կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-17 13:15
Տնտեսական

ՏՏ ոլորտի ընկերություններն այսօր Հայաստանը մրցունակ են դարձնում միջազգային շուկաներում. տեղի ունեցավ «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի բացումը

ՏՏ ոլորտի ընկերություններն այսօր Հայաստանը մրցունակ են դարձնում միջազգային շուկաներում. տեղի ունեցավ «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի բացումը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Երևանում մեկնարկել է «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 9-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը: Երկօրյա ֆորումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից: 

Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է.«Այս միջոցառումը, որն արդեն կազմակերպվում է 9-րդ անգամ, կարևոր հարթակ է տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումների ներկայացման, նոր գործարար և ներդրումային հնարավորությունների հայտնաբերման, համագործակցության խթանման և փորձի փոխանակման համար: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է: Վերջին տարիներին ոլորտում արձանագրվել է զգալի առաջընթաց. գրանցվել է տարեկան միջինը 20-22 տոկոս աճ: Այս ոլորտի ընկերություններն այսօր տնտեսության մեջ ստեղծում են բարձր ավելացված արժեք և Հայաստանը մրցունակ են դարձնում միջազգային շուկաներում: 

ՀՀ կառավարությունը ոլորտի մասնավոր հատվածի հետ համատեղ իրականացնում է Հայաստանում տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանն ուղղված մի շարք նախաձեռնություններ, որոնք նպաստում են օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, որակյալ կադրերի պատրաստմանն ու կարողությունների հզորացմանը, ձեռներեցության խթանմանը, նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը: Ինչպես տեղյակ եք, կառավարության նախաձեռնությամբ 2014թ. Ազգային ժողովի կողմից ընդունվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենսդրական փաթեթ, որի շրջանակում 2015թ.-ից ոլորտի հավաստագրված սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ: Ուրախությամբ եմ նշում, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում ոլորտում ստեղծվել են 111 նոր ընկերություններ, որոնցից 98-ը ստացել են հարկային արտոնություններից օգտվելու հավաստագրեր` ստեղծելով, ընդհանուր առմամբ, 470 աշխատատեղ: 

Մեծապես կարևորում ենք, որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող հայկական կազմակերպությունները նախկին արտապատվիրման ուղղվածությունից աստիճանաբար վերաճում են հետազոտություններ և մշակումներ իրականացնող և ամբողջական բարդ ինժեներական լուծումներ առաջարկող կազմակերպությունների, որոնց կողմից թողարկված մրցունակ տեխնոլոգիական արտադրանքը իրացվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկաներում: Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը ունի լուրջ մրցակցային առավելություններ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ այլ երկրների համեմատ: Տեղեկատվական, հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների ոլորտների նորագույն լուծումներն այսօր հաջողությամբ կիրառվում են տնտեսության տարբեր ճյուղերում, ինչը նպաստում է տնտեսության ընդհանուր առաջընթացին, արտադրողականության և մրցունակության բարձրացմանը: ԴիջիԹեք գործարար համաժողովի կազմակերպումն ու անցկացումը ևս կարևոր խթան է հանդիսանում տնտեսության տարբեր ճյուղերում տեխնոլոգիական լուծումների կիրառման մակարդակի բարձրացման համար»: 

Նշենք, որ ԻՏՁՄ-ն նպատակ ունենալով ՏՏ ոլորտի ներուժի օգնությամբ աջակցել ռազմարդյունաբերական համակարգի զարգացմանն՝ այս տարի ԴիջիԹեք բիզնես ֆորումի շրջանակում իրականացնում է ռազմարդյունաբերական համալիրի և տեխնոլոգիական ոլորտի համագործակցության շուրջ մասնագիտական քննարկումներ: Ֆորումի շրջանակում կհամախմբվեն նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և տնտեսության այլ ոլորտների ներկայացուցիչներն ու մասնագետները, ովքեր կանցկացնեն քննարկումներ և կներկայացնեն գործնական առաջարկներ՝ ուղղված ՀՀ տնտեսության այլ ճյուղերի զարգացմանը: