կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-03 15:25
Առանց Կատեգորիա

Կառավարության հերթական անակնկալը

Կառավարության հերթական անակնկալը

2014 թվականի հունվարի 30-ի նիստում, այլ որոշումների կողքին, ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Սեւանա լճի  էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու  նախագիծը: Ազգային ժողովի կողմից կառավարության այս նախագծին օրենքի ուժ հաղորդելու պարագայում  մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը Սեւանա լճից տարեկան բաց կթողնվի մինչեւ  240 մլն խորանարդ մետր ջուր: Ըստ պաշտոնական հիմնավորման` այս ընթացքում կլուծվի Սեւջուր գետի եւ Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդիրը եւ կիրականացվեն առաջնահերթ ջրամբարաշինության միջոցառումներ:

 

Ըստ նույն պաշտոնական տեղեկատվության` վարչապետը որոշման առիթով  ասել է, թե հարցը պետք է պատշաճ ձեւով ներկայացնել  զանգվածային լրատվամիջոցներին. «Սա նուրբ թեմա է եւ հասկանալի է, որ հետաքրքրելու է բազմաթիվ հասարակական կազմակերպությունների: Անհրաժեշտ է մանրակրկիտ այդ ամենը բացատրել»:

 

Վարչապետի  խոսքը  կարելի է հասկանալ  նաեւ այս կերպ. խնդրի առնչությամբ, ամենայն հավանականությամբ,   հերթական  անգամ հասարակական դժգոհություն եւ ընդվզում կառաջանա, հետեւաբար` անհրաժեշտ է  կազմակերպել համապատասխան քարոզչական դիմակայություն:

 

Հիշեցնենք,  որ 2002 թվականի հունվարի 1-ից գործող վերոնշյալ օրենքի համաձայն` սահմանվել է, որ ոռոգման  նպատակով  յուրաքանչյուր տարի Սեւանա լճից թույլատրվում է բաց թողնել մինչեւ 170 մլն խորանարդ մետր ջուր: Ժամանակին այս որոշումը  կայացվել էր`  կանխելու համար  երկրի քաղցրահամ ջրի  գլխավոր շտեմարանի անխնա ու կամայական շահագործումը: Բնապահպանական ու շատ ավելի մեծ նշանակություն ունեցող լճի դանդաղ վերականգնման  նպատակով: Սեւանը ճահճացումից փրկելու,  բնական անհրաժեշտ կենսագործունեության մակարդակի հասցնելու համար, տվյալ  օրենքի համաձայն,  լճի մակարդակը  կբարձրանա տարեկան  22 սանտիմետրով, եւ 2031 թվականին, ընդհանուր հաշվով, կապահովվի  անհրաժեշտ 6 մետր բարձրացնելու խնդիրը: Այդ ժամանակ Սեւանի մակարդակը կհասնի 1903,5 մետր նիշին: Վերջին տարիների  առատ տեղումների արդյունքում հնարավորություն ստեղծվեց ոչ միայն ապահովելու տարեկան  22 սանտիմետր բարձրացումը, այլեւ կուտակելու ավելին, եւ հնարավորություն ստեղծվեց առաջադրված նպատակին հասնել շատ ավելի վաղ: Այստեղ ահա շատ մարդիկ, ովքեր Սեւանը եւ նրա ափամերձ տարածքները դարձրել էին սեփական եկամտի աղբյուր, իրարով անցան: Բանն այն է, որ  լճի մակարդակի բարձրացման հետ ջրի  մեջ հայտնվելու հեռանկարի առջեւ են հայտնվում Սեւանի ափին կառուցված  4714 շինությունները, որոնցից 481-ն  են   գրանցված, իսկ մնացածը  անօրինական  կառույցներ են, եւ, ի դեպ, սրանց  ապամոնտաժման դեպքում պետությունը  փոխհատուցում չի նախատեսել:  Միաժամանակ, թեեւ անհրաժեշտ նիշի մոտավորապես կեսն է դեռեւս ապահովված, սակայն արդեն շատ շինություններ հայտնվել են ջրածածկ լինելու վտանգի առաջ, իսկ մոտ 450-ը արդեն իսկ ապամոնտաժվել են:

 

Եվ ահա վերջին տարիներին  կառավարությունը հաճախակի խորհրդարան էր բերում համապատասխան որոշումներ` նախատեսված 170-ի փոխարեն զգալիորեն ավելի մեծ քանակ  բաց թողնելու առաջարկով: Իհարկե, պատճառաբանությունը միշտ լինում էր ոռոգման ջրի սակավությունը, երբ մյուս կողմից ակնհայտ է  տեղումների  մեծ քանակը: Իհարկե, ամեն անգամ բնապահպանների,  հասարակայնության տարբեր շերտերի մոտ այս քայլը դժգոհության տեղիք էր տալիս, իսկ ընդդիմությունը առաջարկի դեմ պայքար էր ծավալում խորհրդարանում: Այս անգամ արդեն կառավարությունը որոշել է միանգամից խնդիրը լուծել 5 տարվա  համար: Նախ` այդ դեպքում անհրաժեշտ չի լինի ամեն տարի նույն գլխացավանքի մեջ հայտնվելւ, մյուս կողմից`  տարեցտարի հասարակական ակտիվության նոր ալիք է հզորանում, եւ  հայտնի չէ` հնարավոր կլինի՞ ամեն անգամ  գլուխ բերել հերթական հակաժողովրդական ծրագիրը, թե՞ ոչ:

 

Իհարկե, երբ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը մեծահարուստների շահերից բխող եւ հիմնականում ժողովրդի համար անընդունելի հերթական  նախագիծն է բերում խորհրդարան, նա կասկած չունի, որ այն ընդունելու  համար խնդիրներ չեն առաջանա: Չէ որ ընտրությունների ժամանակ հարազատ թիմը կաշվից դուրս  է գալիս բացարձակ մեծամասնության  մանդատները ձեռք գցելու համար:  Անշուշտ, եղել են դեպքեր, երբ այս կամ այն նախագիծը դժվարամարս է եղել նույն  խորհրդարանական մեծամասնության համար, եւ  նույնիսկ ներկուլիսային խոսակցություններ են եղել, թե նախագիծը կբարեփոխվի կամ առհասարակ դուրս կբերվի օրակարգից: Հանկարծ, սակայն,  նույն  դեմ տրամադրվածների տրամադրությունը գլխիվայր շուռ է եկել եւ հենց նրանք դարձել են իրենց իսկ համար անընդունելի օրենքների կատաղի  պաշտպաններ: Այլ խոսքով`  Տիգրան Սարգսյանը առ այսօր խնդիր չի ունեցել  ցանկալի օրենքը  խորհրդարանում  ընդունել տալու հարցում: Վերջին ժամանակներում միայն, երբ իշխանությունից  դժգոհությունը  ժողովրդի կոկորդին է հասել, հատկապես երիտասարդ սերունդը քաղաքացիական ակտիվություն է դրսեւորում, խորհրդարանական ընդդիմության հետ հնարավոր է դառնում  բողոքի ալիք բարձրացնել փողոցներում ու հրապարակներում: Սա էլ լրջորեն անհանգստացնում է իշխանությանը,  որքան էլ փորձի ինքնավստահ երեւալ: 

 

Բայց, ինչպես ասում են, կարմիր կովը կաշին չի փոխի, մանավանդ, երբ մեջտեղում մեծ շահեր կան: Արդեն քանի տարի է` քաղաքական, տնտեսական, բնապահպանական եւ այլ բնույթի անընդունելի  նախաձեռնությունները,  ավելանալով եղածների վրա,  կարծես փորձարկում են հասարակության համբերությունը: Ահա եւ հնարավոր հերթական առիթը: Եվ ինչպես միշտ  բերվում են բազմաթիվ հիմնավորումներ` քայլն արդարացնելու համար: Ինչպես եղել է նախորդ տարիներին: Միաժամանակ նշվում են այն միջոցառումները, որոնք ձեռնարկվելու են, որպեսզի 2019 թվականից  ապահովվի  ոռոգման համար անհրաժեշտ ջրաքանակ ( նոր ջրամբարների կառուցում, պոմպակայանների ու ջրատար համակարգերի վերանորոգում ու նորերի կառուցում եւ այլն ): Այսպիսի խոստումներ տրվել են նաեւ անցած տարիներին, իսկ  2001 թվականին ընդունված «Սեւանա լճի  էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին»  օրենքում արձանագրված է այդ միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը: Ելնելով դառը փորձից`  քիչ հավանական է, որ առաջիկա հինգ տարում խնդիրը կլուծվի, բայց հավանաբար կառավարությանը դա չի մտահոգում, որովհետեւ այդ ժամանակ  իրենց ժամկետն ավարտված կլինի:

 

Վերջում ավելացնենք, որ նոր  ծրագրում ասվում է նաեւ. «Ծրագրի իրականացման ընթացքում առկա են Սևանա լճի ջրային բացասական հաշվեկշռի հնարավոր ռիսկեր»: Սրան էլ ավելացնենք, որ, օրինակ, հենց այս տարի, 22 սանտիմետրի փոխարեն ապահովվել է ջրի մակարդակի 9 սանտիմետր բարձրացում:  Ստացվում է,  որ առանց օրենքի փոփոխության էլ  կառավարությունը չի կատարում նույն օրենքով սահմանված պարտականությունը: Տեսեք, սակայն, որ նա փրփուրը բերանին, պնակալեզների թիմի փաստաբանությամբ,  փորձում է հավաստիացնել, թե տասնամյակներ անց, որպես կենսաթոշակ, մարդկանց  կվերադարձնեն նրանցից այսօր պահվող գումարները: Ինչ կա որ` ոչ առաջին խոստումն է, ոչ՝ վերջին: Կարեւորը, որ հաշվետվություն տաս ինքդ քեզ եւ վստահ լինես պատասխանատվությունից խուսափելու հարցում:

 

Արտաշես  Շահբազյան