կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-05 17:19
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանին զենքի վաճառքի հարց ՀԱՊԿ հարթակում չի բարձրացվում. Անդրանիկ Քոչարյան

Ադրբեջանին ՀԱՊԿ անդամ երկրներից զենք վաճառելու հարցը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում չէ, որ պետք է բարձրացվի՝ ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՊՆ վարչական համալիրում լրագրողների հետ զրույցում։

«Ո՛չ, համաժողովում նման հարց չի բարձրացվել, ասեմ, որ Կոորդինացիոն խորհրդի նիստում, որին մասնակցում էի Դուշանբեում, նույնպես այդպիսի հարց չի բարձրացվել։ Բայց, եթե դրա անհրաժեշտությունը լինի, անպայման կբարձրացվի»,- ասաց նա։

Քոչարյանն ընդունեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության խախտում կա, բայց ասաց՝ ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել է մեր բանակի զինատեսակների հեռանկարայնության մասին, և մենք պետք է վստահենք նախարարին։

Ի՞նչ է արվում խորհրդարանական մակարդակում. Անդրանիկ Քոչարյանն այսպես ներկայացրեց. «Պառլամենտական մակարդակում ՀԱՊԿ համակարգի ուժեղացմանը միտված խնդիրներ կան, որոնց ուղղված են նաև այսպիսի տարեկան հանդիպումները, նաև դրանց ընթացքում ընդունվելիք որոշումները, որոնք այսպես, թե այնպես առնչվում են պառլամենտական մակարդակում անդամ պետությունների անվտանգության համակարգին»։

Ապա հայտարարեց, որ չի կարծում, թե հավասարակշռությունը խախտված է, պարզապես Ադրբեջանն ավելի շատ զինատեսակներ է գնում. «Հիմա դա ո՞նց պետք է լուծվի: Շատ է քննարկվում, որ նրանց բյուջեից ավելի շատ են հատկացումները, մերից՝ ավելի քիչ, բայց դուք մոռանում եք, որ Ադրբեջանի զինված ուժերի կառուցվածքը մի փոքր այլ է՝ նրանք պահում են կովկասյան նավատորմ, որը բացարձակ չի մտնում հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության մեջ։ Դրանք հսկայական ծախսեր են, և եթե նայենք զուտ հակամարտություններին, եթե մեր ԶՈւ կառավարվածությունը բարձրացնենք, պետք է պատրաստ լինենք ավելիին, քան այսօր ունենք։ Այդ պատճառով մշտական արդիականացում է գնում»։

Լրագրողի դիտարկմանը, թե պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության մտահոգիչ լինելու մասին, Քոչարյանը պատասխանեց, որ իրենց «կոնտակտները խոսում են», որ խնդիրն այդքան սուր չէ։

«Դուք ուզում եք, որ ես ասեմ՝ դա վատ բան է։ Ես դա կասեմ՝ դա շատ վատ բան է։ Բայց մի՛ մոռացեք, որ նմանատիպ սպառազինությամբ նաև մեր զինված ուժերն  են հագեցած, և խնդիրը խաղաղության հասնելու, ոչ թե զենքի մեջ է։ Զենքի հավասարակշռության խնդիրը մշտական օրակարգային խնդիր է, և հակառակորդը պետք է չունենա զինատեսակի առավելություններ»,- ասաց նա։

ՀԱՊԿ անդամ պետություններից որևէ մեկի սահմանին սպառնալիքի դեպքում կառույցի արձագանքի մասին Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ՀԱՊԿ-ը ձևավորման էվոլյուցիոն հարթակում է և կարողանում է ձևավորել այն օրակարգը, որը վաղը հնարավորություն կտա կանխելու աղետալի զարգացումները։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-5-ը Երևանում անցկացվում են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդի և Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստերը:

Մանրամասները՝ տեսանյութում: