Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԶՈւ սպա Արամ Աղայանի փաստաբան Արայիկ Պապիկյանն այսօր լրագրողներին կարծիք հայտնեց, որ Աղայանի գործի քննությունն ընթացել է ակնհայտ խախտումներով: Ըստ փաստաբանի՝ այնքան խախտումներ ու բացեր կարելի է նշել, որոնք մեկ նյութում չեն տեղավորվի: «Այստեղ չկա հանցակազմ: Զինվորական կարգի դեմ ուղղված հանցանք չկա: Հիմնական օբյեկտ չկա»,- ասաց նա:
Նշենք, որ, ըստ դատավճռի, 2015 թվականի սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը հերթապահ, լեյտենանտ Արամ Աղայանը, տեսնելով, որ թիվ 1 պահակակետում պարեկ կարգված` շարքային Ռուդիկ Գրիգորյանը դեռ զորանոցում քնած է, գնացել է զորանոց` նրան արթնացնելու: Լեյտենանտը, մի քանի անգամ հրելով, փորձել է արթնացնել շարքայինին` հերթափոխը կատարելու համար: Զինվոր Ռուդիկ Գրիգորյանը հարցրել է լեյտենանտ Արամ Աղայանին՝ ինչո՞ւ է նման ձևով արթնացնում, ինչի կապակցությամբ Աղայանը վիճաբանել է զինվոր Ռուդիկ Գրիգորյանի հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ` քաշքշել ու հարվածել է`պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Լեյտենանտ Արամ Աղայանը դատապարտվել է 2 տարի 6 ամսվա ազատազրկման: Նշենք նաև, որ Աղայանը Շուշիի բերդից մոտ երկու ամիս առաջ է տեղափոխել Երևան: Այժմ նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
«Տեղի ունեցած դեպքի վերաբերյալ, ըստ գործի նյութերի, օպերատիվ տվյալներ են ստացվել ռազմական ոստիկանություն: Մենք միջնորդեցինք դատարան՝ ներկայացնել այդ օպերատիվ տվյալները, որոնք, բնականաբար, չներկայացվեցին: Այդպես էլ չբացահայտվեց՝ ինչպե՞ս է եղել, որ ՌՈ աշխատակիցները «բռնության» մասին տեղեկացել են: Նման օպերատիվ տեղեկատվություն գործի մեջ գոյություն չունի: Ակնհայտ է, որ կա ինչ-որ շահագրգիռ անձ, ով Արամ Աղայանի հետ անձնական խնդիր ունի»,- ասաց Պապիկյանը:
Նա հավելեց, որ որոշ հանգամանքներ չի կարող այս պահին հրապարակել՝ հաշվի առնելով բանակի վրա ավելի ստվեր չգցելու հանգամանքը, բայց անհրաժեշտության դեպքում նաև դա կհրապարակեն: «Տրամաբանությունը հետևյալն է՝ այդ սպաները կամ սպաներից մեկը ուղղակի զանգահարել են ռազմական ոստիկանություն, հաղորդել օպերատիվ տվյալը, որը գործում փաստաթղթավորված չէ: Իրականում այդպիսի վարույթ գոյություն չունի, մենք միջնորդեցինք դատարան, որ ներկայացնեն, չներկայացրեցին, որովհետև չկա»:
Ըստ Պապիկյանի՝ այդ օպերատիվ տվյալը վերաբերում է սպայի կողմից զինվորի քիթը ջարդելուն: «Դեպքից մի քանի օր հետ ՌՈ աշխատակիցները ջարդված քթի հետքով գնում են հոսպիտալ, որտեղ եղել է գործով տուժողը՝ բոլրովին այլ առողջական խնդիրներ ունենալու հիմքով: Հոսպիտալում զնինվորին ընդունելու պահին ամբողջությամբ զննել են, մարմնական վնասվածքի որևէ դեպք չի արձանագրվել: ՌՈ աշխատակիցները գնացել են, 40 աստիճան ջերմություն ունեցող զինվորին ասել, որ ունեն տվյալ, որ նրա քիթը ջարդել են: 40 աստիճան ջերմություն ունեցող զինվորին ասում են, որ բռնության է ենթարկվել Արամ Աղայանի կողմից, և նա էլ պետք է հաղորդում տա: Զինծառայողը զարմացած ասել է, որ նման բան չի եղել, բայց ՌՈ աշխատակիցները մոտ 4 ժամ զրուցել են նրա հետ, հորդորել, համոզել, պահանջել, որ զինվորը ցուցմունք տա: Հետո նախաքննության ընթացքում զինվորն ասել է, որ ինքը պարզապես ուզել է ձերբազատվել, այդ վիճակից դուրս գալ և նրան «օգնել» են ձևակերպումների մեջ»,- ասաց Պապիկյանը, ապա նշեց, որ ՌՈ աշխատակիցը զինվորին «օգնել է» մտքերը ձևակերպել, և այդ «օգնելու» ընթացքում «հարվածել» բառը ֆիքսվել է:
«Եվ միայն հենց այդ հանգամանքը հաշվի առնելով` այդ գործը կառուցվում է: Այսինքն՝ ստացվում է, որ պետք էր պարզապես հաղորդում վերցնել: Ընդ որում` ասեմ, որ տուժողն իրավաբանորեն չի հասկանում՝ ինչ է նշանակում հաղորդում տալ, չգիտի, որ դա ենթադրում է քրեական գործի հարուցում և այլն: Նրան չեն բացատրել իրավունքներն ու պարտականությունները: Զինվորը դատարանում էլ ասաց, որ շատ վատ է եղել և ուզել է ձերբազատվել այդ վիճակից: Ստիպված մի քանի տող գրել է, որ ազատվի այդ վիճակից: Ի դեպ, նրան ասել են, որ հետագայում որևէ բանի հետ գործ չի ունենալու»,- նշեց փաստաբանը:
Ըստ նրա՝ այն սպաները, ովքեր Աղայանի մասին բացասական բնութագիր են տվել, բայց թույլ են տվել, որ նա շարունակի իրականացնել մարտական հերթապահություն, հանցագործություն են գործել:
Ի դեպ, փաստաբանը նշեց նաև, որ երբ դատական նիստերը կայացել են Արցախում, շատ է եղել, երբ անհարկի հետաձգվել են, բայց նախապես որևէ ծանուցում չի եղել հետաձգման մասին: «Էնքան է եղել՝ գնացել-հասել ենք Ստեփանակերտ, մեկ էլ ասել են, որ նիստը հետաձգվել է կամ չի կայանալու»,- ասաց նա:
Պապիկյանը նաև նշեց՝ որևէ հույս չունեն, որ հայկական իրավապահ համակարգում այս հարցի հետ կապված որևէ դրական տեղաշարժ է լինելու, ուստի պատրաստ են գնալ մինչև Եվրադատարան: «Հաջորդ դատական նիստը, ամենայն հավանականությամբ, կկայանա Ստրասբուրգում»,- ասաց նա:
Տուժող Ռուդիկ Գրիգորյանի հայրն էլ՝ Վելիխան Գրիգորյանը, նշեց. «Արամը հանցագործ չէ, որ ինչ-որ բանի համար պատասխան տա: Դա իմ տեսակետն է, նաև` իմ տղայի: Էն, ինչ ասում եմ, դատարանում հնչել է: Չունենք որևէ խնդիր, բողոք, պարտք ու պահանջ Արամի հանդեպ: Իմ տղան էլ շեշտեց, որ մտերիմ են եղել Արամի հետ»:
Իսկ Աղայանի հայրը` Գրիգոր Աղայանը, կարծիք հայտնեց. «Ինչ-որ մարդիկ շահագրգռված են, որ Արամը բանտ նստի, որովհետև ամբողջ դատական պրոցեսը դա ցույց տվեց... Դատական նիստերն անընդհատ անհարկի հետաձգվում են»: