Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում» տեղի է ունեցել «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի «Վերապատրաստումների հանրապետական կենտրոնի» բացման պաշտոնական արարողությունը: Կենտրոնը նախագծվել և սարքավորումներով զինվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի օժանդակությամբ՝ ՀՀ դպրոցական խոհանոցների տիպային մոդելով: Կենտրոնի նպատակն է՝ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում ներգրավված աշխատակիցների (տնօրենների, խոհարարների, բժշկական անձնակազմի) որակավորման բարձրացումը, որը կապահովի ծրագրի սահուն փոխանցումը ՄԱԿ ՊՀԾ-ից ՀՀ կառավարությանը՝ պահպանելով իրականացման բարձր որակը, ինչպես նաև դպրոցներում տաք, անվտանգ և բալանսավորված սննդի ծրագրի արդյունավետ ներդրումը։
Միջոցառմանը ներկա են գտնվել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշեվիչը, ՌԴ ֆինանսների նախարարության և ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի» ներկայացուցիչներ: Վերջիններս շրջել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում վերանորոգված և սարքավորումներով հագեցված Վերապատրաստումների հանրապետական կենտրոնում, համտեսել դպրոցական ճաշը: Ելենա Միլոշեվիչը նշել է, որ ներկայումս Պարենի համաշխարհային ծրագիրը սնունդ է տրամադրում տարրական դասարանների 60.000 դպրոցականների ՀՀ հինգ մարզերում` Արագածոտն, Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք և Լոռի, իսկ ՀՀ կառավարությունը «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն իրականացնում է մյուս հինգ մարզերում` Շիրակ, Սյունիք, Տավուշ, Վայոց Ձոր և Արարատ` ընդգրկելով տարրական դասարանների 40.000 աշակերտ: «Ծրագիրն ունի երեք բաղկացուցիչ՝ ենթակառուցվածքների վերանորոգում, որպեսզի սննդի պատրաստման գործընթացն իրականացվի պատշաճ պայմաններում, բազմազան սննդի տրամադրում և երեխաների՝ տարբեր սոցիալական հարցերի շուրջ միավորում, որոնք կապված են ներգրավվածության, սեռերի միջև հավասարության և այլ խնդիրների հետ: Վերանորոգումն ընդհանուր առումով համայնքի մոբիլիզացման գործընթաց է, երբ ողջ աշխատանքներն իրականացվում են համայնքի տարբեր ներկայացուցիչների հետ գործընկերային հարաբերություններ ստեղծելով: Այն ներառում է նաև տեղական արտադրություն»,-նշել է Ելենա Միլոշեվիչը՝ ընդգծելով, որ տպավորված է կենտրոնի գործունեությամբ, քանի որ այստեղ, ի վերջո, վերապատրաստվում են այն խոհարարները, որոնք հետագայում երեխաների համար պատրաստում են ճիշտ բալանսավորած և համեղ սնունդ:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը և Պարենի համաշխարհային ծրագիրը «Դպրոցական սնունդ» ծրագիրն իրականացնում են 2010 թվականից՝ ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի տեխնիկական և Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ: 2017 թվականից առ այսօր վերապատրաստվել է ՀՀ Տավուշի, Շիրակի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի 483 տնօրեն և 398 խոհարար: Նոյեմբերի 2-ից կմեկնարկեն Արագածոտնի մարզի ներկայացուցիչների վերապատրաստումները: