| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հունվարի 29-ի գիշերը Կահիրեի թանգարանից գողացված պատմական անգին ցուցանմուշներն անհնար է վաճառել թանգարանների կամ անհատական հավաքածուների տերերի. «Ալ Արաբիա» արբանյակային հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Եգիպտոսի հնությունների հարցերով պետնախարար Զահի Հավասը:
Կահիրեի աշխարհահռչակ թանգարանում կատարված գույքագրումից հետո պարզ է դարձել, որ անկարգությունների ժամանակ գողացվել է չափազանց արժեքավոր 8 ցուցանմուշ:
Ըստ Հավասի` դրանք այնքան հայտնի են բոլոր մասնագետներին, որ գաղտնի դուրս բերվել Եգիպտոսից կամ որեւէ այլ երկիր ներմուծվել չեն կարող:
Նրա կարծիքով` գողություն անողները չեն գիտակցել, թե ինչ արժեքավոր հնագիտական իրեր են տանում. նրանք պարզապես ոսկի են փնտրել: «Ես չեմ զարմանա, որ ցուցանմուշները շուտով հայտնաբերվեն թանգարանի մոտակայքում, նույնիսկ` հենց թանգարանում. հանցագործները, համոզվելով, որ դրանցում ոսկու քանակը չնչին է, հնարավոր է` դեն են նետել դրանք»,- ասել է պետնախարարը:
Գողացված ցուցանմուշների թվում Թութանհամոնի ոսկեզօծված փայտե արձաններն են, նաեւ Էխնաթոնի 35 սանտիմետրանոց արձանիկը: Թանգարան մուտք գործած բարբարոսները վնասել են մոտ 70 արժեքավոր ցուցանմուշներ. դրանք վերականգնվում են:
Ներկայումս գողության համար Կահիրեի թանգարան մուտք գործելու մեղադրանքով ձերբակալված է 9 մարդ: Նրանք պահվում են զինվորական բանտում: