կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-02 21:24
Հասարակություն

Կան երեխաներ, որոնց տուն չեն տանում. թիվ 2 օժանդակ դպրոցում 129 երեխա է սովորում

Կան երեխաներ, որոնց տուն չեն տանում. թիվ 2 օժանդակ դպրոցում 129 երեխա է սովորում

Երևանի թիվ 2 օժանդակ դպրոցում 129 աշակերտ է սովորում: Դպրոցը գործում է 1963-ից, և այստեղ բնակվում ու սովորում  են ՀՀ տարբեր  մարզերի և Երևանի` 6-18 տարեկան, կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաներ։ Yerkir.am-ի զրուցակիցը թիվ 2 դպրոցի տնօրեն Սամվել Փիրոյանն է:

Օրենքով` շաբաթ, կիրակի մենք չպետք է աշխատենք, սակայն կան աշակերտներ, որ ստիպված մնում են մեզ մոտ

Դպրոցում սովորող 129 աշակերտներից տնային ուսուցում է իրականացվում 25-ի հետ, իսկ մյուսները մինչև ուրբաթ մնում են դպրոցում: Օրենքով սահմանված կարգով` շաբաթ, կիրակի մենք չպետք է աշխատենք, սակայն կան աշակերտներ, որ մնում են մեզ մոտ, որովհետև նրանց տուն չեն տանում` մանկատան երեխաներ են: Սոցիալական ծանր վիճակով պայմանավորված` շատ է երեխաների թիվը, ովքեր զրկված են ծնողական հոգատարությունից, և մենք փորձում ենք անել ամեն ինչ, որ երեխաներն ընտանեկան ջերմությունը զգան: Սակայն ընտանիքն ունի իր ուրույն տեղը, քանի որ, ընտանիք ասելով, մենք հասկանում ենք մեկ տանիքի տակ ապրող մարդիկ և լավագույն դեպքում փորձում ենք մեր դպրոցը դարձնել ընտանիք: Չեմ ասի` հարյուր տոկոսով, բայց որոշ չափով ստացվում է մեզ մոտ:

Դպրոցը կառուցվել է 1963-ին և չի հիմնանորոգվել

Դպրոցում սովորում են մտավոր խնդիրներ ունեցող, ինչպես նաև ունենք այնպիսի երեխաներ, որոնց մոտ առկա են հուզակամային, հոգեբանական խնդիրներ: Բացի այդ` ունենք դաունի և աուտիզմի համախտանիշով երեխաներ: Մեզ մոտ հատուկ սննդակարգ է գործում, որն առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ է ստեղծվել: Մեր կրթական համակարգը չենք կարող համեմատել այլ դպրոցներում իրականացվող կրթության հետ, և դա պայմանավորված է մեզ մոտ սովորող երեխաների խնդիրներով: Երեխաներ կան, ովքեր նաև խոսքային խնդիրներ ունեն, դրա համար էլ ունենք լոգոպեդներ, հատուկ մանկավարժներ, հոգեբաններ և սոցիոլոգներ, ովքեր աշխատում են նրանց հետ: Դպրոցը կառուցվել է 1963-ին և տարիների ընթացքում չի հիմնանորոգվել, ինչն իր ազդեցությունն է թողել շենքի ամրության վրա: Ամենախնդրահարույցը մեր տանիքի հարցն է. երբ անձրև է գալիս, մտածում ենք` ինչ անել, որ երրորդ հարկում, որտեղ երեխաներն են քնում, չկաթի: Աշնանը շատ ննջասենյակներից խոնավության հոտ է գալիս: Բացի այդ` պատուհանները պետք է փոխվեն, քանի որ դրանք հին են, և փչում է: Ձմռանը մենք փորձում ենք սննդի միջոցով «տաքացնել» երեխաներին, քանի որ փաստ է` կուշտ մարդն ավելի քիչ է մրսում, դրա համար էլ փորձում ենք երեխաներին ավելի լավ կերակրել:

Ոչ ոք ապահովագրված չէ հաշմանդամությունից

Հասարակությունը պետք է լրիվ նորմալ վերաբերվի ինչ-ինչ խնդիրներ ունեցող երեխաներին, քանի որ, անկախ այն հանգամանքից, թե մարդն ինչ խնդիր ունի, նրանք հասարակության անդամ են: Հասարակությունը պետք է շատ լավ հասկանա, որ խնդիրը, արատն այնպիսի բան է, որ բոլորի ընտանիք կարող է «մտնել», ոչ ոք ապահովագրված չէ: Ես նկատում եմ, որ այդ առումով վերջին շրջանում դրական տեղաշարժ կա, կան ՀԿ-ներ, որոնք փորձում են ամեն կերպ այնպես անել, որ խնդիրներ ունեցող երեխաները կարողանան ներգրավվել տարբեր ոլորտներում: Մենք էլ մեր հերթին փորձում ենք այնպես անել, որ երեխաները դպրոցն ավարտելուց հետո հանկարծակի չհայտնվեն կյանքի հորձանուտում, դրա համար էլ դպրոցում գործում են կարուձևի, փայտամշակման, պարի խմբակներ: Դրան զուգահեռ` մենք համագործակցում ենք մի շարք կազմակերպությունների հետ, որոնց օգնությամբ մեր շրջանավարտների մի մասն աշխատում է հացագործության, սպասարկման ոլորտներում: Մենք միայնակ չենք կարող երեխաների աշխատանքի խնդիրը լուծել:

Ներառական կրթությունը չպետք է ձևական բնույթ կրի

Ինչ վերաբերում է խնդիրներ ունեցող երեխաների կրթությանը, ապա կարծում եմ` կրթությունն անհրաժեշտ է բոլորին` անկախ երեխայի ունակությունից: Ներառական կրթությունը շատ խնդրահարույց է, այն չպետք է ձևական բնույթ կրի, պետք է լավ պատրաստվել դրան, այսինքն` չպետք է ասելու համար, թե այսինչ դպրոցը ներառական կրթություն է իրականացնում, սկսի առանց պատրաստվելու ու համապատասխան պայմաններն ապահովելու անցնել դրան: Ներառական կրթությունը հարցի երկու կողմ ունի. եթե թողնենք ծնողին, որ նրա ընտրությամբ լինի` երեխային տանի՞ ներառական դպրոց, թե՞ ոչ, այնքան էլ ճիշտ չի լինի, որովհետև կան ծնողներ, ովքեր չեն էլ զբաղվում իրենց երեխաներով, գիտակից չեն: Մենք շատ անելիքներ ունենք ծնողների հետ, որպեսզի լուրջ մոտեցում դրսևորեն: Իսկ եթե պարտադրենք, ճիշտ չի լինի, քանի որ պետք է հաշվի առնենք երեխայի կարիքները: Կան ծնողներ, որ ամեն ինչի պատրաստ են և, չունենալով հնարավորություններ էլ, փորձում են երեխայի մեջ առկա մի փոքր կայծը զարգացնել: Պետք է այնպես անենք, որ նախ ծնողների գիտակցականությունը բարձր լինի, իսկ հասարակությունը այնպես իրեն պահի, որ խնդիրներ ունեցող երեխաներն իրենց օտարված չզգան:

Կ. Հ.