կարևոր
1171 դիտում, 6 ժամ առաջ - 2025-06-18 13:07
Հասարակություն

Եվս մեկ քրեական գործ Ցեղասպանություն բառի համար. թուրք լրագրող Թուղչե Յըլմազը դատվում է քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով

Եվս մեկ քրեական գործ Ցեղասպանություն բառի համար. թուրք լրագրող Թուղչե Յըլմազը դատվում է քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով

Ըլգազ Գյոքըրմաքլը

Լրագրող Թուղչե Յըլմազը ձերբակալվել է անցյալ շաբաթ Քադըքյոյում քրեական գործերի հետազոտման ժամանակ, և պարզվել է, որ նրա դեմ գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ երկու երիտասարդների հետ Հայոց ցեղասպանության մասին հարցազրույցի պատճառով։ Ցուցմունք տալուց հետո ազատ արձակված Յըլմազը և նրա փաստաբան Դենիզ Յազգանը «Ակօս»-ին պարզաբանել են գործը։ Յազգանը նշել է, որ մտահոգված է 301-րդ հոդվածի՝ կրկին օրակարգում հայտնվելու համար, մինչդեռ Յըլմազն ասել է. «Ես լրագրող եմ։ Իմ ռեպորտաժում փորձել եմ համատեղել պատմական իրադարձությունը՝ հայ ժողովրդի ցավն ու սուգը, այսօրվա երիտասարդության հիշողության հետ»։

«Բիանեթ»-ի խմբագիր Թուղչե Յըլմազը հունիսի 3-ի երեկոյան ժամերին ոստիկանության կողմից տարվել է Քադըքյոյի նավահանգստի ոստիկանական բաժանմունք՝ ընդհանուր տեղեկատվական ստուգման՝ ցուցմունք տալու համար։ Նշվել է, որ լրագրող Յըլմազը ենթարկվելու է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության։ Այնուամենայնիվ, Յըլմազի փաստաբանին թույլ չեն տվել ծանոթանալ գործի բովանդակությանը։ Ոստիկանությունում գիշերն անցկացրած Յըլմազը հաջորդ օրը՝ կեսօրին, դատարանում իմացել է, որ իր ձերբակալման պատճառը 2024 թ․ ապրիլի 24-ին երկու հայ երիտասարդների հետ ունեցած հարցազրույցն է եղել՝ Հայոց ցեղասպանության և Թուրքիայում հայ լինելու մասին։ Հայտնվել է նաև, որ Յըլմազի դեմ մարտի 18-ին հետաքննություն է սկսվել նրա «Պատմում են թուրքահայ երիտասարդները. 109 տարվա սուգ» վերնագրով հոդվածի պատճառով, որը հրապարակվել է «Բիանեթ»-ում 2024 թ․ ապրիլի 24-ին, և որ գործը երկու օր առաջ ուղարկվել է դատարան ու դարձել դատական հայց։ Յըլմազը նախապես չի տեղեկացվել գործի մասին։

Ներկայացված հայցում նշվում է, որ «Հանրությանը հրահրվել են ատելություն և թշնամանք՝ “Բիանեթ” կայքում 1915 թ․ իրադարձությունների համար ցեղասպանություն տերմինն օգտագործելով, ինչպես նաև նույն լրատվական կայքում իրականացվում է ահաբեկչություն և ահաբեկչական քարոզչություն»։
«Արել եմ այն, ինչ պահանջում է իմ մասնագիտությունը»

Յըլմազը, որը հունիսի 4-ի կեսօրին ցուցմունք է տվել քննիչ դատախազին, ասել է. «Իմ լրատվական հաղորդումը որևէ կապ չունի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հետ։ Իմ մասնագիտությունը պահանջում է դա, և իմ մասնագիտական իրավունքները երաշխավորված են Սահմանադրությամբ։ Ես լրատվական հաղորդումը պատրաստել եմ այս շրջանակներում։ Ես հաղորդման բովանդակության մեջ ներառել եմ միայն հարցազրույց տված մարդկանց հայտարարությունները։ Մտադիր չեմ եղել վիրավորել թուրք ազգին կամ Թուրքիայի Հանրապետությանը։ Ես չեմ ընդունում մեղադրանքները»։

Թուղչե Յըլմազը ազատ է արձակվել Ստամբուլի Չաղլայանի դատարանում դատախազին ցուցմունք տալուց հետո։ Յըլմազը երեքշաբթի, հունիսի 3-ի երեկոյան իր փաստաթղթերի ստուգումը և հետագա կալանքի գործընթացը այսպես է նկարագրել. «Երբ զբոսնում էի Քադըքյոյում, հունիսի 3-ին, մոտավորապես ժամը 20:30-ին, ոստիկանությունը կանգնեցրեց ինձ՝ անձը հաստատող փաստաթղթերի ստուգման համար։ Զարմացա, քանի որ նույնիսկ չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ անձը հաստատող փաստաթղթերի ստուգում անցել։ Հարցաքննությունից հետո նրանք ասացին. «Ձեզ համար ձերբակալման օրդեր կա, դուք պետք է մեզ հետ գաք ոստիկանական բաժանմունք»։ Հետագայում իմացա, որ ինձ նույնականացրել են դեմքի ճանաչման համակարգով։ Ինձ տարան Քադըքյոյի կառամատույցի ոստիկանական բաժանմունք, որտեղ նախորդ օրը ես արդեն ստորագրել էի մեկ այլ գործի համար։ Այնտեղի ոստիկանությունը նույնպես ինձ ճանաչում էր իմ դատական ստուգման շնորհիվ, սակայն դատախազի ցուցումով ես գիշերն անցկացրի կալանքի տակ»։ Յըլմազն ասաց, որ առավոտյան իրեն նախ տարել են Քարթալի Անատոլիական դատարան, ապա՝ Ստամբուլի Չաղլայանի դատարան, նաև ասաց, որ ձերբակալման գործընթացի ընթացքում ոստիկանությունից լսել է, որ «շատ լուրջ հանցագործություն է կատարել»։ Յըլմազը նաև նշեց, որ բողոքը ներկայացվել է Նախագահական հաղորդակցությունների կենտրոնի միջոցով, և ձերբակալման օրդերը տրվել է 2025 թ․ հունիսի 2-ին, բայց իրեն չեն տեղեկացրել։
«Ոչ ոք չպետք է համակերպվի կամայական կալանքներին»

Յըլմազը նշել է, որ կալանքի և հայտարարությունների գործընթացը համակարգված ճնշման մի մասն է, որը թիրախավորում է ոչ միայն իրենց մասնագիտական գործունեությունը, այլև բոլոր լրագրողներին, և ասել է. «Այս գործընթացները, իհարկե, լրագրողներին լռեցնելու և դատական հետապնդման մաս են կազմում։ Մեր լրատվական նյութերից մեկի համար երբեմն «պարգևատրում» են մեկ գիշերով, երբեմն՝ երեք գիշերով կալանքի տակ պահում, երբեմն՝ ձերբակալում։ Հիմա, երբ նոր սահմանադրության վերաբերյալ քննարկումները օրակարգում են, այն փաստը, որ 301-րդ հոդվածը, որը հստակորեն հակասում է մտքի և խոսքի ազատությանը և անցյալում խորը ցավ է թողել մեր սրտերում, դեռևս գործում է, ինքնին հակաժողովրդավարական վերաբերմունք է։ Ես լրագրող եմ։ Իմ լրատվական նյութում փորձել եմ համատեղել պատմական իրադարձությունը՝ հայ ժողովրդի ցավն ու սուգը, այսօրվա երիտասարդության հիշողության հետ։ Ես ոչ մեկին չեմ նվաստացրել իմ մասնագիտության և աշխարհայացքի պատճառով, բայց կրկին իմ մասնագիտության և աշխարհայացքի շնորհիվ ես չեմ խուսափել իրերը իրենց անուններով կոչելուց։ Հետևյալն եմ ուզում ընդգծել իմ և իմ գործընկերների անունից․ ոչ ոք չպետք է ենթարկվի կամայականության։ Լրագրողները չպետք է որևէ կերպ համակերպվեն կալանքի ենթարկվելուն։ Որովհետև այս դագանակը մեզ համար մեծ ճնշման գործիք է ու խոշտանգում»։
 

Անգամ չի ծանուցվել

Փաստաբան Դենիզ Յազգանը «Ակօս»-ին բացատրել է Թուղչե Յըլմազի կալանքի գործընթացը, նշելով, որ գործընթացը հակասում է և՛ ընթացակարգին, և՛ մարդու իրավունքներին։ Յազգանը հայտնել է. «Քանի որ ձերբակալության պատճառը կոնկրետ չի նշվել, և գործին ծանոթանալու հնարավորություն չի տրամադրվել, խաթարվել է ինչպես ձերբակալությանն առարկելու իրավունքը, այնպես էլ կալանքի տակ գտնվելու ընթացքում ապացույցներ հավաքելու և պաշտպանություն պատրաստելու հնարավորությունը»։ Յազգանը նշել է, որ իրենք նույնիսկ չեն կարողացել իմանալ, թե իր պաշտպանյալի գործը որ դատարանում է քննվում կամ գործի նույնականացուցիչը, և հավելել է. «Քր․ դատ․ օրենսգրքի 100/4 հոդվածի համաձայն՝ կալանքի ենթարկելն արգելվում է երկու տարուց ոչ ավելի ազատազրկմամբ պատժվող հանցագործությունների համար»։ Նույն հոդվածին հղում անելով՝ Յազգանն ասել է. «Համաձայն քր․ դատ․ օրենսգրքի 100/4 հոդվածի՝ արգելվում է ձերբակալել այն հանցագործությունների համար, որոնց համար նախատեսված է մինչև երկու տարի ազատազրկում», և հավելել. «Եթե ձերբակալությունն արգելված է, և անձի բնակության վայրը հայտնի է, ինչո՞ւ է տրվում կալանքի որոշում։ Իմ պաշտպանյալը չպետք է գիշերեր այն ոստիկանական բաժանմունքում, որտեղ նա ստորագրություն է տվել նախորդ օրը, և չնայած այն ոստիկանական բաժանմունքում, որտեղ նա ստորագրել է, տեղյակ էին գործի մասին, պատշաճ ծանուցում չէր արվել»։
 

Դարձյալ 301-րդ հոդվածը

Փաստաբան Յազգանը նաև խոսել է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի մասին. «Չնայած մեղադրողը պետք է հեռանար գործից մեղադրական եզրակացությունը պատրաստելուց հետո, մենք ականատես եղանք, որ նա ցուցմունքներ վերցրեց մեղադրական եզրակացությունը պատրաստելուց հետո։ Այն փաստը, որ հանցագործության մասին կարծիքը ստացվում է նույնիսկ մեղադրյալի ցուցմունքը չվերցնելով, առանձին ընթացակարգային խնդիր է, և այն փաստը, որ դատախազը միջանկյալ փուլում կրկին մտնում է գործի մեջ, առանձին հարց է։ Ոչ միայն որպես փաստաբան, այլև որպես մարդու իրավունքների պաշտպան, մենք մտահոգությամբ ենք հետևում Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի վերստին ի հայտ գալուն»։ Յազգանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ՄԻԵԴ որոշումները հստակ էին, և նշեց հետևյալը. «բոլոր իրավաբաններին, ովքեր դեմքով շրջվել են մարդու իրավունքների պաշտպանությանը, հայտնի է, որ «Հայոց ցեղասպանություն» հասկացության օգտագործումը չի կարող արգելվել Կոնվենցիայի համատեքստում՝ ՄԻԵԴ-ի հստակ նախադեպերի առկայության պայմաններում։ Չնայած «Աքչամն ընդդեմ Թուրքիայի» գործով որոշումը հստակ է, հասկանալի է, որ հետաքննություն է սկսվել՝ առանց կիրառվող կանոնում նախատեսված տարրերը քննարկելու, նույնիսկ եթե այս պայմաններից ոչ մեկը առկա չէր։ Նաև պարզ է, որ ՄԻԵԴ որոշումներով սահմանված խոսքի ազատության իրավունքի իրացումից հետո լրագրողի դեմ հայց ներկայացնելը կունենա ուղղակի զսպող ազդեցություն և կստեղծի խոսքի ազատության երկրորդային խախտում»։
 

Դատարանները նախկինում որոշում են կայացրել. Ցեղասպանության սահմանումը հանցագործություն չէ

Թուրքիայի դատարաններում կան նախադեպեր, որոնք նախկինում որոշել են, որ Հայոց ցեղասպանության սահմանումը հանցագործություն չէ։ Օրինակ՝ 2024 թ․ հուլիսի 2-ին լրագրողներ Հալուք Քալաֆաթը և Էլիֆ Աքգյուլը արդարացվեցին այն գործով, որով նրանք դատվում էին «թուրք ազգին հրապարակայնորեն վիրավորելու (Թուրքիայի ՔՕ 301/1) մեղադրանքով, որը վերաբերում էր “Բիանեթ”-ում 2015, 2018 և 2019 թթ․ հրապարակված վեց լրատվական հոդվածներին։
2018 թ․ Մարդու իրավունքների ասոցիացիայի երեք անդամներ ձերբակալվեցին ապրիլի 24-ին չարտոնված մամուլի հաղորդագրության ժամանակ Հայոց ցեղասպանությունը հիշատակող պաստառներ կրելու համար։ Դատախազությունը որոշեց չհետապնդել և հայտարարեց, որ «ցեղասպանություն» բառը պետք է դիտարկվի մտքի ազատության շրջանակներում։ Մեկ այլ օրինակ. Դիարբեքիրի փաստաբանական ասոցիացիան 2017 թ․ ապրիլի 24-ին մամուլի հաղորդագրություններ հրապարակեց՝ «Ապրիլի 24/Մեծ աղետ. կիսում ենք հայ ժողովրդի ցավը» և 2018 թ․ ապրիլի 24-ին՝ «Կիսում ենք հայ ժողովրդի հարատև ցավը» վերնագրերով։ Դատական հայց է ներկայացվել փաստաբանական ասոցիացիայի տնօրենների խորհրդի 10 անդամների, այդ թվում՝ փաստաբանական ասոցիացիայի այն ժամանակվա նախագահ Ահմեթ Օզմենի և հետագայում փաստաբանական ասոցիացիայի նախագահ Նահիթ Էրենի դեմ՝ հայտարարություններում «ցեղասպանություն» տերմինն օգտագործելու համար։ Պաշտպանական ճառերից հետո դատարանը որոշեց արդարացնել բոլոր մեղադրյալներին՝ այն հիմքով, որ հանցագործության իրավական տարրերը չեն բավարարվել։ Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի դեմ նախկինում դատական հայց էր ներկայացվել՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա հայտարարությունների պատճառով, և կայացվել էին արդարացման վճիռներ։
 

https://www.agos.com.tr/tr/yazi/33855/bir-soykirim-dedin-davasi-daha-gazeteci-tugce-yilmaz-tck-301-den-yargilaniyor
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
www.akunq.net