելու 1818թ. դաշնամուրով, որն ինձ համար մեծ պատիվ էր: Ի դեպ, մեր հայազգի գործարարը շատ ու շատ երիտասարդ շնորհալի մարդկանց է աջակցում  ստեղծագործական քայլեր կատարելու գործում»,- նշեց երիտասարդ կոմպոզիտորը:

Ի դեպ, Աննա Մանուկյանը Ղրիմում ստացել է տեսահոլովակ նկարահանելու առաջարկ, որին կանդրադառնանաք առաջիկայում: