Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում Հայաստան է ժամանել հայտնի դերասանուհի Նաստասյա Կինսկին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ դերասանուհին նշեց, որ արվեստն իր համար տիեզերական բան է, և ինքը երջանիկ է, որ այդ ամենի մեջ է:
«Ես 12 տարեկանից եմ սկսել ֆիլմերում նկարահանվել: Այդ ժամանակ ինձ համար հաջողությունների մի շրջան բացվեց: Բոլորն էլ ունենում են անկումներ ու վայրէջքներ, ես` նույնպես: Ես դրանք ընդունում եմ որպես իմ` այս կյանքում ճամփորդության մի մաս»,-ասաց Կինսկին:
Նա վստահ է` մեզ բոլորիս խաղաղություն ու սեր է պետք, ինչպես նաև` միասնություն: Կինսկին խոստովանեց, որ իր համար շատ կարևոր է լինել նրանց հետ, ում սիրում է:
Խոսելով կինոռեժիսորների հետ համագործակցության մասին` դերասանուհին ասաց, որ Ռոման Պոլանսկին մի ուրիշ աշխարհ է իր համար, մեծ ռեժիսոր: «Դժվար է առանձնացնել ռեժիսորներին, քանի որ նրանցից յուրաքանչյուրն իմ կյանքի իմաստն է: Ես, իհարկե, գտել եմ իմ ռեժիսորին ու էլ չեմ փնտրում»,- նշեց նա` այդպես էլ չասելով, թե որ ռեժիսորի մասին է խոսքը:
Կինսկին ներկայումս մարզիկների մասին վավերագրական ֆիլմաշար է նկարում: Նրա կարծիքով` մարզիկները կարող են լավ օրինակ ծառայել մյուսներին: «Նրանցից կարելի է սովորել, որ երազանքին հասնելու համար պետք է երկար ճանապարհ անցնել: Հաղթանակն ու պարտությունը` երկուսն էլ պետք է լավ իմանալ: Հաջողությունը շատ լավ բան է, բայց պետք է սովորել նաև պարտվել, հետո կրկին ոտքի կանգնել և շարունակել»,- ասց նա:
Հարցին, որ եթե Տիգրան Պետրոսյանը կենդանի լիներ, հնարավո՞ր է`Կինսկին նրան էլ անդրադառնար իր ֆիլմում, դերասանուհին պատասխանեց` անպայման:
Խոսքի վերջում նա նշեց, որ շատ է սիրում երաժշտություն լսել, երաժշտությունը հանգստացնում է իրեն: «Հայկական երաժշտություն էլ եմ սիրում»,- հավելեց դերասանուհին: