կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-22 16:20
Հասարակություն

«Դեմ եմ»-ի անակնկալը` ռեփ կատարում

«Դեմ եմ»-ի անակնկալը` ռեփ կատարում

«Դեմ եմ» շարժման անդամներն այսօր Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի մասնակիցներին ներկայացրեցին իրենց պատրաստած անակնկալը: Վանաձորից ժամանած մի երիտասարդ` Դավիթը, ներկայացրեց իր ստեղծագործությունը` «Դեմ եմ» ռեփ կատարումը:


«Դեմ եմ» շարժման ակտիվիստ Գևորգ Գեորգիսյանը հարթակից խոսեց օրինականության սահմաններում քաղաքացիական անհնազանդությունների շարք սկսելու մասին, եթե ՍԴ-ն սահմանադրական ճանաչի օրենքը` անտեսելով ժողովրդի կամքը: Քաղաքացիական անհնազանդությունը ներառելու է փողոցներ փակելը, կոմունալ վճարումները ուշացնելը, բանկերում դրամը կանխիկացնելը, զանգվածային գործադուլները և այլն:


«Չեմ կարծում, որ կհամարձակվեն մի ամբողջ շենքի կամ թաղամասի լույսը կամ գազը անջատելը, որովհետև ոչ ոք չի հանդգնի մտնել մեղվի փեթակը»,- ասաց շարժման մասնակիցը:

 

«Դեմ եմ» շարժման մեկ այլ անդամ` Դավիթ Մանուկյանը, կոչ ուղղեց Սահմանադրական դատարանին: Նա նշեց, որ ժողովրդի կամքին ենթակա են բոլորը` թե' նախագահը, թե' վարչապետը, ժողովրդի կամքը Սահմանադրությունն է, իսկ ՍԴ-ն ժողովրդի կամքը և արդարադատություն իրականացնողը: Ուստի պահանջում են ՍԴ-ից,  որ  հաստատի ժողովրդի  կամքը և ստիպի այդ կամքին չենթարկվողներին` ենթարկվել ժողովրդի  կամքին:


«Հարգելի' Սահմանադրական դատարան, հավատարիմ մնա քո վեհ կոչմանը, քանի որ չկա ավելի վեհ բան, քան ժողովրդի կամքը հաստատելը: Եթե իջնես քո բարձունքից ու աչք փակես  ժողովրդի  կամքի վրա, ուրեմն դու ես լինելու պատասխանատուն ապագայի օրինական ընդվզումների համար: Միևնույն է, ժողովուրդը  պարտադրելու է իր կամքը»,- ասաց Դավիթ Մանուկյանը:


«Դեմ եմ» շարժման ակտիվիստները հարթակից ողջունեցին  Արագածոտնի մարզի այն խրոխտ գյուղացիներին, ովքեր ոտքի կանգնեցին իրենք իրավունքների պաշտպանության համար: Ողջույնի խոսք հղեցին նաև բոլոր այն աշխատանքային կոլեկտիվներին, որոնք ինքնուրույն  կազմակերպվեցին ու ոտքի կանգնեցին` բողոքելով  պարտադիր բաղադրիչի դեմ, ինչպես նաև բոլոր ազատամարտիկներին, ովքեր նույնպես զորակցել են շարժմանը:


Նշվեց, որ մարտի 28-ին  ՍԴ-ում  ընթացող պրոցեսը ուղիղ եթերով հեռարձակվելու է, որպեսզի  հանրությունը դրա մասնակիցը լինի:


Հանրահավաքի ելույթներից հետո մեկնարկեց երթը, որը կավարտվի կրկին Ազատության հրապարակում: