Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունիսի 6-ին Երևանում կմեկնարկի Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթը, որն այս տարի կանցկացվի վոկալ մասնագիտությամբ։
Մրցույթի ժյուրիի կազմում, Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ, ընդգրկված են երաժշտական աշխարհի հեղինակավոր մասնագետներ։ Ժյուրիի անդամներից է «Բալթյան երաժշտական համերգաշրջաններ» փառատոնի գեղարվեստական ղեկավար Անդրեյս Ժագարսը (Լատվիա)։
Yerkir.am-ի հետ զրույցում Ժագարսն ընդգծեց, որ խաչատրյանական մրցույթը բացահայտում է ներուժ ունեցող տաղանդներին` ինչպես Հայաստանում ապրող, այնպես էլ այլ երկրներից։ Ըստ նրա` Խաչատրյանի անվան մրցույթին մասնակցությունը և, որ առավել կարևոր է, հաղթանակը միջազգային կարիերայի հրաշալի մեկնարկ է:
Ժագարսը՝ որպես ժյուրիի անդամ, մրցույթի ընթացքում ակնկալում է լսել տաղանդավոր ուսանողների և երիտասարդ երգիչների, որոնց հետ ինքը՝ որպես փորձառու բեմադրիչ և «Բալթյան երաժշտական համերգաշրջաններ» փառատոնի գեղարվեստական ղեկավար, կցանկանար մի օր աշխատել: «Մրցույթի մասնակիցների մոտ գնահատելու եմ տոնայնությունը, երաժշտականությունը, վոկալ տեխնիկան, ստեղծագործության հատվածի մեկնաբանությունն ու կատարման ոճը, թատերական հմայքը և խարիզման»,-ասում է նա։
Հարցին` օպերային երգեցողության արվեստն այսօր ի՞նչ ուղղություններով է զարգանում, ի՞նչ միտումներ կան այս բնագավառում, Ժագարսը պատասխանեց, որ այսօր, բացի տոնայնությունից, երաժշտականությունից, վոկալ տեխնիկայից, ժամանակակից օպերային երգիչները կարիք ունեն նաև դրամատիկ դերասանական ուսուցման և բարձր ֆիզիկական ունակությունների: «Ահա այս ամենն են այսօր պահանջում հանդիսատեսը, բեմադրիչներն ու վերլուծաբանները»,- ասաց նա:
Ըստ Ժագարսի՝ 21-րդ դարի հանդիսատեսը բեմում ցանկանում է տեսնել պայծառ, համոզիչ կերպարներ՝ կատարողական և դերասանական բարձր մակարդակի ունակություններով:
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։ Մրցույթն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո: