Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը պետք է քններ պահեստազորի գնդապետ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանին վաղաժամկետ ազատ արձակելու դիմումը: Սակայն այսօրվա դատական նիստին չէր ներկայացել «Անկախ հանձնաժողովի» ներկայացուցիչը: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ դատարանը որևէ տեղեկություն չունի ներկայացուցչի չներկայանալու վերաբերյալ:
Հաշվի առնելով, որ առանց նրա հնարավոր չէր քննարկել պաշտպանի դիմումը, դատական նիստը հետաձգվեց:
Մինչ այդ Վոլոդյա Ավետիսյանը խոսեց լրագրողների հետ՝ ասելով, որ հույս չի կապում դատարանի հետ, և որ մայիսի 25-ին ազատ է արձակվելու:
Ավետիսյանի պաշտպան Արաքս Մելքոնյանն ասաց, որ իր վստահորդն արդեն կրել է պատժի մեծ մասը, և բավականին քիչ ժամանակ է մնացել պատժի կրման ավարտին: Նրա խոսքով՝ Վոլոդյա Ավետիսյանը դրական է գնահատվում ՔԿՀ վարչակազմի կողմից: Նրան վաղաժամկետ ազատ արձակելու խնդրանքով 6 անգամ դիմել են «Անկախ հանձնաժողովին», սակայն առանց հիմնավորման մերժում են ստացել: «Մենք չենք բողոքարկում «Անկախ հանձնաժողովի» որոշումը, մենք ուղղակի դիմում ենք, որպեսզի դատարանը որոշի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցը»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Ավետիսյանը կալանքի տակ է 2013-ի սեպտեմբերից: 2014-ի հուլիսի 17-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանի վճռով Վոլոդյա Ավետիսյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խարդախությունը` մի խումբ մարդկանց հետ ընդհանուր համաձայնությամբ) եւ ՀՀ ՔՕ 34-178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խարդախության փորձը) և դատապարտվել 6 տարի ժամկետով ազատազրկման:
Համաձայն մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, նաև 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Ավետիսյանը, սակայն, իրեն առաջադրված մեղադրանքը չէր ընդունում և համարում, որ իր դատապարտպան պատճառը քաղաքական է:
Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: