կարևոր
1435 դիտում, 14 ժամ առաջ - 2025-04-15 13:09
Քաղաքական

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ աշխատանքային քննարկում «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակում

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ աշխատանքային քննարկում «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակում

Նախորդ շաբաթ գումարված «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի նիստում քննարկվել է Շվեյցարիայի Դաշնային ժողովի վերին պալատի՝ Կանտոնների խորհրդի, «Խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի համար․ հնարավորություն տալ հայերի վերադարձին» որոշումը: Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչ Սարգիս Շահինյանը մանրամասնել է որոշման գործընթացը։ Նկատի ունենալով, որ այս որոշումը պարտավորեցնում է Շվեյցարիայի կառավարությանը մեկ տարվա ընթացքում գումարել Ադրբեջանի և արցախահայության ներկայացուցիչների միջև միջազգային ֆորում՝ միջազգային անվտանգության երաշխիքների ներքո խթանելու արցախահայության վերադարձի իրավունքը՝ Շահինյանը ներկայացրեց հավանական գործընթացի կարելիությունները։

Այնուհետեւ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է արցախահայերի վերջին օրերի նախաձեռնությունները, Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված հանձնախմբի աշխատանքները։

Հարթակի անդամները որոշել են առաջիկայում իրենց համայնքներում նախաձեռնել միջոցառումներ։

Վերոնրշյալ նիստում «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը որոշել է նաեւ բաղոքի նամակ հղել Վատիկանի Գրեգորյան համալսարանի տնօրինությանը՝ ապրիլի 10ին Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանության և ադրբեջանական որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ կազմակերպած «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ միջոցառման նախաձեռման համար, որտեղ ջանք է թափվել ամբողջապես ժխտել հայկական քրիստոնեական ներկայությունն Արցախում։

Որոշվել է յուրաքանչյուր համայնք նույնաբովանդակ բողոք-նամակ հղի Վատիկան՝ պահանջելով արդարության և իրականությանը համապատասխան հայտարարություն։

Տեղեկացնենք՝ Վատիկանի Գրեգորյան համալսարանի տնօրինությանը բողոքի նամակ է հղել նաեւ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։ Վերջինս դատապարտել է համալսարանի կողմից նման հակագիտական միջոցառման հյուրընկալումը, ներկայացրել է Ադրբեջանում պետական քաղաքականության մակարդակի բարձրացված պատմական ու մշակութային զեղծարարությունը: Հայ դատի գրասենյակի նախագահը համալսարանի տնօրինությունից պահանջել է անմիջապես և հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի կառավարության քայլերը՝ ուղղված պատմությունը վերաշարադրելուն, հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ջնջելուն և պատմական խեղաթյուրումը որպես էթնիկ և մշակութային ոչնչացման գործիք օգտագործելուն, ինչպես նաև խզել բոլոր կապերն ու համագործակցությունները ադրբեջանական կառույցների հետ:

 

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

15 ապրիլ 2025թ