կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-02 12:15
Իրավական

Խաչիկյանի և մյուսների դատապարտումից հետո սոցապի ևս մեկ աշխատակցի գործ ուղարկվեց դատարան

Խաչիկյանի և մյուսների դատապարտումից հետո սոցապի ևս մեկ աշխատակցի գործ ուղարկվեց դատարան

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և ծառայության 12 այլ պաշտոնյաների դատապարտումից ամիսներ անց ՀՀ գլխավոր դատախազությունը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկել նույն ծառայության մեկ այլ պաշտոնյայի վերաբերյալ գործ:

 

Խոսքը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ապահովության պետական ծառայության Երևան քաղաքի «Ավան և Նոր Նորքի» տարածքային բաժնի պետ Արամ Մարտիրոսյանի մասին է: Նա նույնպես մեղադրվում է,  2009-2010թթ. ընթացքում պաշտոնական դիրքն օգտագործելով, Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի` 64.078.853 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարները հափշտակելու, ինչպես նաև պաշտոնական կեղծիք կատարելու մեջ: Արամ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի և 314-րդ հոդվածի հատկանիշներով:

 

Ի տարբերություն իր նախկին գործընկերների՝ Արամ Մարտիրոսյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Հիշյալ գործը մակագրվել է նույն դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին:

 

Հիշեցնենք, որ 2014թ. դեկտեմբերի 8-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի վճռով, Վազգեն Խաչիկյանը դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման: