Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպեցին որոշ մտավորականներ` խոսելու նախընտրական իրադարձությունների, ընտրությունների արդյունքի ու դրա պատճառների մասին:
Գրականագետ Դավիթ Գասպարյանը նշեց, որ թեև իշխանությունը վերարտադրվեց, բայց նոր էջից ենք սկսելու ամեն ինչ: Նրա բնորոշմամբ` նոր էջից շարունակվելու է հին պատմությունը: Գասպարյանը նշեց, որ, որքան էլ տարօրինակ թվա, ուզում է շնորհավորել բոլոր նրանց, ովքեր խորհրդարան են անցել, իսկ մենք պետք է պարբերաբար հիշեցնենք նրանց խոստումներն ու ստիպենք կյանքի կոչել դրանք:
«Երեք բան պետք է փոխվի մեզանում` բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է կարգավորվի, տնտեսական առաջընթացի քայլեր պետք է արվեն, և այս խայտառակ արտագաղթը պետք է կասեցվի: Ճիշտ է, առանձնապես լույսի ճանապարհ չէ քաղաքական ուժերից ենթադրվելիքը, բայց, մեկ է, մեզ թթվածին է հարկավոր, ոչ թե ածխաթթու գազ: Աստված տա` մի քիչ փոխվեն, թե չէ` ճահճի մեջ ենք խրված»,- ասաց Գասպարյանը:
Երգիչ, երգահան Վահան Արծրունու կարծիքով էլ` ընտրությունները ուղղորդվեցին գործընթացներով, որոնք օրենքից դուրս էին: Ըստ նրա` եթե մարդու` ազատ ընտրելու իրավունքը պաշտպանված է, ձայների բաշխումն արդարացված է լինում, բայց մեր պարագայում նույնիսկ հանցավոր գործոններն էին աշխատում: Ուստի, երգչի հավաստմամբ, մեր դեպքում իրավունք չունենք աշխարհում ընթացող ժողովրդավարության դիրքերից խոսելու:
«Ժողովրդավարությունն իրականում բարոյականության դրսևորում է, մարդիկ էլ շատ «բարոյական» գտնվեցին` վերցնելով փողն ու ընտրելով նրան, ումից վերցրել էին ընտրակաշառք: Սա հասարակության այլասերում է, երբ ինքն իր բարոյականության դրսևորումն անբարոյականության մեջ է տեսնում: Ամենավատն այն է, որ գումար վերցնողը չի ամաչում իր քայլից: Կարծում եմ` Հաց բերողի մարտիրոսությունը` հանուն արդարության, այն նշանն է, որի բարձունքից պիտի դատենք ինքներս մեզ»,- ասաց Արծրունին:
Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ նշեց, որ ընտրությունների արդյունքը կանխատեսելի էր, քանի որ միայն ընտրության ակտով որևէ բան չի փոխվում: Ըստ նրա` քվեարկությունն ընտրությունը չէ, քանի որ ընտրությունը քաղաքակրթական կողմնորոշում է, արժեքային համակարգի ձևաչափ, իսկ քվեարկությունն ընդամենը այդ ընտրությունն է հաստատում: Բաբայանի համոզմամբ` այն, ինչ կատարվում է հասարակության մեջ, տեղափոխվում է ընտրությունների դաշտ, և մարդիկ որոշում են, որ ընտրության ժամանակ էլ կարելի է ամեն ինչ գնել ու վաճառել:
«Չկան առողջ և հիվանդ ազգեր: Յուրաքանչյուր ազգ կազմված է մարդկանցից, ովքեր անընդհատ փորձում են կրթվել, զարգանալ, և եթե այդ մարդկանց թիվը շատ է, ժողովուրդն էլ է զարգանում: Եթե մենք ի սկզբանե համարում ենք, որ մենք իդեալական ենք և, ոչինչ չանելով ու ուղղակի մարդկանց տեղերով փոխելով, ինչ-որ լավ բանի ակնկալիք ունենք, ոչ մի բանի չենք հասնի: Զարմանալիորեն, բայց նույն արմատից բուսնեցին երկու տարբեր երևույթներ` ընտրությունները բոյկոտողներն ու փող վերցնողները. երկուսն էլ նույն գաղափարախոսությունն ունեն` չեն հավատում: Միայն մի բան է հստակ` ազգի բարոյալքությունն ամենևին էլ կուսակցություններից չի կախված»,- ասաց Բաբայանը:
Նա նշեց նաև, որ մենք վերացրել ենք «աշխատանք» հասկացությունը, և դա հենց կուսակցություններն են վերացրել` 4-5 տարվա մեջ ոչինչ չանելով, վերացրել ենք հասարակության հետ նորմալ շփումը, զբաղված ենք միայն նրանով, որ ամբողջ օրը միայն երգում ենք` «Օ, հա'յ ազգ, դու ամենահանճարեղն ես, մենք էս ենք ունեցել, էն ենք ունեցել»: Սակայն, ըստ Բաբայանի, չենք հասկանում, որ մեր ունեցածը պարտավորեցնում է մի քիչ համապատասխանել նրան, ինչ ունեցել ենք, ոչ թե արդարացնում է մեր` ոչինչ չանելը:
«Չեմ կարծում, որ սա հայկական հիվանդություն է, սա «նորմալ» երևույթ է, ուղղակի հասարակությունը պետք է սթափ տեսնի իր պատկերը հայելու մեջ, կատարի ախտորոշում և զբաղվի բուժվելով: Կրթվել է պետք, չի կարող լինել քաղաքակիրթ երկիր անկիրթ հասարակության մեջ: Մենք դիմում ենք դիտորդներին ու ասում, թե չե՞ն նկատել, որ փող են բաժանում: Ի՞նչ է` դիտորդներին ասում ենք` եկեք և մեր բարոյականությա՞մբ զբաղվեք, մենք արդյո՞ք այն ազգն ենք, որ չի կարող սեփական բարոյականության խնդիրները լուծել»,- ասաց Բաբայանը:
Գումար բաժանող քաղաքական ուժերի հույսերը, թե մարդկանց փող են տվել և այսուհետ փող վերցնողներն իրենց թիկունքին կանգնած կլինեն, ըստ նրա, չեն արդարանալու. մի փոքր կայծ և փող վերցնողը քարը ձեռքին կարող է հարվածել փող տվողին, քանի որ նա գաղափար, սկզբունք, բարոյական հիմք չունի: «Ավելի լավ է` ընտրատեղամասում գլուխ ջարդեն, քան փող բաժանեն, քանզի եթե գլուխ են ջարդում, գոնե հասկանում ես, որ դիմադրողականություն կա, իսկ երբ փող են բաժանում, նշանակում է` գործարքի մեջ են նրանց հետ: Եթե դիմացինը սրիկա է` չի նշանակում, որ ես էլ պիտի սրիկա լինեմ, միշտ էլ կարող ես կարգին մարդ լինել»,- նշեց Բաբայանը: