Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԱԾ-ն երեկ հաստատեց Արցախյան պատերազմի հերոս, ԱՀ պաշտպանության նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալումը: Նա կասկածվում է երկու անձանց կողմից ապօրինի «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումը պատվիրելու մեջ: «Իգլա»-ի` Հայաստան տեղափոխման և առգրավման հետ կապված քրեական գործի հարուցման վերաբերյալ ԱԱԾ-ն հայտնել էր ավելի վաղ:
Սամվել Բաբայանի համախոհներից` Արցախի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը ձերբակալման մասին հրապարակումներից հետո հաստատել էր տեղի ունեցածը և կարծիք հայտնել, թե դա հետապնդում է քաղաքական շարժառիթներ ու պայմանավորված է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին Բաբայանի ցուցաբերած քաղաքական աջակցությամբ:
Սամվել Բաբայանը երբեք չի թաքցրել ՕՐՕ-ի հանդեպ իր համակրանքը: Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ Բաբայանը ոչ միայն աջակցում է դաշինքին, այլև դրա ոչ ֆորմալ, ստվերային ղեկավարն է և ուղղորդում է այնտեղ կայացվող բոլոր առանցքային որոշումները: Այն, որ Բաբայանն իսկապես մեծ ազդեցություն ունի ՕՐՕ-ի վրա, հաստատեցին նաև դաշինքի երեք ղեկավարները՝ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյան, հանդես գալով Բաբայանի ձերբակալությունը մեկնաբանող համատեղ հայտարարությամբ: Նրանք թե' ՀՕՊ զինամթերքի ապօրինի ներկրման և թե' Սամվել Բաբայանի ձերբակալությունը որակեցին «քաղաքական ենթատեքստ ունեցող» և իշխանություններին մեղադրեցին «երկրում վախի մթնոլորտ ձևավորելու և ընտրությունների արդյունքների վրա հակաօրինական միջոցներով ազդելու մեջ»: Ուշագրավ է, որ, չնայած քաղաքական ստվերային աջակցությանը, Բաբայանը ՕՐՕ-ի կազմում չէ և ընտրություններին չի մասնակցում:
Մարտի 14-ին ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչների մասնակցությամբ Ջրառատում տեղի ունեցած միջադեպից հետո Սամվել Բաբայանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել էր. «Խորհուրդ չեմ տալիս, որ կանգնեն դաշինքի դեմ, որովհետեւ, այդպես կրակելով, տեղ չեն հասնի: Եթե այսօր իրենք են կրակում, վաղը կարող է մյուս կողմը կրակի, ու, ընդհանրապես, իրենց ողջ-առողջ չգտնեն»: Ըստ թերթի՝ Բաբայանը նաև հավելել էր, որ եթե այսպես շարունակվի, արյունահեղություն է լինելու:
Այս սպառնալիքների հնչեցումը գրեթե համընկավ անազատության մեջ գտնվող` «Սասնա ծռեր» զինված խմբի մամուլի խոսնակ Վարուժան Սուքիասյանի և Ժիրայր Սեֆիլյանի համատեղ հայտարարությանը, որով նրանք ոչ միայն ողջունում էին Ջրառատում «բռնությանը բռնությամբ» պատասխանելու` ՕՐՕ-ականների քայլը, այլև, դա համարելով «առողջացնող», կոչ էին անում դիմել անհնազանդության և ընտրություններում պաշտպանել ՕՐՕ դաշինքին: Հայտարարությամբ հանդես եկավ նաև «Սասնա ծռեր»-ին աջակցության համար կալանավորված ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանը: Նշելով, թե ԼՂ հարցում որդեգրված դիրքորոշման պատճառով բանակի և երկրի քաղաքական իշխանության միջև խոր հակասություններ են առաջացել, նա հույս էր հայտնվում, որ բանակը, ընդդիմադիր քաղաքական ուժերը, քաղաքացիական հանրությունը և ժողովուրդը միասին կվերացնեն «քրեական ռեժիմը և կվերականգնեն սահմանադրական կարգը»։ Այս հայտարարությունների ներքին տրամաբանական կապը կամ նմանությունը չի կարելի չնկատել:
Մարտի 17-ին, այսինքն` Ջրառատի դեպքերից երեք օր անց «Ժամանակ» թերթը տեղեկություն հրապարակեց, թե Սամվել Բաբայանը պատրաստվում է ՕՐՕ-ի` ԱԺ չանցնելու դեպքում հետընտրական լայնածավալ ակցիաներ սկսել՝ ընդհուպ «Սասնա ծռեր»-ի օրինակով պետական հաստատություններ գրավելը հանրապետության մի քանի բնակավայրերում: Այս տեղեկատվությունը տարօրինակ զուգադիպությամբ նույն թերթում հրապարակվեց նաև Բաբայանի ձերբակալության օրը՝ մարտի 22-ին: Սակայն դրանում մի ուշագրավ ընդգծում կար առ այն, որ իշխանությունները մանրամասն տեղեկություն ունեն Բաբայանի կողմից զինված գործողությունները ոչ թե ապրիլի 2-ից հետո, այլ դրանից առաջ իրականացնելու վերաբերյալ, սակայն չեն դիմում ձերբակալությունների, որպեսզի չբարձրացնեն ՕՐՕ-ի վարկանիշը:
Զերբակալությանը նախորդած այս պրոցեսներից հետևում է ուշագրավ պատկեր: Մի կողմից` տեղեկատվական հոսքերը վկայում էին Սամվել Բաբայանի ստվերային դերակատարության ակտիվացման, հատկապես` Բաբայան-Օհանյան-«Սասնա ծռեր» առանցքի ուրվագծման մասին: Բաբայանի ու «Սասնա ծռեր»-ի կողմից տարվում էր ՕՐՕ-ն զգալիորեն ռադիկալացնելու և դրանով հետընտրական կամ գուցե նաև նախընտրական զարգացումներ ծավալելուն հանրության տրամադրությունները գեներացնելու տեղեկատվական-քաղաքական արշավ: Մյուս կողմից` տեղեկատվական խողովակներով իշխանությունը հասկացնում էր, որ ակնդետ հետևում էր այդ ամենին և հանդես էր գալիս գրեթե բացահայտ զգուշացումներով:
Հետաքրքական է երեք հանգամանք: Նախ՝ ինքնին «Իգլա» զինամթերքը նախատեսված է հակաօդային պաշտպանության համար, թեև այլ նպատակով դրա կկրառումը ևս բացառել չի կարելի: Ինչպե՞ս կարող էր այն առնչություն ունենալ ներքին հնարավոր զինված գործողություններին, ինչո՞ւ պետք է Բաբայանը հատկապես նման զենք ներկրելու պատվեր տար, դեռևս պարզ չէ:
Երկրորդ՝ այս փուլում Բաբայանի ձերբակալությունը կարող է երկակի ազդեցություն ունենալ ՕՐՕ-ի վարկանիշի վրա: Մի կողմից` ՕՐՕ-ի և Բաբայանի կապի համատեքստում վերջինիս ձերբակալությունը կարող է ընկալվել որպես այդ ուժից իշխանության վախենալու ազդակ, ինչը հանրության դժգոհ շրջանակներին ավելի կկողմնորոշի դեպի այս դաշինքը: Մյուս կողմից` Բաբայանի ձերբակալությանը ՕՐՕ-ի` չափից դուրս օպերատիվ արձագանքը և ձերբակալության քաղաքականացումը անհարմար վիճակ է ստեղծում հենց դաշինքի համար: Նախ՝ առաջանում է զինված ապստամբության հնարավոր նախապատրաստության հետ չասոցացվելու խնդիր, երկրորդ՝ դաշինքը պետք է հիմնավորի` եթե այդ ձերբակալությունն ուղղակիորեն իր դեմ է ուղղված, ապա ինչպե՞ս կարող է ո'չ դաշինքի անդամ, ո'չ էլ պատգամավորության թեկնածու Բաբայանի ձերբակալությունը խոչընդոտել իրենց ընտրություններում:
Երրորդ՝ ՕՐՕ-ի շուրջ ընթացող տեղեկատվական հոսքերը հաշվի առնելով` իրավապահների գործողություններին դժվար է տալ նախապաշարմունքային, ստերեոտիպային գնահատական` նախորդ տարվա ամռանը «Սասնա ծռեր»-ի իրականացրած և մարդկային կորուստների հանգեցրած գրոհի ֆոնին: Բացի դրանից՝ զուգահեռներ են անցկացվում 2000 թ. մարտի 22-ին Ստեփանակերտում ԱՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ կատարված մահափորձի հետ, որի իրականացման համար Սամվել Բաբայանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման, սակայն 2004թ. ազատ արձակվեց Ղուկասյանի կողմից ներում ստանալուց հետո: Ամեն դեպքում պարզ է, որ, առանց լուրջ հիմքերի, նախընտրական այս շրջանում գնալ նման քայլի, իշխանության համար ռիսկային է: Անուղղակիորեն հարվածի տակ է հայտնվում ՀՀԿ-ն, և, անկախ ամեն ինչից, մեծ ստվեր է գցվում ամբողջ ընտրական գործընթացի վրա:
Գևորգ Դարբինյան