կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-16 13:22
Իրավական

Միջազգային իրավական հարթակում առաջին անգամ քննարկվել է Արցախի հետ առնչվող հարց. Գևորգ Կոստանյան

Միջազգային իրավական հարթակում առաջին անգամ քննարկվել է Արցախի հետ առնչվող հարց. Գևորգ Կոստանյան

Միջազգային իրավական հարթակում առաջին անգամ քննարկվել է Արցախի հետ առնչվող հարց: Խոսքը վերաբերում է ՄԻԵԴ-ում «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործերին. այսօր լրագրողներին հայտնեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը՝ ներկայացնելով ՄԻԵԴ-ի վերին պալատի կողմից այս երկու գործերով կայացված վճիռները:

Նրա խոսքով՝ հայկական կողմի համար կարևորագույն ձեռքբերումներից մեկն այն է, որ առաջին անգամ իրավական գործընթացում ներգրավվել է Արցախի ներկայացուցիչը:

«Անցյալ տարվա հունվարից մենք բանակցություններ էինք վարում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը ներգրավվի այս գործընթացում: Այս տարվա մարտին ԼՂՀ նախագահի խորհրդականը ներգրավվեց և Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցեց նիստին: Որքանով ինձ հայտնի է, առաջին դեպքն է, երբ Եվրոպայի խորհրդի կամ որևէ այլ միջազգային կազմակերպության պաշտոնական միջոցառմանը մասնակցում է ԼՂՀ ներկայացուցիչը»,- ասաց նա:

Կոստանյանի խոսքով՝ նիստի ընթացքում նախ քննարկվել է «Չիրագովն ընդդեմ Հայաստանի», ապա՝ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով վճիռների կատարման հարցը:

«Ես` որպես պատվիրակության ղեկավար, ներկայացրեցի մեր դիրքորոշումը, ապա ձայնը փոխանցեցի ԼՂՀ ներկայացուցիչ Բաբայանին: Նա հատուկ ընդգծեց, որ հարցը քննարկվել է ԼՂՀ նախագահի և իշխանության մյուս թևերի ներկայացուցիչների հետ: Բնականաբար, Ադրբեջանի պատվիրակն ընդհատեց ելույթը: Հետո ես ներկայացրեցի իրավիճակը, նիստը շարունակվե:, ԼՂՀ ներկայացուցիչը մինչև վերջ իր դիրքորոշումը ներակայացրեց»,- ասաց նա:

Կոստանյանը նշեց, որ Հայաստանի պատվիրակությունը մտավախություն ուներ, որ Ադրբեջանը ջանքեր կգործադրի, և Արցախի ներկայացուցչին կհանեն նիստերի դահլիճից, քանի որ, ֆորմալ առումով, նախարարների խորհրդի նիստին մասնակցելու հնարավորություն ունեն բացառապես Եվրոպայի խորհրդի անդամ պետության ներակայացուցիչները, իսկ Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէ:

«Մենք, այնուամենայնիվ, հասանք նրան, որ ԼՂՀ ներկայացուցիչը ելույթն ավարտին հասցնի: Բաբայանն ամբողջությամբ և սպառիչ ներկայացրեց Ղարաբաղի դիրքորոշումը` այս հարցի հետ կապված: Նիստի հաջորդ օրն անընդհատ քննարկվել է ԼՂՀ-ի ներկայացուցչի մասնակցության հարցը: Մենք ասացինք, որ նա Հայաստանի պատվիրակության անդամ է, և նրան որևէ մեկը չի կարող հեռացնել»,- ասաց նա:

Կոստանյանի խոսքով՝  Նախարարների կոմիտեն, ըստ կարգի, երկու գործերի վերաբերյալ որոշման նախագծեր պատրաստեց, և ժամանակ տրամադրեց կողմերին` դրա վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու: «Չիրագովի գործով ընդամենը ֆիքսել էին, որ կոչ են անում ՀՀ-ին` շարունակել բանակցությունները ՝ առանց որևէ ժամկետ նշելու: Մենք հայտնեցինք, որ սկզբունքորեն դեմ էինք Ադրբեջանի դիրքորոշմանը, և ներկայացրեցինք մեր հիմնավորումները: Նախարարների կոմիտեի քվեարկությամբ Ադրբեջանի առաջարկությունները մերժվեցին, կողմ էին միայն Թուրքիան և Ադրբեջանը: Սակայն, երբ քննարկման դրվեց մեզ ձեռնտու որոշման նախագիծը, 35 պետություն կողմ քվեարկեց մեր առաջարկություններին, և միայն Ադրբեջանն էր դեմ, իսկ Թուրքիան ձեռնպահ մնաց: Հօգուտ մեզ որոշումն ընդունվեց»,- պատմեց ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ Նախարարների կոմիտեի քվեարկության արդյունքում Հայաստանն ընդամենը ստանձնեց պարտավորություն՝ շարունակել քննարկումները Նախարարների կոմիտեի հետ, մասնավորապես` Ադրբեջանի փախստականների հարցի կարգավորման կապակցությամբ առաջարկություններ ներկայացնել՝ առանց որևէ ժամկետային սահմանափակման: Իսկ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Նախարարների կոմիտեն հստակ պարտավորություն է ներկայացրել Ադրբեջանին ՝ մինչև հունիս ամիսը ժամկետային սահմանափակում դնելով Ադրբեջանի վրա:

«Մենք ասում ենք, որ թեև չենք ընդունում ՄԻԵԴ վճիռը, սակայն հարգում ենք այդ կառույցի որոշումը, բայց ունենք մեր առարկություններն ու դիտողությունները: Մենք անընդունելի ենք համարում, որ Ղարաբաղին առնչվող հարցը քննարկվի առանց Ղարաբաղի ներկայացուցչի մասնակցության, իսկ որևէ փախստականի վերադարձի կամ այլ կերպ փոխհատուցման մասին խոսելը հնարավոր է քննարկել բացառապես 3 պայմանների առկայության դեպքում`1. ֆիզիկական անվտանգության երաշխիքներ, 2. վստահության մթնոլորտի ձևավորում, 3. միջսահմանային միջադեպերի վերաբերյալ հետաքննության մեխանիզմների ստեղծում: Այսինքն`միայն այս երեք պայմանների առկայության դեպքում  Հայաստանը պատրաստ է քննարկել փոխհատուցման հնարավորության հարցը»,- ասաց նա և նշեց, որ երկու գործերով վճիռներում էլ գումարային փոխհատուցման վերաբերյալ խոսք չկա:

Կոստանյանը շեշտեց, որ առաջին դեպքն է, երբ Արցախի հետ կապված հարցը քննարկվում է միջազգային իրավական հարթությունում: «Մինչ այս Ղարաբաղյան խնդիրը քննարկվում էր բացառապես քաղաքական հարթակում»,- ասաց նա` միաժամանակ նշելով, որ այս հարցի քննարկումն իրավական հարթակում այնքան էլ ձեռնտու չէ թե' Հայաստանին և թե' Ադրբեջանին: Երբ խոսքը վերաբերում է իրավական գործընթացին, ելքը երբեք երաշխավորված չէ` անկախ նրանից` ինչ փաստարկներ ունենք և ինչպես ենք գնահատում ռիսկերը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով ՄԻԵԴ վճիռները վերաբերում են, համապատասխանաբար, Լեռնային Ղարաբաղի Բերձորի (Լաչին) շրջանից ազգությամբ քուրդ Չիրագովների ընտանիքի և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Սարգսյանների ընտանիքի՝ իրենց տները վերադառնալուն և ունեցվածքի նկատմամբ իրավունքները վերականգնելուն կամ արդարացի փոխհատուցում ստանալուն: Վերոնշյալ գործերով ՄԻԵԴ վճիռները հրապարակվել են 2015թ.  հունիսին։