| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ՌԴ հումանիտար առաքելության կրթական ծրագրերի փոխտնօրեն Իրինա Վասիլևային: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ դպրոցներում գործածվող ռուսերենի դասագրքերի և ռուսերենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին առնչվող մի շարք հարցեր:
Նախարարը նշել է, որ հայ-ռուսական կրթական համագործակցությունը վերջին տարիներին նոր զարգացում է ապրել, մասնավորապես Հայաստանում գործող Հայ-ռուսական սլավոնական համալսարանին զուգընթաց Երևանում բացվել է նաև Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը: Լևոն Մկրտչյանը կարևորելով ՀՀ-ում գործող ռուսական բուհերի ներուժը, միաժամանակ ընդգծել է, որ այն պետք է նպաստի դպրոցներում ռուսաց լեզվի զարգացմանը և ուսուցման արդյունավետության բարձրացմանը: Ներկայացնելով Հայաստանում դասագրքերի ստեղծման և ուսուցիչների վերապատրաստման գործընթացները՝ ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ այժմ քայլեր են ձեռնարկվում այդ համակարգերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ և այս տեսանկյունից ռուսական կողմը կարող է աջակցություն ցուցաբերել ինչպես դասագրքերի բովանադակային բարելավման, այնպես էլ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների արդյունավետության բարձրացման առումով:
Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ բոլոր ուսուցիչները 5 տարին մեկ պարտադիր վերապատրաստումների են գնում. «Մենք որոշել ենք օտար լեզվի, այդ թվում նաև ռուսերենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները պատվիրակել մասնագիտացված կազմակերպություններին: Ռուսերենի դեպքում այդ գործառույթը կարող են վերցնել Հայ-ռուսական սլավոնական համալսարանը կամ Լոմոնոսովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղը»,- նշել է Լ. Մկրտչյանը:
ՌԴ հումանիտար առաքելության ներկայացուցիչը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է քննարկել ռուսաց լեզվի դասավանդման արդյունավետությունը բարձրացնելու առաջարկներն ու աջակցելու կրթական ծրագրերի արդյունավետ իրականացմանը:
ՀՀ ԿԳՆ