կարևոր
586 դիտում, 7 ժամ առաջ - 2025-06-18 13:05
Հասարակություն

Եկեղեցու դեմ արշավը համաքայլ է թշնամական երկրի հռետորաբանությանը․ Փաշինյան, դուք նույնիսկ հոգեպես եք կապիտուլյացված. Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը՝ բյուջեի 2024թ․ կատարողականի վերաբերյալ ներկայացնում ենք ստորև։

Աշխարհաքաղաքական բարդագույն զարգացումների համատեքստում, երբ բալիստիկ հռթիռներն ամենաուղիղ իմաստով թռնում են մեր գլխավերեվով, երբ միջուկային պատերազմն ավելի քան հավանականական է ու Հայաստանի անվտանգությունը զրոյական,  ՀՀ իշխանությունները ներքին պատերազմ են հայտարարել Հայաստանյայց առաքելական  սուրբ եկեղեցուն  և հայ ժողովրդին։   Այո, սեփական ժողովրդին, որովհետև  եկեղեցին ինքը հայ ժողովուրդն է։

Եթե այս դահլիճում կա մեկը, ով սա չի գիտակցում, շատ վատ է, բայց ողբերգականն էլ հենց այն է, որ մեր հավաքական ինքնությանն ու  խորքային հիմքերին հասցվող հարվածները ծրագրային են և թիրախավորված։

Որքան էլ ձգտեք ներկայացնել, հայ առաքելական եկեղեցին շարքային կրոնական կազմակերպություն չէ:

Նրա բացառիկ դերակատարությունը լավագույնս արտացոլված է Սահմանադրության  18-րդ հոդվածում․ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»:

Առանձին 17 հոդվածով ամրագրված է նաև եկեղեցու և պետության տարանջատվածությունը։

Եվ, այնունամենայնիվ, մեր աչքի առջև եկեղեցին հայտվել է հերետիկոսական հարձակման թիրախում, և հատկապես այն պահին, երբ երկիրը թաղված է  սոցիալական, տնտեսական և բարոյական խորը ճգնաժամի մեջ, երբ համատարած խայտառակ ձախողումներ են, տարածքային զիջումներ և նոր պատերազմի սպառնալիք։

Միամտություն կլինի ենթադրելը, թե կատարվողը  հերթական անհավասարակշիռ պոռթկում է, ոչ նորմատիվ վարք  կամ՝  երկրի տնտեսական, դիվանագիտական և քաղաքական  ֆիասկոից ուշադրություն շեղելու քայլ։

Փաստերի  պարզ համադրումից ակնհայտ է  դառնում, թե եկեղեցու նկատմամբ  արշավը  որքան համաքայլ է  թշնամական երկրի հոգևոր և քաղաքական առաջնորդների ագրեսիվ  հռետորաբանությանը,   Էջմիածնի պատմական ակունքները կասկածի տակ դնող անբարո հայտարարություններին և Հայաստանի պարտված իշխանություններին ամենօրյա ռեժիմով  պահանջներ պարտադրելուն։

Նույնքան էլ ակնհայտ է, որ վարչախմբի՝ Արցախի հարցը փակված համարելուն,   գերիների նկատմամբ անտարբերության, Բաքվում ընթացող դատավարությունների շուրջ քար լռության, իրական և պատմական  Հայաստանների մասին ապազգային  հայտարարություների ֆոնին՝ ինչ  հոգեխանգարմունք պիտի առաջացներ միջազգային հարթակներում Արցախահայության իրավունքների, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության,  հայ գերիների վերաբերյալ եկեղեցու կամ քաղաքական ընդդիմադիր շրջանակների դիսկուրսը։

Հակադրությունն ավելի քան ակնհայտ է և նույքան էլ նվաստացնող։  Բայց սա բոլորը չէ։

Այսպես կոչված հետհեղափոխական էյֆորեան և սպասումները զրոյացել են, փաշինյանի և թիմի խոստումներն ու հայտարարությունները սուտ էին և պոպուլիստական։ Իսկ քաղաքական մեծամասնության ակտիվում կառավարման յոթը տարիների աղետալի  հետագիծն է, ցեղասպանության ենթարկված Արցախով և անհաղթահարելի  անվտանգային մարտահրավերներով։

Դուք նաև գիտեք, որ համատարած կոլապսի, խորացող հուսահատության, ներազգային պառակտվածության և հեղինակությունների կորստի ֆոնին Հայ Առաքելական եկեղեցին շարունակում է լինել ամենաբարձր վստահություն ունեցող  ազգային ինստիտուտը։

Հենց այս, նաև Բաքվին տված խոստումների և հավատարմության համատեքստում էլ տեղավորվում է Հայ առաքելական եկեղեցու թիրախավորումը։

Եթե Բաքվի պահանջով կարելի է Սահմանադրություն փոխել, ինչո՞ւ չի կարելի նույնն անել եկեղեցու հանդեպ: Ազգային արժանապատվության  յուրաքանրյուր դրսևորում ձեր ու Ադրբեջանի համար սպառնալիք է: Դուք նաև հոգեպես եք կապիտուլացված:

Երեկ վոլյունտարիզմի ու  անհավասարակշիռ հրահանգների հարթակը  Սամվել Կարապետյանի բակ էր տեղափոխվել, իսկ հայհոյանքների  հրավառությունը Փաշինյան ֆեյսբուքյան  էջ․․․․

Եվ ողջ քաղաքական թիմում, նաև իրավապահ մարմիններում՝ ԱԱԾ, Դատախազություն և այլն, չկա մեկը, ով  կսաստի այս հակասահմանադրական և հակապետական ընթացքը, գիտակցի, թե ինչ կարմիր գծեր են հատվում և պառակտումի այս հերթական քայլը ինչ աղետաբեր է մանավանդ այս օրերին:

Պարզապես անմեղսունակ պետք է լինել՝ չհասկանալու, որ հերթական պառակտման և ստեղծված մի մթնոլորտի միակ  շահառուն Ադրբեջանն է։

Այն, որ կատարվողը մեր հասարակության հիմքերի տրանսֆորմացիա է, չի թաքցնում նաև Փաշինյանը։

“Իրական Հայաստան է” այդ կոնցեպտի անունը։  Նոր չակերտավոր մեսիա՝ քողարկված է կրթության նորաձևության դրոշի տակ, որն իրականում  Փաշինյանի պարտությունների և արժեհամակարգի պրոյեկցիան է:

Եվ ինչ է պարզվում՝  «կրթությունը նորաձև է»  նախընտրական քաստինգն  իրականացվում  է ՀՀ բյուջեի հաշվին։ Այն ներառվել է պետական գաղտնիք պարունակող գնումների ցանկում և վերջինիս վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։ Բնականաբար, հերոս հարկատուն իրավունք ունի հարցնելու, թե ինչու պիտի  «Իմ քայլը» հիմնադրամի ծրագիրը ֆինանսավորվի իր միջոցներով։ Եվ մի՞թե սա կոռուպցիա կամ նեպոտիզմ չէ:

Հիմա իրական կրթության մասին․ մի ոլորտ, որը ներկայացվում է  որպես  կառավարության բարեփոխումների  առաջամարտիկ։

Ստիպված եմ թվեր կրկնել, որովհետև քպ որոշ պատգամավորներ դեռ շարունակում են դիտավորյալ մոլորեցնել հանրությանը, թե դաշնակցական նախարարի ժամանակ  գեթ մեկ դպրոց չի կառուցվել:

Կրկին բարձրաձայնեմ, որ  5 տարում 300 դպրոց և 500 մանկապարտեզ  պոպուլիստական և ոչ իրատեսական միֆը կառավարության բազմաթիվ խոստումների պես պայթել է:

2021-2024 թվականների  շահագործման է հանձնվել ընդամենը 40 դպրոց։  Արդեն երրորդ տարին անընդմեջ ԿԳՄՍ ոլորտի կապիտալ ծախսերի կատարողականը 40%-ի շրջանակում է:

Երևանում նախադպրոցական ուսումնական հաստատությունների կառուցման և հիմնանորոգման աշխատանքները  կատարվել են 11%-ով, իսկ կատարման խայտառակ որակի և կոռուպցիոն ռիսկերի մասին  տեսանյութերով ողողված է համացանցը:

Այսպես՝ Անկախությունից մինչև 2021թվականը Հայաստանում շահագործման է հանձնվել 295 դպրոց, որոնցից 108-ը Լ. Մկրտչյանի նախարարության 7 տարիներին, Ռ. Քոչարյանի նախագահության շրջանում:

Բուհերի քաղաքականացվածության և քաղաքական հետապնդումների մասին շատ եմ բարձրաձայնել, այդ թվում կառավարության հովանավորությամբ Բրյուսովի  զավթման օպերացիան կազմակերպելու մասին:

Բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին ներկայացրել եմ օրենքի կոպիտ ոտնահարմամբ և զեղծարարություններով Գյուրջինյանին ռեկտոր նշանակելու փաստը: Զրո հետևողականություն…

Ինչ ունենք, 40-ից ավել որակյալ մասնագետներ են հեռացել կամ հեռացվել բուհից, նախկին ղեկավարության նկատմամբ շինծու դատական գործերը արդարացման վճիռով կասեցվում են, իսկ բուհը պետության միջոցներից միլիոնների հատուցում է  վճարում:

Մամուլում շարունակվում են շրջանառվել, Գյուրջինյանի կոռուպցիոն սկանդալների մասին հրապարակումներ՝ այդ թվում կոլեկտիվի բաց նամակն ուղղված հակակոռուպցիոն կոմիտեին, վերահսկողական մարմիններին: Թե ինչ շահեցին բուհն ու ուսանողը այս քաոսից, դատեք ինքներդ:

Ակադեմիական քաղաք, ևս մի պոպուլիստական և մինչև վերջ չմշակված  ծրագիր: Անվտանգային սպառնալիքով ապրող երկրում պետ միջոցներից  940 մլն․  է հատկացվում  նախագծահետազոտական աշխատանքների վրա, այն դեպքում, երբ բուն կրթության կազմակերպման, բուհերի խոշորացման մշակված-հաշվարկված հայեցակարգեր գոյություն չունի։

ժողովրդավարության խաղաթուղթն էլ է սպառվել: Հայաստանը շարունակում է լինել կիսաազատ երկիր, իսկ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների   բարձրաձայնած բազմաթիվ խնդիրները՝  դատական համակարգի կախվածություն, կոռուպցիայի դեմ պայքարի անարդյունավետություն, կառավարության ծախսերի անվերահսկելիություն, թիմակիցների կոռուպցիոն սկանդալների կոծկում, ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումեր, դատախազական համակարգի քաղաքականացվածությունը վերածվել են խրախուսված քաղաքական մշակույթի:

Ոստիկանների հատուկ ստորաբաժանումների կողմից տասնյակ փաստագրված  խոշտանգումների, արգելված զինտեսակի գործածումն  այդպես էլ քրեական հետապնդման առարկա չդարձան, իսկ  ոստիկանապետը հեզասահ հեռացավ:

Օրերս իշխանությունների կողմից հատուկ խրախուսվող կարմիր բերետավորների կողմից արձանագրվեց հերթական կենդանաբարո վարքը, և, եթե անգամ աշխատանքից հեռացրել են, պարզապես համոզված եմ, որ որևէ հետևություն չի կատարվելու, որովհետև ձերը ոստիկանապետության, ստի, ցինիզմի և բռնության վրա կառուցված երկիր է:

Պրն Փաշինյան, արյան, ատելության և վախի շրջապտույտը չի կարող չավարտվել, ինչպես ամեն մի ռեժիմ:

Եվ, իհարկե, գալու է պատասխան տալու ժամանակը: