կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-16 10:25
Սպորտ

Հրաձգության աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանը կներկայացնի 6 մարզիկ

Հրաձգության աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանը կներկայացնի 6 մարզիկ

Երիտասարդ հրաձիգները պատրաստվում են աշխարհի առաջնությանը: 

Հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանի առաջնությունում լավ արդյունքներ գրանցեցին այն մարզիկները, որոնց հետ հույսեր են կապում: Հենց այդ լավագույններից վեցն էլ մասնակցելու են աշխարհի առաջնությանը.

«Աշխարհի առաջնությունում հանդես կգան Նարեկ Ադամյանը, Վրեժ Թորոսյանը եւ Հայկ Բաբայանը (երեքն էլ` օդամղիչ հրացան), Ալլա Պողոսյանը (օդամղիչ հրացան), Բենիկ Խլղաթյանը եւ Զավեն Իգիթյանը (օդամղիչ ատրճանակ): Հայաստանի առաջնությունում նրանց մասնակցությունից շատ գոհ եմ: Ալլա Պողոսյանը նոր ռեկորդ սահմանեց, Բենիկ Խլղաթյանը չեմպիոն դարձավ, առաջ անցնելով իրենից ավելի փորձառու Զավեն Իգիթյանից:

Եթե նման արդյունքներ ունենանք աշխարհի առաջնությունում` կլինենք եզրափակիչներում: Կմասնակցենք ինչպես անհատական, այնպես էլ թիմային պայքարին:

Հայաստանի առաջնությունում շատ լավ հանդես եկավ նաեւ Հովհաննես Մարգարյանը (վազող թիրախ): Նա, երկու վարժություններում բարձր ցուցանիշներով զբաղեցրեց առաջին տեղը»,- ասաց Սեյրան Նիկողոսյանը:

Մինչեւ աշխարհի առաջնությունը երիտասարդ հրաձիգները հագեցած ծրագիր ունեն.

«Հունիսի 7-10-ը կմասնակցենք Լեհաստանի բաց առաջնությանը: Այնուհետեւ նույն երկրում հավաք կանցկացնենք Լատվիայի, Լեհաստանի եւ Ուկրաինայի հավաքականների հետ: Մեր հրաձիգները կմարզվեն բարձրակարգ մարզիկների հետ եւ փորձ ձեռք կբերեն»,-հայտնեց մարզիչը:

Աշխարհի առաջնությունը կկայանա հունիսի 22-29-ը Գերմանիայի Զուլ քաղաքում: