կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-26 12:57
Իրավական

Ձեզ իրավունք չեմ տվել խոսելու. Գագիկ Հարությունյանը բարկացավ

Ձեզ իրավունք չեմ տվել խոսելու. Գագիկ Հարությունյանը բարկացավ

ՀՀ Սահմանադրական դատարանում շարունակվում է Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինքի դիմումի քննությունը 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների ամփոփման մասին ԿԸՀ-ի որոշումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ:

Քիչ առաջ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչներին հարցեր ուղղեց այս գործով հարակից պատասխանող ճանաչված ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ` դատախազ Կարեն Բիշարյանը: Նա դիմողի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեց, թե իրենք ապրիլի 2-ի ընտրախախտումների վերաբերյալ քանի՞ հաղորդում են ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն: Նրա խոսքով` Լևոն Զուրաբյանը հեռախոսազանգի միջոցով հայտնել է գլխավոր դատախազին, որ փաստեր են հավաքել ընտրախախտումների վերաբերյալ, և խոստացել է պատշաճ հաղորդում ներկայացնել դատախազություն, սակայն մինչ օրս չի ներկայացրել: Դատախազը հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ համապատասխան հաղորդումներ չեն ներկայացրել:

ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի խոսքով` պատճառն իրավապահ համակարգի հանդեպ ունեցած անվստահությունն է: Ըստ նրա` դատախազությունն այս ընտրություններին հանցավոր անգործություն է ցուցաբերել: «Մենք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ ամեն օր հաղորդում էինք ներկայացնում, սակայն տեսանք, որ իրավապահները պարտակեցին այդ հաղոդումները: Մարդիկ, ովքեր դատապարտվեցին ընտրակեղծիքների համար, անգամ մի օր բանտում չանցկացրեցին` պայմանականով ազատ արձակվեցին, այսինքն` ոչ մի ընտրակեղծարար չպատժվեց: Մենք տեսնում ենք, որ դատախազությունը կատարում է ՀՀԿ-ի հրահանգները»,- ասաց նա:

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ընդհատեց պատգամավորին` հիշեցնելով, որ այսօր սահմանադրական հանրաքվեի արդյունքները չեն քննարկում: Եվ երբ հարցերին փորձում էր պատասխանել դիմող կողմի մյուս ներկայացուցիչը` փաստաբան Տիգրան Եգորյանը, ՍԴ նախագահը բարկացավ. «Էնպես չի, որ կարող եք խմբով գնալ-`գալ, ձեզ իրավունք չեմ տվել խոսելու»: Նա նաև դիտողություն արեց դատախազին` հիշեցնելով, որ Սահմանադրական դատարանում մեկնաբանություններ չի թույլատրվում անել:

Դատախազ Կարեն Բիշարյանը դիմողից հետաքրքրվեց նաև, որ երբ դիմում են ներկայացրել Բարձր դատարանին, ճշգրտե՞լ են` արդյո՞ք հավաստի է իրենց տրամադրության տակ հայտնված տեղեկատությունը, թե՞ ոչ:

Ի պատասխան` դիմողի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանն ասաց. «Մեզ ներկայացված հաղորդումների կապակցութամբ մենք կատարել ենք զուտ տեխնիկական ճշտումներ: Ճշտել ենք` արդյո՞ք առկա է տեղեկության փոխանցման փաստ: Մենք, ցավոք, չենք տիրապետում օպերատիվ-հետախուզական միջոցների, որոնք վերապահված են միայն պետական մարմիններին: Այդ հարցով թերացել ենք»:

Այս պահին իր դիրքորոշումն է ներկայացնում պատասխանող կողմի ներկայացուցիչ` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: