կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-24 15:20
Քաղաքական

Մասնակից ուժերն ամփոփեցին Երևանի ավագանու ընտրությունները

Մասնակից ուժերն ամփոփեցին Երևանի ավագանու ընտրությունները

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն արդեն անցյալում են: Մայրաքաղաքի մամուլի ակումբներից մեկում ընտրություններն ամփոփելու էին եկել մասնակից  քաղաքական կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչները: «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնում էր Անդրանիկ Գրիգորյանը, «Լույս» դաշինքը` Անի Սամսոնյանը, «Իմ քայլը» դաշինքը` Վահան Կոստանյանը, ԲՀԿ-ն` Արման Աբովյանը, ՀՅԴ-ն` Դավիթ Հակոբյանը: Ասուլիսի սկզբում նրանք շնորհավորեցին Վահան Կոստանյանին և ընդունեցին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների թափանցիկությունը, արդարությունն ու բացառիկությունը, նշեցին, որ, որպես այդպիսին, լուրջ ընտրախախտումներ և թերություններ գեթե չեն գրանցվել: Վահան Կոստանյանը, ընդունելով շնորհավորանքները, իր հերթին բոլորին շնորհավորեց վերջին 23 տարիների ընթացքում Հայաստանում անցկացված առաջին թափանցիկ, ազատ  ընտրությունների առթիվ: «Հայաստանի Հանրապետությունում հեղափոխությունը շարունակվում է, և այն մտավ Երևանի քաղաքապետարան»,- նշեց նա և ավելացրեց, որ այն բարձր տոկոսները, որ գրանցվել են քվեարկության արդյունքում, ցույց են տալիս, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն շուտափույթ:

ՀՅԴ ներկայացուցիչ Դավիթ Հակոբյանն էլ  այս ընտրությունները համարեց 1991 թվականից հետո Հայաստանում անցկացված բացառիկ արդար և  թափանցիկ ընտրություն: «Այս ընտրությունների արդյունքը պետք է էլ ավելի միավորի մեր ժողավրդին: Սրանք չպետք է դիտարկել որպես կենաց-մահու կռիվ: Թեպետ պետք է փաստել, որ սրանք նման էին «հնի» և «նորի» կռվի, և վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության քվե տալուն, քան քաղաքապետի ընտրության»,- ասաց նա:

ԲՀԿ ներկայացուցիչ Արման Աբովյանը, հաշվի առնելով նախընտրական քարոզարշավի ընթացքում օգտագործված միջոցները` սև PR-ը և այլն, այնուամենայնիվ,  Երևանի ավագանու ընտրությունները նույնպես համարեց լավագույնը վերջին տարիներին և շեշտեց, որ իրենց խմբակցությունը առաջիններից է ընդունել դրանց արդյունքները ու շնորհավորել «Իմ քայլը» դաշինքին: Ըստ նրա` իրենց խմբակցության նպատակը ոչ թե ընդդիմություն լինելն է, այլ քաղաքացիների շահերի պաշտպանությունը:

«Ժառանգության» ներկայացուցիչ Անդրանիկ Գրիգորյանը հույս հայտնեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ներկայացված ծրագիրը կիրագործվի, և այս ընտրությունները կլինեն վերջինը, որոնց ընթացքում կթևածի Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի ուրվականը: «Սերժ Սարգսյանը անապատացրել էր քաղաքական դաշտը, և մինչև 2018թ. ապրիլը գործում էր միայն մեկ խնդիր` ազատվել Հանրապետական կուսակցվությունից: Ի պատիվ վարչապետի` այդ խնդիրը լուծվեց, բայց դեռ քիչ  ժամանակ է անցել ճիշտ հաջորդականություն` պարադիգմա ստեղծելու և միակուսակցականությունից խուսափելու համար: Պետք չէ կրկնել ՀՀՇ-ի «պոլի փետ լինի, միայն ՀՀՇ-ից լինի» սխալը»,- նշեց նա:

Ի պատասխան Անդրանիկ Գրիգորյանի հնչեցրած կարծիքին, Վահան Կոստանյանն ասաց, որ պատմությունը ամենևին էլ չի կրկնվում, և ՔՊ կուսակցությունը արագ մեծացման և անդամագրման չի գնում. վերջին շրջանում ստացած 6000 դիմում-հայտերից մի հարյուրյակ է հաստատվել: Եվ եթե իրենք ուզենային միակուսակցականացել դաշտը, ընտրություններին կմասնակցեին ոչ թե դաշինքով, այլ կուսակցությամբ:

Կուսակցությունների ներկայացուցիչներն ասացին, որ, անկախ այս ընտրությունների արդյունքներից,  իրենք մասնակցելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններին: