կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-27 20:05
Տնտեսական

Արարատի մարզը պետական բյուջեի մեջ սեփական եկամուտները 20 տոկոսով ավելացնելու պարտավորություն է վերցրել

Արարատի մարզը պետական բյուջեի մեջ սեփական եկամուտները 20 տոկոսով ավելացնելու պարտավորություն է վերցրել

ՀՀ Արարատի մարզում հուլիսի 29-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշներին՝ Արամայիս Գրիգորյանը զեկուցել է, որ գյուղացիական տնտեսությունների և մշակովի հողատարածքների խոշորացման գործընթացի արդյունքում խոշոր հողակտորներ /5հա և ավելի/ ունեցող գյուղացիական տնտեսությունների թիվն այս պահի դրությամբ 313 է՝ 2016 թ. 280-ի փոխարեն:

Ընթացքի մեջ են Վեդու ջրամբարից դեպի շահառու 8 համայնքներ գնացող ոռոգման համակարգերի կառուցման աշխատանքները, որում ընդգրկված է շուրջ 110 մարդ: ԱՄՆ Միջազգային զարգացման և ՄԱԿ-ի գրասենյակների հետ համատեղ աշխատանք է տարվում Հայանիստ համայնքում իրականացված 40 հա հողերի ձկնաբուծարանների հետադարձ ջրերով ոռոգման պիլոտային ծրագրի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ:

Գյուղացիական տնտեսություններին ներկայացվել են գյուղտեխնիկայի ձեռքբերման նպատակով պետության կողմից իրականացվող նպատակային սուբսիդավորման ծրագրերը. Արդյունքում, 2017 թ. հոկտեմբերի դրությամբ, մարզի Այնթափ, Վանաշեն, Ուրցաձոր, Սուրենավան, Հովտաշատ, Ազատավան համայնքների կողմից ձեռք է բերվել 10 միավոր գյուղատնտեսական տեխնիկա:

Գյուղատնտեսության զարգացումը խթանելու նպատակով մասնավոր ընկերությունների կողմից մարզի մի շարք համայնքներում իրականացվում են շուրջ 5000 քմ նոր ջերմոցային տնտեսությունների (լոլիկի և վարունգի արտադրություն) և 3500 քմ ինտենսիվ այգիների կառուցման աշխատանքներ: 

Խոսելով ներդրումային ծրագրերի մասին՝ Արարատի մարզպետը նշել է, որ ներդրումների ընդհանուր ծավալը մարզում կազմում է 72 միլիարդ դրամ՝ և´ պետական ծրագրերով, և´ դոնոր կազմակերպությունների, և´ մասնավոր հատվածի կողմից: Մինչև տարեվերջ ներդրումները լիարժեք տեսանելի կլինեն, և արդյունքում աշխատատեղերի թիվը կավելանա 600-700-ով: Արամայիս Գրիգորյանի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ ներդրումների աճ է արձանագրվել՝ մոտավորապես 60 մլրդ դրամի չափով:

Ամենախոշորը Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ներդրումային ծրագիրն է, որի իրականացման արդյունքում ինքնահոս համակարգով լիարժեք կոռոգվի 4 հա տարածք, և գյուղացիական տնտեսությունները խնդիր չեն ունենա:

Ոռոգման ջրի պահանջարկը բավարարելու և գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքը նվազեցնելու նպատակով կառուցվում է նաև Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգը, որը 12 համայնքի ոռոգման ջրի մեխանիկական համակարգը կփոխարինի ինքնահոսով՝ խնայելով 436 մլն դրամի էլեկտրաէներգիա և 24 մլն դրամ պոմպակայանի շահագործման ծախսեր՝ ոռոգելով 1300 հա հողատարածք՝ նախկին 854 հա փոխարեն: 

Ըստ վարչապետի հանձնարարականի՝ մարզպետի կողմից հստակ աշխատանքներ են կատարվել մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ. Արարատի մարզը պետական բյուջեի մեջ սեփական եկամուտները 20 տոկոսով ավելացնելու պարտավորություն է վերցրել, բայց 2017 թ. առաջին 10 ամսվա արդյունքներով աճը կազմել է 23.5 տոկոս: Արամայիս Գրիգորյանը նշել է, որ հաշվի առնելով այս տեմպը՝ մինչև տարեվերջ մարզը կկարողանա գերակատարել սեփական եկամուտների կատարողականը:

Անդրադառնալով աղբահանության ոլորտին՝ Արամայիս Գրիգորյանը նշել է, որ մարզի համայնքներում առկա 260-ից աղբավայրերից մնացել է 19 խոշոր աղբավայր, հաշվառված 3500 իրավաբանական անձանցից պայմանագիր է կնքվել 2000-ի հետ, և աշխատանքները շարունակական ընթացք են կրում: Վարչապետը, նշելով դրական առաջընթացը, այդուհանդերձ, արդյունքները բավարար չի համարել, և որոշվել է կարճ ժամանակ անց կրկին անդրադառնալ այդ հարցին: 

Մարզպետը նշել է, որ Արարատի մարզու զբոսաշրջությունը խթանելու նպատակով ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից իրականացվելու է Խոր Վիրապի վանքի հարևանությամբ դիտահարթակի և այցելուների զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի կառուցման ներդրումային ծրագիրը: 2017 թ. տարեկան աշխատանքային ծրագրով իրականացվում են նաև մարքեթինգի և զբոսաշրջային հնարավորությունների ներկայացմանն ուղղված միջոցառումներ: