կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-05 20:12
Հասարակություն

Հայրենի բնության պահպանությունը պետք է լինի յուրաքանչյուրիս առաքելությունը. Արծվիկ Մինասյանի ուղերձը

Հայրենի բնության պահպանությունը պետք է լինի յուրաքանչյուրիս առաքելությունը. Արծվիկ Մինասյանի ուղերձը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ուղերձ է հղել շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ.

««Ես բնության հետ եմ» կոչն է ընտրել երկրագնդի բնակչությունը որպես Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա 2017 թվականի կարգախոս: Այն վեր է հանում մեր ժամանակների համամարդկային ամենակարևոր հիմնահարցերից մեկը: Այսօր մարդու գործունեությունն այնպիսի ծավալներ ու բնույթ է ստացել, որ օրինաչափ հարց է ծագում` մարդը բնության դե՞մ է, թե՞ նրա հետ: Մարդկության ապագայի տեսլականը թելադրում է հարցի մեկ պատասխան` ժողովուրդների կայուն զարգացումը և հարատևումը հնարավոր է միայն բնության հետ ներդաշնակ ապրելով:

Հարցը մեծ նշանակություն ունի նաև մեր երկրի և ժողովրդի համար: Այսօր մեր պատմական մեծ բնօրրանից մեզ բաժին հասած փոքր հատվածի հարուստ և ինքնատիպ բնաշխարհը պահպանելու և արժանապատվորեն սերունդներին փոխանցելու հրամայականի առաջ ենք կանգնած: Դրա գիտակցումը պետք է գերակայի մեր գործունեության բոլոր ոլորտներում, ծրագրերում և նախաձեռնություններում: Տնտեսության զարգացումը պետք է հենվի ոչ թե բնական ռեսուրսների գերշահագործման վրա, այլ պահպանված բնությունն ինքնին որպես արժեք և արժեք ստեղծող հենք դիտարկելու:

Այս և բնապահպանական այլ խնդիրներն հնարավոր չէ լուծել միայն պետական գործիքակազմով: Հայրենի բնության պահպանությունը պետք է լինի յուրաքանչյուրիս առաքելությունը` մանկահասակ երեխայից մինչև հասուն քաղաքացու, պետական ծառայողից մինչև բնական ռեսուրսի հաշվին ձեռներեցությամբ զբաղվողի: Բնապահպանությունը պետք է դառնա կենսակերպ:

Շրջակա միջավայրի պահպանության գաղափարը պետք է իր կայուն տեղն ունենա մեր ժողովրդի արժեքային համակարգում: Բնապահպանությունը մեր պետականության հիմնաքարերից մեկն է և պահանջում է բոլորիս համարժեք մոտեցումը:

Ամեն տարի միանալով միջազգային հանրության կողմից նշվող Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա միջոցառումներին` պետք է բազմապատկենք մեր ջանքերը և օրվա կարգախոսը կյանքի կոչենք ամենօրյա գործունեության ընթացքում և յուրաքանչյուր քայլափոխի:

Առաջնորդվելով օրվա խորհրդով` կոչ եմ անում մեր քաղաքացիներին և բոլոր շահագրգիռ կառույցներին համատեղել քայլերը` հայրենի բնաշխարհի պահպանության և կայուն զարգացում ապահովող շրջակա միջավայր սերունդներին փոխանցելու կարևորագույն առաքելությունն իրականացնելու համար»: