կարևոր
742 դիտում, 5 ժամ առաջ - 2025-06-18 16:09
Հասարակություն

Եթե վաղը Փաշինյանը մոլի կրոնական դառնա, կսկսեք սաղդ խաչակնքվել ու եկեղեցուց տուն չեք գնա․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ին

Եթե վաղը Փաշինյանը մոլի կրոնական դառնա, կսկսեք սաղդ խաչակնքվել ու եկեղեցուց տուն չեք գնա․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ելույթ ունենալով Ազգային ժողովում պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, խոսեց ոչ միայն բյուջետային խնդիրների, այլև հասարակական ու բարոյական հարցերի մասին։ Նա իր խոսքում անդրադարձավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հնչող քննադատություններին՝ շեշտելով.

«Ես անկեղծ չեմ հասկանում էլի, ձեր խանդավառությունը այդքան վատ, մեղմ ասած, որակումներին, որ տրվում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու սպասավորների նկատմամբ։ Այդ ինչի՞ց եք այդպես ուրախանում, հրճվում»։

Նա նշեց, որ նույնիսկ եթե լինում են հոգևորականներ, որոնք շեղվում են իրենց ուղուց, դա պետական պաշտոնյաների գործը չէ քննադատելու։ Նրա խոսքով՝ եկեղեցիների և հոգևոր կառույցների հասցեին հնչող արտահայտությունները ժամանակի ընթացքում կարող են դառնալ ամոթի պատճառ հաջորդ սերունդների համար։

Պատգամավորը բարձրաձայնեց նաև տնտեսության ու առևտրային ճանապարհների խնդիրների մասին՝ անդրադառնալով իրանական կողմի հետ սահմանային բեռնատարների կուտակումներին.

«Երկու ամիս է չեք կարողանում մի հատ այդ բեռնատարի վարորդների հարցը լուծեք, էկոնոմիկայի նախարարին հարց ենք տալիս, հինգ անգամ տարբեր պատասխաններ է տալիս»։

Դանիելյանը նաև մտահոգություն հայտնեց երկրի տնտեսական վիճակի կապակցությամբ՝ նշելով, որ գյուղատնտեսներն ու արտադրողները տուժում են, իսկ աշխատողները տուն են ուղարկվում։

Պատգամավորը քննադատեց այն, որ ըստ նրա՝ իշխանության կողմից չեն հնչեցվում հարցեր Ադրբեջանի ղեկավարին՝ Ալիևին, օրինակ՝ Բերձորի եկեղեցու քանդման կամ այլ սրբավայրերի ավերման վերաբերյալ։

Նա նշեց, որ ներդրումներ կատարող անձանց, մասնավորապես Սամվել Կարապետյանին, իշխանությունները պատշաճ գնահատական չեն տալիս՝ հավելելով.

«Արցախում ամենաընտիր հիվանդանոցը նա է կառուցել։ Մի հատ չտեսա ձեր ելույթների մեջ ասեք շնորհակալություն»։

Դանիելյանը նաև խոսեց մի շարք դատական և իրավապահ գործընթացների մասին՝ մատնանշելով արդարադատության հետ կապված հարցերը։ Նա բարձրաձայնեց, որ քաղաքական ելույթներից հետո որոշ անձինք կարճ ժամանակում ենթարկվում են քրեական հետապնդման․

«Այդ մարդու խոսալուց հետո այստեղից SMS-ը գնում է ու չի անցնում մի քանի րոպե, այդ մարդը ու՞ր է՝ քրեակատարողական հիմնարկում է»։

Անդրադառնալով նաև կրթության ոլորտին՝ պատգամավորն ասաց․

«Ասում եք երեխեքին ֆեյսբուք չմտնեն, փակել ենք տվել Facebook-ը։ Դրանով ենք կրթո՞ւմ։ Դա՞ է նորաձև կրթությունը»։

Իր ելույթի ավարտին Դանիելյանը խոսեց նաև բյուջետային քննարկման կարևորության, իր կատարած աշխատանքների մասին և շեշտեց, որ պատրաստ է ընդունել նաև դրականն ու շնորհակալություն հայտնել կատարած լավ աշխատանքների համար։ Նա հույս հայտնեց, որ այս ծանր շրջափուլում բոլորը կստանան իմաստություն ու խոհեմություն․

«Մեր աղոթքները տեղ հասնի, բոլորիս իմաստություն տա այս ճակատագրական և ողբերգական ժամանակահատվածում, երբ որ Արցախը կորցրել ենք»- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։