կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-19 19:12
Մշակույթ

«Աուդիովիզուալ գիդի» մեկնարկը՝ Փարաջանովի թանգարանից

«Աուդիովիզուալ գիդի» մեկնարկը՝ Փարաջանովի թանգարանից

 Սմարթֆոններում ներբեռնելով Yerevanmuseums բազմալեզու հավելվածը, արդեն հնարավոր է ճամփորդել մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող երեք թանգարաններում՝ Սերգեյ Փարաջանովի, Մարտիրոս Սարյանի և Արամ Խաչատրյանի: Հավելվածի շնորհանդեսն այսօր Փարաջանովի թանգարանում էր, որտեղ մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանն ասաց.

«Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» միջոցառման առիթով մենք որոշեցինք մատուցել լավագույն նվերը. ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով մեր թանգարանների տեղեկատվական նյութն այսուհետ 10 լեզուներով հասանելի է Հայաստան այցելած զբոսաշրջիկներին և ոչ միայն: Թանգարանային գործում սա քայլ առաջ է. ոչ միայն աուդիովիզուալ վիրտուալ թարգմանիչ է, այլև մշտական կապ՝ երբևէ թանգարան այցելած զբոսաշրջիկի հետ։ Որովետև բջջային հավելվածը՝ մնալով այցելուի հեռախոսի մեջ, նրան նոր տեղեկություններ կհաղորդի թանգարանի մասին»,-ապա նախարարը երախտագիտությունը հայտնեց Հայաստանում Չինաստանի դեսպանությանը, որի ֆինանսական օժանդակությամբ է իրականացվում 25 հազար դոլար արժողությամբ այս նախագիծը:

Արմեն Ամիրյանը նկատեց, որ սա Չինաստանի դեսպանության աջակցությամբ իրականացվող արդեն երկրորդ խոշոր նախագծի շնորհանդեսն է վերջին մեկ շաբաթվա ընթացքում:
«Երկու օր առաջ տեղի ունեցավ շարժական չորս կինոթատրոնների շնորհանդեսը, որոնք ևս ձեռք են բերվել Չինաստանի դեսպանության օժանդակությամբ»,- հիշեցրեց նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը:
Անդրադառնալով «Աուդիովիզուալ գիդ» ծրագրային հավելվածին, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էռլունն ասաց, որ նախարարի պաշտոնակատար Ամիրյանի առաջարկությունն ընդունել են մեծ սիրով, և շատ զարմացած է, որ նախագիծը հնարավոր եղավ կյանքի կոչել բավական սեղմ ժամկետում: Դեսպանը համոզված է, որ դա պայմանավորված էր նախարարության մեծ խանդավառությամբ:

«Մյուս կողմից՝ դա վկայում է այն մասին, որ ՏՏ ոլորտը Հայաստանում իսկապես կայացել է: Վերջերս ես մեծ ուրախությամբ հայտնաբերեցի, որ տարվա առաջին կիսամյակի տվյալներով Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվով չինացիները զբաղեցնում են երրորդ պատվավոր հորիզոնականը՝ Իրանից և Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներից հետո, իհարկե, շատ մեծ տարբերությամբ: Ես կարծում եմ, որ այս ծրագիրը, որը տեղեկատվության հասանելիությունն ապահովում է նաև չինարեն, կնպաստի դեպի Հայաստան չինացի զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը, և նրանք ավելին կիմանան այս երկրի հարուստ մշակույթի մասին»:

Թյան Էռլունը հավելեց, որ Հայաստանում Չինաստանի դեսպանությունն իր պարտքն է համարում նպաստել երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդմանը: Այս տրամաբանությամբ հետագայում ևս շարունակելու են խիստ արդյունավետ համագործակցությունը Հայաստանի մշակույթի նախարարության հետ՝ «ի դեմս շատ հարգելի նախարարի», ընդգծեց դեսպանը:

ՀՀ մշակույթի նախարարության պատվերով ծրագիրն իրականացնում է Technology & Science Dynamics ընկերությունը: Ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանի խոսքով, այսօր կրկնակի տոն է.
«Մենք նշում ենք ոչ միայն հայ-չինական հերթական հաջողված համագործակցությունը, այլև արվեստի ու ժամանակակից տեխնոլոգիաների համագործակցությունը: Մեր աշխատանքի արդյունքը մեծ չէ, բայց ունի բովանդակային մեծ նշանակություն: 21-րդ դարում, խոսելով արվեստի մասին, հիշում ենք պայծառ անուններ, իսկ խոսելով տեխնոլոգիաների մասին, առաջին հերթին պատկերացնում ենք «խելացի հեռախոսներ»: Այս հավելվածը հնարավորություն է տալիս ծանոթանալու Հայաստանի հոգևոր հարստությանը՝ աշխարհի 10 լեզուներով»,- ասաց ընկերության տնօրենը:

Ծրագրային հավելվածը մինչև տարեվերջ կներդրվի նաև Ազգային պատկերասրահում, Հայաստանի պատմության, Հովհաննես Թումանյանի, Ժողստեղծագործության թանգարաններում։
«Աուդիովիզուալ գիդ» ծրագրային հավելվածի ստեղծման դրամաշնորհի պայմանագիրը 2016թ. նոյեմբերին ստորագրվել է մշակույթի նախարարության, Հայաստանում Չինաստանի դեսպանատան, Հայաստանի պատմության թանգարանի և Technology & Science Dynamics ընկերության միջև: