կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-26 17:18
Հասարակություն

Գերմաներենի դասավանդման արդյունավետությունը` հանդիպման առանցքում

Գերմաներենի դասավանդման արդյունավետությունը` հանդիպման առանցքում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը  հանդիպում է ունեցել  ՀՀ-ում  ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի և ՀՀ-ում գերմաներեն լեզվի զարգացման աշխատանքային խմբի հետ, որտեղ ներգրավված են Հայաստանում գործող գերմանական մասնագիտական կազմակերպությունների՝ Գյոթեի անվան ինստիտուտի, Գերմանիայի արտասահմանյան դպրոցների կենտրոնակայանի (ZfA)  և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են դեսպանատան աջակցությամբ մշակված Հայաստանի Հանրապետության դպրոցներում գերմաներենի զարգացումը խթանելու առաջարկները: Շնորհակալություն հայտնելով դեսպանին համագործակցության համար՝ ԿԳ նախարարը նշել է, որ օտար լեզուների զարգացման համատեքստում նախարարությունը կարևորում է միջազգային շահագրգիռ գործընկերների փորձագիտական, մեթոդական և գործնական աջակցությունը:

Հանդիպման ընթացքում դեսպան Մաթիաս Քիսլերը ներկայացրել է գերմանական կողմի առաջարկները՝ գերմաներենի խորացված ուսուցմամբ դպրոցների ցանցի ընդլայնման և հայ-գերմանական կրթական համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Ներկայումս Հայաստանի 7 դպրոցներ, որպես  գերմաներենի խորացված դպրոցների ցանցում (PASCH) ընդգրկվածներ,  աջակցություն են ստանում Գերմանիայի կողմից: Նշված դպրոցներից 5-ը  Գերմաներենի լեզվական դիպլոմ DSD ծրագրում են ընդգրկված, իսկ Երևանի թիվ 119 դպրոցը ծրագրի ավարտին շրջանավարտներին տրամադրում է DSD-2 լեզվական իմացության դիպլոմ: Գերմանական կողմն առաջարկում է ավելացնել DSD լեզվական իմացության դիպլոմի ծրագրով լեզվի ուսուցում կազմակերպող դպրոցների թիվը ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ մարզերում՝ մասնավորապես Շիրակի մարզկենտրոն Գյումրիում:  Այս համատեքստում անդրադարձ է եղել  դպրոցների ընտրության չափանիշներին.  գերմանական կողմը հետաքրքրված է հատկապես ֆիզմաթ և բնագիտական թեքում ունեցող դպրոցներով:

Նշվել է, որ այժմ քննարկվում է Հայաստանի ավագ դպրոցների բարձր առաջադիմությամբ շրջանավարտների Գերմանիայի բուհերում  բարձրագույն  կրթություն ստանալու հնարավորությունը` DSD-2 լեզվական իմացության դիպլոմի առկայության պարագայում: Անդրադարձ է եղել նաև DSD- 2 լեզվական իմացության դիպլոմը Հայաստանի բուհերի ընդունելության համակարգում ներառելու հարցին:

Գերմաներենի զարգացման հայեցակարգի համատեքստում կարևորվել են նաև գերմաներենի ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը, որոնք իրականացվում են Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) կողմից:

Ընդգծելով, որ  ներկայացված առաջարկների հիմնական  մոտեցումներն ընդունելի են,  նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է   Գերմանիայի կողմից  միայն լեզվի իմացության հավաստումն ունենալու դեպքում Հայաստանի ավագ դպրոցների կրթական աստիճանը ճանաչելու պատրաստակամությունը, որը խթանող գնահատական է Հայաստանի կրթական բարեփոխումների  ճանապարհին:

Նախարար Մկրտչյանը կարևորել է նաև գերմաներեն լեզվի տարածումը միջին մասնագիտական կրթության ոլորտում՝ հաշվի առնելով, որ զուգահեռաբար ընթանում է գերմանական դուալ կրթության համակարգը Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում ներդնելու գործընթացը: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) կրթաթոշակային ծրագրերին, քննարկվել են նաև աշխատանքային մի շարք այլ հարցեր: 

ՀՀ ԿԳՆ