կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-10 21:35
Տնտեսական

«Սևան Ակվա» ՓԲԸ-ի համար ԱԱՀ վճարման ժամկետը կհետաձգվի 3 տարով

«Սևան Ակվա» ՓԲԸ-ի համար ԱԱՀ վճարման ժամկետը կհետաձգվի 3 տարով

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կառավարության նիստի օրակարգում ներառել է  որոշում, որով կառավարության սահմանած կարգով ընտրված «ՍԵՎԱՆ ԱԿՎԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի մայիսի 19-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

Ներդրումային ծրագրի շրջանակներում «ՍԵՎԱՆ ԱԿՎԱ» ՓԲ ընկերությունը նախատեսում է տեղակայել ևս 12 մոդելային ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություն Սևանա լճում` հասցնելով արդեն իսկ գործող թվով 12 ցանցավանդակը 24-ի: Ծրագրի իրականացման արդյունքում տեղական սպառողները հնարավորություն կունենան  մշտապես սպառելու բարձրորակ և համեմատաբար մատչելի գներով ձկնամթերք, կստեղծվեն նոր աշխատատեղեր: Վերոնշյալ գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ակնկալվում է ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում:

Ներդրումային ծրագրի շրջանակներում` մոդելային ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություն կառուցելու համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 1,75 մլրդ ՀՀ դրամի չափով, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 0,9 մլրդ ՀՀ դրամ:Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել ժամանակակից սարքավորումներ, որի միջոցով էականորեն կբարելավվի ընկերության աշխատանքները: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 85 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2017թ.– 230 հազ. ՀՀ դրամ, 2018թ.- 220 հազ. ՀՀ դրամ և 2019թ.-220 հազ. ՀՀ դրամ:

 Մեկ այլ որոշմամբ նախատեսվում է բավարարել «ՍԵՎԱՆ ԱԿՎԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ)  նյութերի  նկատմամբ: