կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-19 19:19
Տնտեսական

Մենք ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադեմ ազգ՝ Հայաստանի համար տեղ ապահովելով գլոբալ մակարդակում. Կարեն Կարապետյան

Մենք ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադեմ ազգ՝ Հայաստանի համար տեղ ապահովելով գլոբալ մակարդակում. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (US National Science Foundation-NSF) համատեղ կազմակերպած միջազգային աշխատաժողովի բացմանը: Այն անցկացվում է «Մեքենայական ուսուցումը` գիտական հայտնագործությունների խթան» խորագրի ներքո:

ՀՀ կառավարության անունից ողջունելով ներկաներին՝ վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին նախաձեռնության համար, ինչպես նաև հյուրերին՝ Հայաստան այցելելու, իրենց փորձը և գիտելիքները Հայաստանի մասնագետների հետ կիսելու պատրաստակամության համար: 

«Փաստ է, որ գիտությունն ու տնտեսությունն ամուր կապված են միմյանց և պետք է մեկը մյուսի շարժիչ ուժը հանդիսանան: 21-րդ դարում դրանց նպաստող պարտադիր պայման է պրոցեսների գլոբալիզացիան և կոմունիկացիոն տեխնոլոգիաների կիրառումը: Կարծում եմ՝ FAST-ն իր գործընկերների հետ միասին կարող է ստանձնել ինտեգրատորի դեր՝ ապահովելով գիտության և տեխնոլոգիաների աշխարհի լավագույն կենտրոնների կապը մեր մասնագետների հետ:
Այսօրվա աշխարհն անցնում է 4-րդ արդյունաբերական հեղափոխության փուլով: Բեկումնային տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, ամպային լուծումները, վերականգնվող էներգիայի ստացման նորագույն մեթոդներն առանցքային տեղ են զբաղեցնում աշխարհն առաջ մղելու գործընթացում:

Համոզված եմ, որ կհաջողեն այն երկրները, ովքեր կկարողանան արագ ադապտացվել նոր իրավիճակին և կլինեն նորարարություններ ստեղծող և առաջարկող: 
Իրականում այսօր աշխարհում մենք չափազանց լավ հնարավորություն ունենք՝ թափ հաղորդելու մեր զարգացմանը: Այս ճանապարհին մեզ համար շատ կարևոր է անհրաժեշտ էկոհամակարգի, ինովացիոն կամպուսների ստեղծումն ամբողջ երկրով մեկ՝ ժամանակակից, տեխնոլոգիական և գիտելիքահեն զարգացում ապահովելու համար: Պետությունը պատրաստ է աջակցել այս գործընթացին իր ողջ ներուժով: 

Մեզ բոլորիս՝ կառավարությանը, սփյուռքի և Հայաստանի այն անհատներին, ովքեր միավորված են, մասնավորապես, FAST-ում, առաջ է մղում մեկ շարժիչ ուժ. մենք ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադեմ ազգ՝ Հայաստանի համար տեղ ապահովելով գլոբալ մակարդակում: Մեզ միավորում է հավատը, որ դա հնարավոր է, և դա շատ կոնկրետ աշխատանք է, որը պետք է միասին հետևողականորեն իրականացնել», - իր ելույթում նշել է վարչապետ Կարապետյանը՝ համաժողովի մասնակիցներին և կազմակերպիչներին մաղթելով լավ տրամադրություն և արդյունավետ աշխատանք:

FAST-ի և NSF-ի կողմից կազմակերպված աշխատաժողովին մասնակցում է տվյալագիտությամբ (Data Science) և հարակից գիտական ճյուղերով զբաղվող ավելի քան 200 հետազոտող: Աշխատաժողովի նպատակն է՝ խթանել երիտասարդ հետազոտողների և նշված ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող առաջատար մասնագետների միջև համագործակցությունը: