կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-18 14:06
Իրավական

Երեք զինծառայողի կյանք խլած պատահարից հետո պաշտոնյաներ են պատասխանատվության ենթարկվել

Երեք զինծառայողի կյանք խլած պատահարից հետո պաշտոնյաներ են պատասխանատվության ենթարկվել

2017թ. մայիսի 8-ին ՊԲ զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով զոհված ժամկետային երեք զինծառայողների հետ կապված միջադեպի մանրամասները պարզելու համար նշանակվել ու անցկացվել է ծառայողական քննություն: Այս մասին, Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնեցին Արցախի պաշտպանության նախարարությունից:

Մեզ հայտնեցին, որ ծառայողական քննության արդյունքում արձանագրված թերացումների համար զորամասի համապատասխան պաշտոնատար անձինք ենթարկվել են կարգապահական տույժի:

Դեպքի իրավական հատկանիշներ պարունակող մանրամասները պարզելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Ավելի վաղ հայտնել ենք, որ մայիսի 8-ի առավոտյան ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի էր ունեցել դժբախտ պատահար: Ճանապարհատրասնպորտային պատահարի հետևանքով զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ էին եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) և Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.):

Որոնողական աշխատանքների արդյունքում նույն օրը հայտնաբերվել էին Ռուբեն Բարսեղյանի և Ռաֆայել Բիշարյանի մարմինները, իսկ դեպքից 4 անց` նաև Ռուբեն Մնացականյանի դին:

Համաձայն քննության տվյալների՝ մայիսի 8-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ ժամկետային երեք զինծառայողներ` N զորամասի պարետային դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը, Ռաֆայել Արթուրի Բիշարյանը և նույն զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի բուժկետի վարորդ-սանիտար Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը չեն մասնակցել առավոտյան տողանին: Բացակայում է նաև պարետային դասակին պատկանող «ՈՒԱԶ-315195» մակնիշի ՊԲ6Լ-004 զինհամարանիշի ավտոմեքենան: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեք զինծառայողներին վերջին անգամ տեսել են միասին «ՈՒԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը կայանված է եղել զորամասի մշտական տեղակայման վայրում: Դրանից հետո մեքենան նկատվել է զորամասից դուրս՝ Մատաղիս-Տոնաշեն ավտոճանապարհի սկզբնամասում` դեպի Տոնաշեն երթևեկելիս: Տարածքի զննությամբ` Տոնաշեն գյուղ տանող ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին ընթացքի ուղղությամբ արձանագրվել են անվահետքեր, որոնք վերջացել են` դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից, որից մոտ 50 մետր հեռու հոսում է գետ:

ԱՀ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից գետում` մոտ 9 մետր խորության վրա, հայտնաբերվել է «ՈՒԱԶ-315195» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան: