կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-06 11:11
Առանց Կատեգորիա

Պակիստան. չօգտագործված հնարավորություններ Հայաստանի համար

Պակիստան. չօգտագործված հնարավորություններ Հայաստանի համար

Հայաստանի ու Պակիստանի միջև հարաբերությունները միջնորդավորված բնույթ ունեն՝  երրորդ երկրի կամ երկրների միջոցով։ Ընդհանրապես, գործնականում այնքան էլ տեղին չէ խոսել երկու երկրների միջև փոխհարաբերությունների մասին, քանի որ հարաբերություններ, որպես այդպիսին, գոյություն չունեն։ Մյուս կողմից` թերևս չենք սխալվի, եթե ասենք, որ քաղաքական կամ այլ հարթության շփումների բացակայությունը նույնպես փոխհարաբերություն է։

Պակիստանն աշխարհի բացառիկ պետություններից է, որն առ այսօր այդպես էլ չի ճանաչել Հայաստանի անկախությունը։ Իհարկե, Հայաստանի ու Պակիստանի միջև փոխհարաբերությունների ներկայիս խիստ ցածր մակարդակը կամ հարաբերությունների բացակայությունն օբյեկտիվորեն պայմանավորված է Պակիստանի ղեկավարության քաղաքական, գաղափարական դիրքորոշմամբ։ Պակիստանը քանիցս պաշտոնապես հայտարարել է, որ չի պատրաստվում ճանաչել Հայաստանի անկախությունը և մեր երկրի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ դա պայմանավորելով Արցախյան հակամարտության կարգավորման հարցով։

Պակիստանի իշխանությունների այս արմատական դիրքորոշումը պետք է պայմանավորել մի քանի հանգամանքներով: Նախ` Քաշմիրի  հիմնախնդիրը, որի կարգավորումը Իսլամաբադում տեսնում են Պակիստանի տարածքային ամբողջականության սկզբունքի ներքո։ Հետևապես, ըստ էության, այդ հարցում Պակիստանի շահերը համընկնում են Ադրբեջանի պաշտոնական մոտեցման հետ։

Հայաստանի նկատմամբ Պակիստանի բացասական նախատրամադրվածությունում, իհարկե, կարևոր գործոն է նաև իսլամը. ի նշան իսլամական համերաշխության` Պակիստանն ու Ադրբեջանը միջազգային, տարածաշրջանային հարթակներում մշտապես քաղաքական, դիվանագիտական աջակցություն են ցուցաբերել միմյանց։ Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա փետրվարի վերջերին Քաշմիրի շուրջ Հնդկաստանի ու Պակիստանի միջև ռազմական բախումների հարցում պաշտոնական Բաքուն չեզոք դիրքորոշում ցուցաբերեց՝ կոչ անելով կողմերին` հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Հասկանալի է, որ Ադրբեջանի իշխանությունները տվյալ դեպքում, ինչպես և այլ իրավիճակներում պակիստանյան կողմին քաղաքական կողմնակալ աջակցություն ցուցաբերում են փակ, հետկուլիսային ձևաչափում։

Հայաստանի նկատմամբ Իսլամաբադի բացասական դիրքորոշումը պայմանավորված է նաև թուրքական գործոնով։ Պակիստանի ռազմաքաղաքական աջակցությամբ Անկարան ակտիվ աշխատանքներ է շարունակում տանել Հայաստանի տարածաշրջանային կշռի թուլացման ուղղությամբ։ Քանիցս խոսվել է Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա ռազմական առանցքի մասին։ Այդ տեսանկյունից Պակիստանի համար կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային տերություն հանդիսացող, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի քաղաքական աջակցությունը Քաշմիրի հարցում։

Անուղղակի շահերի հատման կետեր

Ի պատասխան, Պակիստանի հետ հարաբերություններում հայկական կողմն իր հերթին քանիցս արտահայտել է իր դիրքորոշումը՝ Քաշմիրի երկրամասը համարելով Հնդկաստանի անբաժան մաս։ Քաղաքական այդ մոտեցումն, իհարկե, հասկանալի է, մյուս կողմից, սակայն, այն առանձնանում է իր գծայնությամբ և խոշոր հաշվով լիովին տեղավորվում Իսլամաբադի վարած մարտավարության շրջանակներում։

Թեև Հայաստանի ու Պակիստանի միջև չկան ուղղակի փոխհարաբերություններ, այդուհանդերձ, կողմերի շահերը կամ դիրքորոշումները տարբեր հարթակներում հատվում են միջնորդավորված կերպով։ Իսլամաբադը վերջին տարիներին քայլեր է ձեռնարկում եվրասիական ինտեգրման գործընթացներում ներգրավվելու ուղղությամբ։ Պակիստանում, մասնավորապես, մեծ կարևորություն են տալիս ԵԱՏՄ-ի հետ երկխոսություն հաստատման հարցերին։ Երկիրը մեկ անգամ չէ դիմել ԵԱՏՄ ղեկավարությանը՝ այդ կառույցի հետ ազատ տնտեսական գոտու ձևավորման մասին համաձայնագիր ստորագրելու առաջարկությամբ։ Այդ հարցում Պակիստանի իշխանություններն ակտիվ աշխատանքներ են տանում հատկապես ԵԱՏՄ-ին անդամակցող Ղազախստանի ու Բելառուսի հետ՝ նրանց դիտարկելով որպես կամուրջ ԵԱՏՄ-Պակիստան գործակցության ձևավորման համար։ Նշենք, որ ԵԱՏՄ-Պակիստան տնտեսական երկխոսության հնարավորությունները զգալիորեն սահմանափակվում են Հայաստանի բացասական դիրքորոշմամբ։

Վերջին տարիներին պաշտոնական Իսլամաբադը հնարավորություններ է փնտրում ՀԱՊԿ-ի հետ գործակցություն հաստատելու հարցում։ Պակիստանի ղեկավարությունը դիմել էր ՀԱՊԿ-ին՝ այդ կառույցի Խորհրդարանական վեհաժողովում իր երկրին դիտորդի կարգավիճակ տալու առաջարկով։ Սակայն ՀԱՊԿ Խորհրդի օրակարգից հարցը հանվեց հայկական կողմի դիմադրության արդյունքում։

Հասկանալի ու տրամաբանական է եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Պակիստանի հնարավոր մասնակցության հարցում Հայաստանի` սկզբունքորեն մերժողական, բացասական դիրքորոշումը։ Այդ մոտեցման համար որպես հիմք է դիտվում այն, որ Պակիստանն առ այսօր չի ճանաչել ՀՀ անկախությունը, Արցախյան հիմնախնդրում ունի բացահայտ կողմնակալ դիրքորոշում։

Այդ ամենով հանդերձ, սակայն, հայկական կողմին կարող է որոշակի քաղաքական ռեսուրսներ կամ հնարավորություններ տալ այն մարտավարությունը, որ Պակիստանի հետ հարաբերություններում առաջնորդվենք ոչ գծային, այսպես կոչված` «փափուկ» դիվանագիտության ճանապարհով։ Նման մարտավարությունը ենթադրում է, որ, խոշոր հաշվով, Հայաստանը շարունակում է դեմ լինել իր անդամակցած միջազգային-տարածաշրջանային ինտեգրացիոն կառույցների հետ Պակիստանի հնարավոր երկխոսությանը։ Միաժամանակ, պաշտոնական Երևանը պատրաստակամ է քննարկել նման հարցեր, եթե Իսլամաբադը, ի պատասխան, կառուցողական դիրքորոշում որդեգրի հայ-պակիստանյան հարաբերություններում` ընդհանրապես։ Ավելին` շահերի նման հարաբերակցումը կարող է ստեղծել կողմերի միջև փոխշահավետության որոշակի հարթակ՝ հիմնված քաղաքական չոր հաշվարկի վրա։

Հայաստանի ու Պակիստանի միջև անուղղակի հարաբերման հնարավորություն առկա է նաև Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակներում, որի անդամ է Պակիստանը (2017թ. հունիսի 9), իսկ Հայաստանը կազակերպությունում ունի երկխոսության գծով գործընկերության կարգավիճակ (2016թ. ապրիլի 16)։ Ընդ որում` ՇՀԿ-ն համագործակցային համաձայնագրեր ունի նաև ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի հետ։ Ավելին` Հայաստանի ու Պակիստանի միջև շփումները կարող են հաստատվել երրորդ` առանձնացված երկրների միջնորդությամբ։ Այդ առումով, հայկական կողմը կարող է օգտագործել հայ-իրանական, հայ-ռուսական երկկողմ համագործակցության ձևաչափերը։

Ի դեպ, նշենք, որ, Հայաստանի անկախությունը չի ճանաչել նաև Սաուդյան Արաբիան։ Սակայն, ի տարբերություն Պակիստանի, Սաուդյան Արաբիայի պարագայում կարող ենք խոսել երկու երկրների շփումների մասին` չնայած չկան դիվանագիտական հարաբերություններ։ Դա են վկայում Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև առևտրատնտեսական կապերը։ Այդ երկրի թագավոր Սալմանը Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի առիթով շնորհավորական մաղթանքներ էր հղել ՀՀ նախագահին։ 

Հետաքրքիր է զուգահեռներ անցկացնել նաև այն երկրների հետ, որոնց ուղղությամբ Պակիստանի ղեկավարությունն ունի սկզբունքային բացասական դիրքորոշում։ Հայ-պակիստանյան հարաբերություններից, օրինակ, շատ չեն տարբերվում Պակիստան-Իսրայել քաղաքական շփումները։ Չնայած Պակիստանի ու Իսրայելի միջև փոխհարաբերություններում առկա լարվածությանը` կրոնական գործոնը սկզբունքային նշանակություն թերևս չունի։ Թեև կողմերը կրկին չունեն դիվանագիտական հարաբերություններ, Պակիստանը չի ճանաչում Իսրայել պետությունը, սակայն դա չի խանգարում փոխադարձ շփումներ հաստատել։ Որոշ ոչ պաշտոնական տվյալներով` քանիցս խոսվել է պակիստանցի բարձրաստիճան պաշտոնատար անձանց` Իսրայել այցելությունների մասին։ Ավելին` 2019թ. մարտին Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարրաֆը բացահայտ խոսում էր Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցերի շուրջ, որպեսզի նրա աջակցությամբ բարելավվեն Պակիստանի հարաբերությունները Հնդկաստանի հետ։ 2005թ. կեսերին Ստամբուլում պաղեստինա-իսրայելական հակամարտության թեմայի շրջանակներում հանդիպում ունեցան Իսրայելի և Պակիստանի արտգործնախարարները։ «Վիկիլիկս»-ի կողմից հրապարակված գաղտնի տեղեկատվության համաձայն` Պակիստանի ISI արտաքին հետախուզության ծառայությունը տվյալներ է փոխանցել իսրայելական «Մոսսադ»-ին այն մասին, որ 2008թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իսրայելցի քաղաքացիական անձինք կարող են հայտնվել Հնդկաստանում հնարավոր ահաբեկչությունների թիրախում (նոյեմբերի 26-ին Մումբայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի թիրախներից էր նաև հրեական համայնքի կենտրոնը)։ Հաղորդվում էր, որ պակիստանցի գեներալ-լեյտենանտ Ահմեդ Շուջա Փաշան գտնվում էր իսրայելական «Մոսսադ»-ի հետ ուղղակի կապի մեջ։ Մեծ Բրիտանիայի ձեռնարկատիրության, նորարարությունների նախարարության զեկույցում տեղեկատվություն էր հրապարակվել այն մասին, որ 2013թ. Իսրայելը ռազմական տեխնոլոգիաներ է արտահանել, այդ թվում` Պակիստան, ներառյալ` էլեկտրոնային սպառազինություն և ինքնաթիռների մասեր։ Իսրայելական կողմը, սակայն, հերքեց այդ տեղեկությունը։

 

Կարեն Վերանյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ