կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-26 15:33
Իրավական

Վոլոդյա Ավետիսյանը դատարանում սենսացիոն հայտարարություն արեց

Վոլոդյա Ավետիսյանը դատարանում սենսացիոն հայտարարություն արեց

Այս պահին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ընթանում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով առաջին դատական նիստը. դատարանից տեղեկացնում է Yerkir.am-ի թղթակիցը:

 

Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը քիչ առաջ ինքնաբացարկի դիմում ներկայացրեց դատավորին, ինչին մանրամասնորեն կանդրադառնանք ավելի ուշ:

 

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ: Նա նախ  նշեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, ապա հայտարարեց, որ նախորդ տարվա մայիսին, երբ ինքը նստացույց էր անում' հանուն  ազատամարտիկների սոցիալական իրավունքների պաշտպանության, իշխանական թեւի` իրեն ծանոթ ներկայացուցիչներ իրեն կլորիկ գումար են առաջարկել, խոստացել են վերականգնել ծառայության, որից ազատամարտիկը ժամանակին կամավոր էր հրաժարվել, նաեւ` բիզնես Էջմիածնում կամ Երեւանում, որպեսզի նա դադարեցնի նստացույցը եւ հրաժարվի պայքարից:

 

Այդ առաջարկից ազատամարտիկը հրաժարվել է: Դրանից հետո նրան բազմիցս զգուշացրել են դադարեցնել նստացույցը, ինչից հետո էլ կազմակերպել ու հարուցել են  այս գործը: Ավետիսյանը նշեց, որ իր ընտանեկան հեռախոսազրույցները գաղտնալսվել են, եւ դրանք վերագրվել են այս գործին: Նրա խոսքով' կալանավորումից հետո քննիչն  առաջարկել է իրեն, որ եթե ինքը խոստանա հրաժարվել պայքարից ու լրագրողների հետ հանդիպելուց, ապա քննիչը դատական հաջորդ նիստին  միջնորդություն կներկայացնի' իրեն ազատ արձակելու մասին: Այս առաջարկից նույնպես, հայտարարեց Վոլոդյա Ավետիսյանը, ինքը  հրաժարվել է եւ ասել. «Ես իմ հոգին եւ հայրենիքը չեմ ծախում»...

 

Վոլոդյա Ավետիսյանի' դահլիճում ներկա հարազատներն ու մարտական ընկերները ազատամարտիկի այս հայտարարությունն ընդունեցին բուռն ծափահարություններով: