կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-01 21:00
Առանց Կատեգորիա

Բրյուսելից Մոսկվա. կկասեցնի՞ Պուտինը ԵՄ-Հայաստան նոր «սիրախաղը»

Բրյուսելից Մոսկվա. կկասեցնի՞ Պուտինը ԵՄ-Հայաստան նոր «սիրախաղը»

Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Բելգիա կատարած այցի ընթացքում հայտարարվեց ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտելու մասին: Այդ բանակցությունների նպատակն էր 2013թ. ԵՄ-ին Հայաստանի ասոցացման համաձայնագրի տապալումից հետո մշակել Հայաստան-ԵՄ-ի համագործակցության նոր շրջանակն ընդհանրացնող համաձայնագիր:

Ի սկզբանե պարզ էր, որ ինչպիսի նոր փաստաթուղթ էլ մշակվի, այն չի փոխարինելու ասոցացման համաձայնագրին: Վերջինս ենթադրում էր Հայաստանի ինտեգրում ԵՄ առևտրատնտեսական, քաղաքական ու քաղաքակրթական տարածքին, ինչը բացառվում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու պատճառով: Չնայած դրան՝ բանակցության հաջող ավարտի մասին ազդարարումը Հայաստանի համար կարևոր քաղաքական նշանակություն ունի:

Դրանով կսահմանվի բիզնես մշակույթի, պետական կառավարման, դատական ոլորտներում հայաստանյան կոնկրետ շրջանակը՝ որպես Հայաստանի ստանձնած պարտավորություն: Փորձը ցույց է տալիս, արտաքին պարտավորությունները հայաստանյան իշխանությունների համար շատ ավելի մեծ մոտիվացնող գործոն են, քան ներսից ի հայտ եկող նախաձեռնությունները: Որևէ համաձայնագիր, իհարկե, չի կարող երաշխավորել, որ այդ բարեփոխումները կիրականացվեն ողջ ծավալով: Սակայն փաստը, որ ԵՄ-ն մոնիթորինգ կսահմանի և դրանց կատարման ընթացքի կետ կկապի Հայաստանի նկատմամբ իր դիրքավորումը, մեծացնում է հավանականությունը, որ դրանք կկատարվեն:

Պատահական չէ, որ կողմերը ոչ մի խոսք չեն ասում համաձայնագրի ստորագրման մասին: Կասկած չկա, որ ստորագրման հնարավորությունը Բրյուսելը կապում է ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ըթնացքով ու արդյունքներով: Եթե ԵՄ-ն դրանք գնահատի որպես իր չափանշիներին չհամապատասխանող, համաձայնագրի ստորագրման հեռանկարը կդառնա խիստ մշուշոտ: Սա նախապայման է, որը ցույց է տալիս, թե ինչպիսին է լինելու ԵՄ-ի հսկողությունը այդ հանձնառությունների կատարման նկատմամբ: Հայաստանի իշխանությունը, որը ԵՄ-ից լուրջ ներդրումներ բերելու խնդիր ունի, այդ պահանջները հաշվի չառնել չի կարող:

Բացի դրանից, ԵՄ-ի հետ ներկայիս երկխոսության բարձր մակարդակը, հատկապես Ադրբեջան-ԵՄ խաթարված հարաբերությունների ֆոնին, շանս է տալիս ԼՂ հիմնահարցի կարգավորման համատեքստում ավելի ընկալելի դարձնել հայկական կողմի պահանջները՝ ընդհուպ առաջ քաշելով Արցախի ներկայիս կարգավիճակի ճանաչման խնդիրը որպես Հայստանում և Արցախում եվրոպական ժողովրդավարական արժեհամակարգի զարգացման միակ երաշխիք: Պատահական չէր, որ Սերժ Սարգսյանը Բրյուսելում իր տարբեր հանդիպումներում և «Քարնեգի» կենտրոնում ունեցած ելույթում այս ուղղությամբ կատարեց կարևոր ու հայաստանյան դիվանագիտական շտամպներից շեղվող դրական շեշտադրումներ:  

2013թ. ասոցացման գործընթացից Հայաստանի իշխանության կտրուկ հրաժարումը և ԵՏՄ-ին միանալը գրեթե լիովին ավերել էր Հայաստանի նկատմամբ ԵՄ-ի վստահությունը: Հայաստանը հայտնվել էր վստահելի գործընկերոջ համարումը կորցնելու և որպես Ռուսաստանի լիարժեք ֆորպոստ, արբանյակ ընկալվելու վտանգի առջև: Նոր բանակցությունների մեկնարկը, առավելևս այն հաջողությամբ ավարտելը՝ Հայաստանի համար լուծում է այդ կորուստը վերականգնելու խնդիրը: Նոր համաձայնագիրը հաշվի է առնելու Հայաստանի անվտանգության հիմնական մարտահրավերները, ինչը Արևելյան գործընկերության երկրներին Ռուսաստանի տնտեսա-քաղաքական ազդեցությունից դուրս քաշելու ԵՄ անհեռանկար մտասևեռման պատճառով ի սկզբանե լիովին բացակայում էին ասոցացման գործընթացից:  Այս առումով առավել շահեկան վիճակ է ստեղծվում Հայաստանի համար: ԵՄ-ին ևս հարմար է առավել իրատեսական օրակարգի սահմանումը, ինչի վկայությունն է նախագահին ԵՄ բոլոր մարմինների ղեկավարների, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից ցուցադրված ընդունելության մակարդակը:

Սա հնարավորություն է տալիս Հայաստանին թե՛ Ռուսաստանի, և թե՛ ԵՄ-ի հետ իր հարաբերությունները կառուցել բաց խաղի կանոններով՝ առանց նրանց կողմից անվստահությանն արժանանալու մտավախության: Այսինքն՝ Հայաստանը կփորձի  «և՛, և՛»-ի իր  նախկին քաղաքականությունը ինստիտուցիոնալ հենքի վրա կառուցել՝ հավակնելով ապացուցել, որ հնարավոր է փաստացի հակամարտող ուժային կենտրոնների միջև կառուցողականության դաշտում մանևրել և մի կողմից որպես պետական զարգացման ուղղություն ընտրել եվրոպական մոդելը, իսկ մյուս կողմից՝ մնալ անվտանգության բացարձակապես այլ, հակադիր համակարգի մեջ: «Հայաստան-ԵՄ նոր պայմանագիրն առաջին հերթին քաղաքական փաստաթուղթ է, որը վկայում է տարբեր շահերի համադրումը` միտված, այսպես կոչված, «և՛, և՛»-ի քաղաքականության կենսունակությանը», «Քարնեգի» հիմնադրամի՝ Բրյուսելի գրասենյակում ունեցած ելույթում ասել է Սերժ Սարգսյանը: Պարզ է, որ սա հեշտ իրականանալի չի լինելու և Հայաստանից պահանջելու է հատկապես քաղաքական առճակատումների պարագայում ոչ ստանդարտ որոշումներ կայացնելու ունակություն դրսևորել:     

Գոնե նախնական փուլում շատ բան կախված է լինելու նրանից, թե  Ռուսաստանի դիրքորոշումն ինչպիսին կլինի: 2013թ. սեպտեմբերից հետո, իհարկե, դժվար է պատկերացնել, որ Երևանը Բրյուսելի հետ նոր բանակցությունների մեջ կմտներ, նոր օրակարգ կսահմաներ առանց Մոսկվայի համաձայնությունն ունենալու: Առավելևս հիմա, երբ արցախյան կարգավորման գործընթացը շատ արագ տեղափոխվում է ռազմական բազա, և Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է լինելու առնվազն Մոսկվայի հակազդեցությանը չարժանանալը: Մանավանդ որ Ռուսաստանից արդեն հնչում են նման նախաձգուշացումներ: Օրինակ՝ ռուս քաղաքագետ Անդրեյ Եպիֆանցևը նախօրեին «Ազատության» հետ զրույցում նշել է, թե Մոսկվան կփոխի ԼՂ հարցում առկա ստատուս քվոն պաշտպանելու իր դիրքորոշումը և ավելի ադրբեջանամետ կդառնա, եթե Հայաստանը փոխի իր արտաքին քաղաքականությունը և հեռանա Ռուսաստանից: Ենթադրելի է, որ մինչ այս պահը Երևանին հաջողվել է Կրեմլին համոզել, որ ԵՄ-ի հետ նոր գործընթացում նրա շահերին սպառնացող վտագ չկա: Ուշագրավ է, սակայն, որ բրյուսելյան այս բավական հաջող այցից անմիջապես հետո հայտնի է դառնում, որ մարտի կեսերին Սերժ Սարգսյանը մեկնելու է Մոսկվա՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու: Թեև նման հանդիպման մասին հայտարարվել էր դեռ Մոսկվայում արրտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Էդվարդ Նալբանդյանի փետրվարի 21-ի  հանդիպումից հետո, սակայն այն ժամանակ կոնկրետ ժամկետներ չէին նշվել: Եվ չի կարելի բացառել, որ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Պուտինը կփորձի նրանից հավելյալ երաշխիքներ ստանալ, որ ԵՄ-ի հետ նոր «սիրախաղը» հեռուն չի գնա, չի հակադրվի ՌԴ-ի շահերին և չի ստեղծի ԵՏՄ-ից Հայաստանի օտարման կամ դուրս գալու նախադրյալ: Եթե Պուտինն այդ երաշխիքները չստանա, առաջիկա հանդիպումը կարող է Հայաստանի համար վերածվել երկրորդ «սև սեպետեմբերի երեքի»:

Գևորգ Դարբինյան