Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ- HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը հետաքրքրվել է արտգործնախարարության արխիվների ճակատագրով:
Ըստ Ermenihaber-ի՝ Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի կայքի համաձայն՝ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին ուղղված գրավոր հարցմամբ Փայլանը մասնավորապես ցանկացել է իմանալ, թե ինչ փուլում են ԱԳՆ-ի արխիվների թվայնացման աշխատանքները, և արդյո՞ք փաստաթղթերի մի մասը վնասվել, ոչնչացվել է:
Հայ պատգամավորը նաև փորձել է պարզել, թե կա՞ն այդ արխիվներում Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանն ընդգրկող (մինչև 1919թ.) փաստաթղթեր:
Փայլանը հիշեցրել է, որ ԱԳՆ-ի կողմից նախկինում արված հայտարարության համաձայն՝ մինչև 2015թ. պետք է թվայնացվեր նախարարությանը պատկանող շուրջ 25 մլն փաստաթուղթ, սակայն մինչ օրս այդ աշխատանքները չեն ավարտվել:
«Եթե նույնիսկ մի կողմ թողնենք այն, որ արխիվը նշանակված ժամկետում չի բացվել, նաև տեղեկություններ են ստացվել, որ այդ արխիվի աշխատակիցների մի մասը հեռացվել է աշխատանքից՝ գյուլենական լինելու մեղադրանքով, իսկ այդ ընթացքում արխիվային փաստաթղթերի մի մասը ոչնչացվել է: Բացի այդ` լուրեր են ստացվել, որ արխիվի հետ կապված աշխատանքներն արդեն բավական ժամանակ դադարեցվել են, իսկ շենքը, որտեղ գտնվում են փաստաթղթերը, լցվել է ջրով, ինչի արդյունքում արխիվը մեծ վնասներ է կրել»,- նշել է պատգամավորը:
Փայլանը գրավոր հարցման մեջ բարձրացրել է հետևյալ հարցերը.
-Արդյո՞ք շարունակվում են արխիվների թվայնացման աշխատանքները, այս պահին նախագիծը ի՞նչ փուլում է, թվայնացման աշխատանքների ո՞ր մասն է ավարտվել:
- Ինչո՞ւ արխիվները չբացվեցին նախատեսված ժամկետներում:
- Ե՞րբ կավարտվեն գաղտնի համարվող փաստաթղթերի գնահատման աշխատանքները, և ե՞րբ դրանք հասանելի կդառնան ուսումնասիրողներին:
- Ճի՞շտ են լուրերն այն մասին, թե աշխատակիցները ոչնչացրել են արխիվի մի մասը: Եթե դա ճիշտ ա, ապա արխիվի ինչքա՞ն մասն է ոչնչացվել: Հայտնի՞ է, թե հատկապես որ փաստաթղթերն են ոչնչացվել:
- Արդյո՞ք ճիշտ է, որ արխիվի շենքը լցվել է ջրով և փաստաթղթերը վնասվել են: Եթե դա ճիշտ է, ապա փաստաթղթերի ո՞ր մասն է վնասվել ու դարձել օգտագործելու համար ոչ պիտանի:
- Ինչո՞ւ է արխիվի փաստաթղթերի ժամանակագրությունը սկսվում 1919թ.-ից:
- Թեև նշվում է, որ այդ արխիվը սկսվում է 1919թ.-ից, որոշ պաշտոնյաներ հայտնում են, որ արխիվում կան նաև փաստաթղթեր, որոնք վերաբերում են մինչև 1919թ. -ն ընկած ժամանակահատվածին: Արդյո՞ք այդ արխիվում կան նաև օսմանյան շրջանի արտգործնախարարությանը (Osmanlı Hariciye Nezareti) պատկանող փաստաթղթեր, որոնք տեղ չեն գտել կառավարության օսմանյան արխիվում: