Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով, ելնելով 2.2% տնտեսական աճի կանխատեսումից, ծրագրվել էր ստանալ շուրջ 1186.3 մլրդ դրամ եկամուտներ, որից 1154.8 մլրդ դրամը` ներքին աղբյուրներից, 31.5 մլրդ դրամը` արտաքին պաշտոնական դրամաշնորհների տեսքով: Ելնելով օրենսդրության պահանջներից՝ պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Նշված միջոցները ներառյալ, ինչպես նաև հաշվի առնելով կառավարության լիազորությունների շրջանակներում կատարված մյուս փոփոխությունները` ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծրագիրն ավելացվել է 92.2 մլրդ դրամով (7.8%-ով) և կազմել շուրջ 1278.5 մլրդ դրամ, որից 1235.5 մլրդ դրամը` ներքին աղբյուրներից ստացվող եկամուտների, 43 մլրդ դրամը` արտաքին պաշտոնական դրամաշնորհների գծով: 2016 թվականին պետական բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 1171.1 մլրդ դրամ, որոնք 91.6%‑ով ապահովել են ճշտված ծրագրի կատարումը և 0.3%‑ով կամ շուրջ 3.4 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա փաստացի ցուցանիշը: Ստացված եկամուտներից 1139.7 մլրդ դրամը կազմել են ներքին աղբյուրներից ստացված եկամուտները, 31.4 մլրդ դրամը՝ պաշտոնական դրամաշնորհները, որոնց ծրագիրը կատարվել է համապատասխանաբար 92.2%-ով և 73.1%-ով: Մասնավորապես՝ 92%-ով ապահովվել են հարկային եկամուտները և պետական տուրքերը, 97.3%-ով՝ այլ եկամուտները: Նշենք, որ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները կազմել են շուրջ 33.8 մլրդ դրամ կամ կանխատեսված ցուցանիշի 85.1%‑ը: Առանց արտաբյուջետային միջոցների` պետական բյուջեի եկամուտները կազմում են 1137.3 մլրդ դրամ` ապահովելով 91.8% կատարողական:
2016 թվականին ՀՆԱ-ի նկատմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների հարաբերակցությունը կազմել է 23.1%, որը 0.1 տոկոսային կետով զիջել է նախորդ տարվա ցուցանիշը, սակայն 1.3 տոկոսային կետով գերազանցել է կանխատեսված ցուցանիշը:
2015 թվականի համեմատ պետական բյուջեի եկամուտների 0.3%‑ով (կամ 3.4 մլրդ դրամով) աճը ձևավորվել է հարկային եկամուտների (ներառյալ պետական տուրքերը) և պաշտոնական դրամաշնորհների համապատասխանաբար 1.1% (11.8 մլրդ դրամ) և 5.1% (1.5 մլրդ դրամ) աճի ու այլ եկամուտների 14.2% (շուրջ 10 մլրդ դրամ) նվազման արդյունքում:
Հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի եկամուտների 92.2%-ն ապահովվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի հաշվին, որոնք կազմել են 1079.7 մլրդ դրամ և 92%‑ով ապահովել ՀՀ կառավարության լիազորությունների շրջանակներում ճշտված տարեկան ծրագիրը: Նշված գումարից 1046.4 մլրդ դրամը կազմել են հարկային եկամուտները, 33.3 մլրդ դրամը` պետական տուրքերը:
2016 թվականին ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների և պետական տուրքերի հարաբերակցության ցուցանիշը կազմել է 21.3%՝ 0.1 տոկոսային կետով գերազանցելով նախորդ տարվա փաստացի և 0.6 %-ային կետով՝ հաշվետու տարվա կանխատեսված ցուցանիշը: Հարկային սահունության գործակիցը (ՀՆԱ-ի աճի յուրաքանչյուր տոկոսային կետին բաժին ընկնող հարկերի և տուրքերի աճ) 2016 թվականին կազմել է 1.6` 2015 թվականի 0.1-ի դիմաց:
2015 թվականի համեմատ հարկային եկամուտները և պետական տուրքերն աճել են 1.1%‑ով կամ 11.8 մլրդ դրամով: Ընդ որում, հարկային եկամուտներն աճել են 1.1%‑ով կամ շուրջ 10.9 մլրդ դրամով, իսկ պետական տուրքերը՝ 2.8%‑ով կամ շուրջ 904.6 մլն դրամով:
2016 թվականին`
Պաշտոնական դրամաշնորհներ. 2016 թվականին արտաքին աղբյուրներից տրամադրվել են շուրջ 31.4 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ` կազմելով տարեկան ճշտված ծրագրի 73.1%‑ը`` կանխատեսվածից 11.6 մլրդ դրամ պակաս: Շեղումը հիմնականում պայմանավորված է նպատակային ծրագրերի կատարման աստիճանով, որոնց շրջանակներում հաշվետու ժամանակահատվածում ստացվել է 19.1 մլրդ դրամ՝ կազմելով ծրագրային ցուցանիշի 63.1%‑ը: Նշված գումարից 3.0 մլրդ դրամը ստացվել է ՀՀ պետական մարմինների արտաբյուջետային ծրագրերի շրջանակներում, որը կազմել է կանխատեսված ցուցանիշի 77%-ը: Մյուս նպատակային ծրագրերի շրջանակներում ստացվել է կանխատեսված միջոցների 61.0%‑ը` շուրջ 16.0 մլրդ դրամ:
2016 թվականին շուրջ 12.4 մլրդ դրամ է ստացվել ԵՄ կողմից ոչ նպատակային ծրագրերի շրջանակներում` կազմելով ծրագրվածի 96.8%-ը: 2015 թվականի համեմատ պաշտոնական դրամաշնորհներից պետական բյուջեի մուտքերն աճել են 5.1%-ով կամ 1.5 մլրդ դրամով:
Այլ եկամուտներ. 2016 թվականին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 60.0 մլրդ դրամ այլ եկամուտներ, որը կազմում է բյուջեի եկամուտների 5.1%-ը` նախորդ տարվա 6%-ի դիմաց: Այլ եկամուտների` կառավարության լիազորությունների շրջանակներում ճշտված ծրագրով սահմանված ցուցանիշն ապահովվել է 97.3%-ով: Այլ եկամուտներից 29.4 մլրդ դրամը կազմել են պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվների մուտքերը, որոնք ստացվել են 86.2%-ով: 2015 թվականի համեմատ այլ եկամուտները նվազել են 14.2%-ով: