կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-18 20:59
Առանց Կատեգորիա

Սերժ Սարգսյանի անակնկալը

Սերժ Սարգսյանի անակնկալը

Նորընտիր 6-րդ գումարման Ազգային ժողովն այսօր սկսեց իր գործունեությունը: Փաստորեն, սա խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հիմնական քայլն էր: 2015թ. զգալիորեն փոփոխված Սահմանադրությամբ` նոր խորհրդարանը դե յուրե վերածվում է քաղաքական իշխանության հիմնական մարմնի, որը 2018թ. ընտրելու է հանրապետության նախագահին, որն իրավունք է ստանում ձևավորելու պետական մարմիններ, նշանակումներ կատարելու առանցքային այնպիսի պաշտոններում, ինչպիսիք են Սահմանադրական դատարանի դատավորները, Վերահսկիչից հաշվեքննիչ դարձող պալատը, Կենտրոնական բանկի ղեկավար կազմը, ՀՀ գլխավոր դատախազը և այլն: Լիարժեքորեն ԱԺ-ին է վերապահվում նաև վարչապետի նշանակումը:

Այս խորհրդարանի հիմնական խնդիրը լինելու է ամբողջ օրենսդրական դաշտը, կառուցակարգերն ու պետական կառավարման ինստիտուտները նորացված Սահմանադրությանը համապատասխանեցնելը: Եվ ինչ-որ իմաստով 6-րդ գումարման խորհրդարանը լինելու է անցումային: Այնքանով, որքանով ԱԺ-ն լիարժեքորեն կիրացնի իրեն վերապահված բոլոր գործառույթները, իրեն կդրսևորի որպես հիմնական քաղաքական որոշումներն ընդունող առանցքային, լոկոմոտիվային մարմին, այնքանով անցումը խորհրդարանական կառավարմանը կլինի սահուն և ներդաշնակ:

Նորընտիր խորհրդարանի առաջին նիստի բացմանն ունեցած ելույթում հենց սրա վրա շեշտադրում կատարեց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նա զարգացրեց այն գաղափարը, որ մայիսի  18-ով սկսվում է ոչ միայն նոր խորհրդարանի գործունեությունը, այլև երկիրը տեղափոխվում է բոլորովին այլ` առաջանցիկ զարգացման ռելսերի վրա: Նրա ելույթն անսպասելի ծրագրային էր՝ երկրի զարգացման առավել երկարաժամկետ տեսլականով, սոցիալ-տնտեսական չափազանց հավակնոտ և կոնկրետ նպատակների, ցուցանիշների ամրագրումներով: Այդ ելույթը առավել հանգամանալից վերլուծելու առիթ դեռ կլինի: Սակայն տեղի ունեցող կառավարման համակարգի մոդելային փոփոխության ֆոնին կարելի է առանձնացնել դրա մի քանի առանցքային` երևացող ու չերևացող ուղերձներ:

Նախ՝ ուշագրավ է, որ նախագահը ծրագրային ելույթ ունեցավ ոչ միայն նորընտիր ԱԺ-ի մեկնարկի, այլև, Սահմանադրության ուժով, կառավարության հրաժարականի ֆոնին: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում կձևավորվի նոր կառավարություն, և ինչպես հայտնի էր վաղուց, առկա է գործող վարչապետին վերանշանակելու և նրա շուրջը նոր կաբինետ ձևավորելու քաղաքական որոշում, որն, ամենայն հավանականությամբ, կիրականացվի, եթե արտառոց պրոցեսներ չզարգանան: Այս տեսանկյունից նախագահն իր ծրագրային ելույթով կարծես գծագրեց նոր կառավարության նոր ծրագրի շրջանակը՝ թե' առաջնահերթությունների սահմանման, թե' հավակնոտ ու հեռանկարային նպատակներ առաջադրելու իմաստով: Անցած տարվա հոկտեմբերին Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած ծրագիրը կառուցված էր առավելապես կարճաժամկետ հեռանկարի վրա, թեև վարչապետը խոստանում էր ընտրություններից հետո ավելի երկարաժամկետ ծրագիր ներկայացնել: Սերժ Սարգսյանը փաստացի նկարագրեց, թե ինչ հիմնակմախքի վրա պետք է կառուցվի այդ ծրագիրը: Ընդ որում՝ ուշագրավ է, որ նրա ելույթն իր կոնկրետությամբ ու թիրախավորվածությամբ տարբերվում է թե՛ նրա նախորդ բոլոր նմանատիպ ելույթներից և թե՛ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրից, որտեղ առավելապես իրավիճակի վերլուծությունից բխող ոլորտային միջոցառումներն են նկարագրված:

Որևէ կասկած չկա, որ առավելապես հենց նախագահի այս ելույթն է գծագրելու առաջիկայում թե' խորհրդարանում և թե' կառավարությունում քաղաքական մեծամասնության գործունեության ուղեծիրը: Այն, ի դեպ, պարունակում է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրի բոլոր առաջնահերթությունները: Ահա, թե ինչու է նա իր ելույթում ընդգծում. «Խիստ կարևորում եմ այնպիսի երկարաժամկետ նպատակային տնտեսական ցուցանիշների ամրագրումը, որոնց իրագործելը Հայաստանի կառավարությունների համար կլինի ոչ միայն պարտավորություն, այլև պատվի և արժանապատվության հարց»:

Իսկ նոր կառավարության և քաղաքական մեծամասնության առջև դրվող խնդիրներն իսկապես հավակնոտ են և ընդգրկում են առաջիկա 25 տարիները: Մասնավորապես՝ 2016-2040 թվականների ընթացքում ՀՆԱ-ի միջինը տարեկան մոտ 5 տոկոս  աճի ապահովում, մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը 2040-ին հասցնել մոտ 15000 ԱՄՆ դոլարի, առաջիկա 4-5 տարիներին գործարարությամբ զբաղվելու` «Դուինգ բիզնեսի» վարկանիշով առաջադիմում մինչև առաջին 20-յակը, առաջիկա 5 տարիների ընթացքում ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալները հասցնել մինչև ՀՆԱ 40-45 տոկոսի, իսկ մինչև 2040-ը՝  մինչև ՀՆԱ 50-55 տոկոսի, աղքատության ցուցանիշն առաջիկա 5 տարում նվազեցնել մինչև 18 տոկոսի, իսկ 2040 թվականին՝ 7-8 տոկոսի, նվազագույն աշխատավարձը մինչև 2022 թվականը, աղքատության վերին շեմի համեմատ, հասցնել 190, իսկ 2040-ին՝ 300 տոկոսի, արտագաղթի դադարեցման, ծնելիության բարձրացման, ներգաղթի ապահովման միջոցով 2040 թվականին բնակչության թիվը հասցնել 4 միլիոնի:

Նման ցուցանիշների ամրագրումը ցանկացած կառավարությունից ահռելի ջանքեր է պահանջելու: Քանի որ խորհրդարանը լիարժեք պատասխանատվություն է կրելու նաև վարչապետի և կառավարության գործունեության համար, ապա  ներկայացված ցուցանիշների ապահովման առումով անհամեմատ բարձրացնում է նաև վերջինիս քաղաքական պատասխանատվության աստիճանը:

Նախկինում ևս հավակնոտ նախագծերի մասին հայտարարություններ են արվել: Եվ վաղուց արդեն բոլորին առավելապես հետաքրքրում է այն, թե որքանո՞վ դրանք իրականում կռեալիզացվեն:

Գևորգ Դարբինյան