կարևոր
5839 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-06 14:10
Քաղաքական

Ադրբեջան-Իսրայել «սիրախաղը» առավել անկաշկանդ և հրապարակային է դառնում

Ադրբեջան-Իսրայել «սիրախաղը» առավել անկաշկանդ և հրապարակային է դառնում

Ընթացիկ տարին ամենաակտիվն է Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների ողջ պատմության ընթացքում։ Ընդամենը 5 ամսվա ընթացքում այս երկրների հարաբերություններում արձանագրվել են որակական լուրջ տեղաշարժեր, որոնք ուղղակի արդյունք և հետևանք են նաև աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մի շարք բարենպաստ իրողությունների։

2023 թ. մայիսի 30-31-ին տեղի է ունեցել Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգի պետական այցն Ադրբեջան (ուշագրավ է, որ ըստ իսրայելական ԶԼՄ-ների՝ այցը պետական էր, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն՝ պաշտոնական)։

Իրադարձությունը պատմական էր, քանի որ նախագահի մակարդակով սա առաջին այցն էր Բաքու։ Ադրբեջան մեկնելուց առաջ «Բեն Գուրիոն» օդանավակայանում Իսրայելի նախագահը հայտարարել է․ «Ադրբեջանն առանցքային և բարեկամական պետություն է՝ համագործակցության բազմաթիվ ոլորտներով… Ադրբեջանն Իրանի հարևանն է՝ տարածաշրջանում ապակայունացնող ուժի, որը փորձում է խաթարել խաղաղության և անվտանգության իսրայելական դաշինքները»։

Իրանի թեմային Հերցոգն անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը՝ դրանից հետո իր հրապարակային ելույթում ընդգծելով, որ Ալիևի հետ մանրամասնորեն խոսել են «համաշխարհային և տարածաշրջանային անվտանգային կառուցվածքի մասին, որը վտանգվում և սպառնալիքների է ենթարկվում Իրանի կողմից»:

Ալիևին իր հերթին բարձր է գնահատել երկու երկրների միջև պաշտպանական համագործակցությունը՝ հավելելով, որ Բաքուն «այս ոլորտում երկար տարիներ է՝ մուտք ունի դեպի իսրայելական ժամանակակից տեխնիկան, որն օգնում է արդիականացնել Ադրբեջանի պաշտպանունակությունը և պաշտպանել պետականությունը, արժեքները, ազգային շահերը և տարածքային ամբողջականությունը»։

Ադրբեջանի հրեական համայնքի հետ հանդիպմանը Հերցոգը մատնանշել է Իրանում բնակվող 30 միլիոնանոց ադրբեջանական սփյուռքի հանգամանքը, թե ինչպես Բաքուն «ոտքի կանգնեց, (երբ) երեք տարի առաջ հաղթեց Հայաստանին և վերադարձրեց իր տարածքի 30 տոկոսը» և թե որքան տպավորված է Ալիևի «անձնական համարձակությամբ» իր անձի նկատմամբ Իրանի թշնամանքի հանդեպ:

Հարկ է նշել, որ «պատմական» կարելի է գնահատել ոչ միայն վերոնշյալ այցը, այլև Իսրայել-Ադրբեջան բարձր մակարդակի բանակցություններում Իրանի վերաբերյալ նման հանդուգն հռետորաբանությունը հրապարակային հարթությունում։

Ընդ որում, այս երևույթը նոր է, որը պայմանավորված է տարածաշրջանային վերջին իրողություններով, հատկապես՝ Ադրբեջան-Իրան հարաբերություններում արձանագրված աննախադեպ լարվածությամբ։ Վերոնշյալի համատեքստում Ադրբեջան-Իսրայել-Իրան եռանկյունում գործում է հետևյալ բանաձևը՝ որքան սրվում են Բաքու-Թեհրան հարաբերությունները, տրամագծորեն հակառակ սցենարն է արձանագրվում Բաքու-Թել Ավիվ ուղղությամբ։

Հետևաբար նաև այս տեսանկյունից 2023 թվականն աննախադեպ է։ Իսրայելի նախագահի այցից ընդամենը 40 օր առաջ Ադրբեջան էր այցելել Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոհենը՝ բոլոր ժամանակներում Բաքու ժամանած ամենաբազմանդամ պատվիրակությամբ։ Ապրիլի 18-19-ին կայացած Իսրայելի ԱԳ նախարարի գլխավորած ծանրակշիռ պատվիրակության այցի թեմատիկ առիթը միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստն էր։ Դրա կազմում ներառված էին պաշտպանական արդյունաբերության, կիբեր և ազգային անվտանգության, ջրային ռեսուրսների կառավարման, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտներում մասնագիտացած 20 առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ: Նրանք տասնյակ հանդիպումներ են անցկացրել ադրբեջանական պետական կառույցների և համապատասխան ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Մինչև Ադրբեջան մեկնելը Քոհենը հայտարարել էր. «Այսօր քաղաքական կարևոր այցով եմ մեկնում, որպեսզի Բաքվում մեր լավ ընկերների հետ շարունակենք միասնական և ամուր ճակատ կառուցել մեր ընդհանուր մարտահրավերների դիմագրավման և տնտեսության, անվտանգության, էներգետիկայի ու նորարարության/ինովացիայի ոլորտներում համագործակցության խորացման համար»: Իսրայելցի պաշտոնյաների նկատմամբ ցուցաբերվեց բարձր մակարդակի ընդունելություն։ Է. Քոհենը հանդիպեց Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի, իր գործընկեր Ջ. Բայրամովի հետ, իսկ էկոնոմիկայի նախարար Մ. Ջաբարովի հետ գլխավորեցին միջկառավարական նիստը։ Այցի ընթացքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ առևտրային հարաբերությունների և ներդրումների խրախուսման, շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության, նորարարական տեխնոլոգիաների՝ թվային տնտեսության, բնագավառներում ստորագրվել են փաստաթղթեր։

Բայց և այնպես, Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում արձանագրված առանցքային իրադարձությունը մարտի 29-ին Թել Ավիվում ադրբեջանական դեսպանատան բացումն էր, որը տեղի ունեցավ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջ. Բայրամովի անմիջական մասնակցությամբ։

Հարկ է նշել, որ Իսրայելն ու Ադրբեջանը դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել են 1991 թ.։ Իսրայելը դարձավ աշխարհի առաջին երկրներից մեկը, որը ճանաչեց անկախ Ադրբեջանական Հանրապետությունը, իսկ 1993 թ. Բաքվում բացվեց Իսրայելի դեսպանատունը (Ադրբեջանի պատասխան քայլի 30-ամյա ձգձգման պատճառները՝ հաջորդիվ)։

Քոհեն-Բայրամով հանդիպմանն աննախադեպ հայտարարությամբ էր հանդես եկել Իսրայելի ԱԳ նախարարը՝ նշելով. «Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման ևս մեկ վկայություն է: Ադրբեջանը մուսուլմանական երկիր է, իսկ նրա ռազմավարական դիրքը երկկողմ հարաբերությունները դարձնում է կարևոր և մեծ ներուժ ունեցող։ Իսրայելի կապերն Ադրբեջանի հետ մեծ նշանակություն և մեծ ներուժ ունեն։ Մենք պայմանավորվեցինք ուժեղացնել իրանական սպառնալիքի դեմ պաշտպանության միասնական ճակատը, զարգացնել համագործակցությունը տնտեսության, անվտանգության և վերականգնվող էներգիայի աղբյուրների շահագործման ոլորտներում։ Միասին կաշխատենք կանխելու Իրանում միջուկային զինանոցի ստեղծումը. սա պահանջում է ոչ միայն դիվանագիտական ​​և տնտեսական քայլեր, այլ նաև զսպման ուժային գործոնների ամրապնդում»։

Պետք է հավաստել, որ իսրայելցի և ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներում նման հակաիրանական հրապարակային հայտարարությունը աննախադեպ էր։ Այս իրողությունը փաստում է ինչպես Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների որակապես նոր մակարդակի, այնպես էլ Իրանի դեմ միասնական ճակատի ձևավորման դիվանագիտական-քարոզչական բազմավեկտոր ուղերձների հղման նպատակային քաղաքական քայլի մասին։

Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների առանձնահատկությունները

Ընդհանուր առմամբ, Ադրբեջան-Իսրայել ռազմավարական բնույթի հարաբերությունները որակապես նոր մակարդակի հասան 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Հարավային Կովկասում ստեղծված որակապես նոր իրավիճակի պայմաններում։ Ադրբեջան-Թուրքիա դաշինքի համար չափազանց կարևոր պատերազմում նման արդյունքներ հնարավոր եղավ արձանագրել նաև Իսրայելի միանշանակ աջակցության շնորհիվ։ Պատերազմական գործողությունների ընթացքում Իսրայելի անխափան ռազմական մատակարարումներն անգնահատելի գործոն էին դրա արդյունավետ ընթացքի համար։

Պատերազմի հետևանքով տարածաշրջանում ուժային հավասարակշռությունը փոխվեց մի կողմից՝ Ռուսաստանի, իսկ մյուս կողմից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի օգտին, զգալիորեն թուլացան Իրանի դիրքերը։ Նման զարգացումներն էականորեն նպաստեցին Բաքվի և Թել Ավիվի միջև հարաբերություններում առավել անկաշկանդ առաջընթացին։

Հարկ է նշել, որ այս երկկողմ բազմաշերտ հարաբերությունները եղել են փոխշահավետ, ռազմավարական նշանակության, բայց որոշակիորեն նաև խնդրահարույց։ Բանն այն է, որ առնվազն 2000-ականների երկրորդ 10-ամյակից սկսած՝ Ադրբեջանը եղել է իսրայելական ռազմարդյունաբերական արտադրանքի առանցքային գնորդներից։ Զուգահեռաբար ադրբեջանական նավթը կազմում է Իսրայելի ամբողջ նավթային ներկրումների մոտ 30-40%-ը։ Բացի այդ՝ նման նշանակության հարաբերությունների համար կարևորագույն գործոն է նաև Ադրբեջանի՝ շիայական մեծամասնությամբ բնակչություն ունեցող երկրի աշխարհագրական դիրքը, մասնավորապես Իսրայելի տարածաշրջանային առանցքային հակառակորդ Իրանին ուղղակիորեն սահմանակից լինելու հանգամանքը, որն էլ իր հերթին լայն հնարավորություններ էր ընձեռում առնվազն հետախուզության ոլորտում փոխգործակցության խորացման համար: Այս ուղեգիծը տեղավորվում էր Իսրայել պետության հիմնադիր վարչապետ Դավիդ Բեն-Գուրիոնի հեղինակած «շրջանակային» քաղաքականության տեսության տրամաբանության մեջ, որի նպատակը ռազմավարական բնույթի հարաբերությունների հաստատումն էր հրեական պետության հակառակորդ երկրների սահմանակից հարևանների հետ։

Բաքվի իշխանությունները տևական ժամանակ թույլատրել են իսրայելական հատուկ ծառայություններին իրենց տարածքում ստեղծել ենթակառուցվածքներ Իրանում տեղի ունեցող իրադարձություններին հետևելու համար։ Անգամ օդանավակայան է ստեղծվել, ինչը նախատեսված էր տրամադրել Իսրայելին իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակման ծրագրերի իրականացման դեպքում:

Զուգահեռաբար Իսրայելը տարիներ շարունակ Բաքվին վաճառել է սպառազինության ամենաառաջատար համակարգեր, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներ, հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր, կամիկաձե անօդաչու թռչող սարքեր և այլն։ Ըստ գաղտնազերծված փաստաթղթերի՝ Ասիայի ամենամեծ բեռնատար ավիաընկերություններից մեկը՝ ադրբեջանական «Silk Way»-ը, «Boeing 747» բեռնատար ինքնաթիռներով շաբաթական երեք չվերթ է իրականացնում Բաքվի և «Բեն Գուրիոն» միջազգային օդանավակայանի միջև։

Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ընկերության «IL-76» ինքնաթիռները 2016 թ. ի վեր առնվազն 92 անգամ վայրէջք են կատարել Իսրայելի՝ մեծությամբ երկրորդ «Օվդա» օդանավակայանում:

Մինչդեռ մինչև 44-օրյա պատերազմը, հաշվի առնելով նաև արցախյան հիմնախնդիրը որպես կրոնական հակամարտություն ներկայացնելու թուրք-ադրբեջանական ուղեգիծը, Բաքուն բավականաչափ զգուշանում էր Թել Ավիվի հետ հարաբերությունների՝ առավել հրապարակային բնույթից և բազմավեկտոր խորացումից՝ խուսափելով մի կողմից՝ «արաբամուսուլմանական աշխարհի», մյուս կողմից՝ հատկապես Իրանի զգայուն վերաբերմունքից, որը կարող էր կոտրել տասնամյակներ շարունակ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ձևավորված մուսուլմանական զգալի համախոհությունը արցախյան հիմնախնդրի առնչությամբ։ Ընդհակառակը, ադրբեջանական դիվանագիտությունը, առանց միջոցների մեջ խտրականության, ձգտում էր պաղեստինյան հիմնախնդրի հիմքով Իսրայելի դեմ միավորված մուսուլմանական երկրներին համախմբել նաև Հայաստանի դեմ։ Սա էր պատճառը, որ Բաքուն խիստ զգուշավոր էր Թել Ավիվի հետ հրապարակային մակարդակում համագործակցության խորացումից կամ առնվազն դրա բացահայտ բնույթից։

Ի տարբերություն Ադրբեջանի՝ Իսրայելը ձգտում էր Ադրբեջանի հետ առավել բաց, խոր և բազմաշերտ համագործակցության վերոնշյալ մուսուլմանական համախոհությունը ճեղքելու և հատկապես հակաիրանական քաղաքականության տիրույթում առավել կարևոր ռազմավարական դիրքեր զբաղեցնելու նպատակով։

Վերոնշյալի համատեքստում, ինչպես արդեն նշվեց, իրավիճակը որակական փոփոխություններ կրեց ինչպես 44-օրյա պատերազմի հետևանքով, այնպես էլ ԱՄՆ-ի միջնորդությամբ 2020-21 թթ. մի շարք կարևոր արաբական երկրների և Իսրայելի միջև ստորագրված «Աբրահամյան համաձայնագրերի» ազդեցությամբ, երբ էականորեն թուլացավ Իսրայելի դեմ արաբամուսուլմանական համատեղ ճակատը։

Իրանի գործոնն Իսրայել-Ադրբեջան հարաբերություններում

Պատերազմի հետևանքով հարավկովկասյան տարածաշրջանից դուրս մնացած Իրանի՝ սեփական դիրքերի վերականգնմանը միտված նպատակային քայլերն ավելի խորացրին ճգնաժամն Իրան-Ադրբեջան հարաբերություններում։ Մասնավորապես հետպատերազմյան տարածաշրջանում իր ազդեցությունը վերադարձնելու իրանական քաղաքականության հիմքում հետևյալ քաղաքական-քարոզչական թեզերն էին՝

1. Տարածաշրջանային պետությունների տարածքային ամբողջականության և տարածաշրջանում սահմանների անխախտելիության ապահովումը՝ որպես «կարմիր գիծ»։
2. Տարածաշրջանում օտար ուժերի և ահաբեկչական տարրերի ներկայության անթույլատրելիությունը։
3. Իսրայելական ներկայության խորացման բացառումը։
4. Տարածաշրջանի խնդիրները «3+3» ձևաչափի շրջանակում կարգավորելը։

Վերոնշյալ թեզերից երեքն ուղղակիորեն Ադրբեջանի դեմ էին, որոնք միտված էին ձախողելու պատերազմից անմիջապես հետո Բաքվի և Անկարայի կողմից շրջանառության մեջ դրված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» կամ «թուրանական» միջանցք ծրագիրը, ինչպես նաև Իսրայելի հետ համագործակցությամբ Իրանին սահմանակից Արցախի օկուպացված շրջաններում «խելացի բնակավայրեր» կառուցելու ծրագրերի քողի ներքո հակաիրանական հետախուզական ենթակառուցվածքների ամրապնդման համար։

Նշվածի վառ օրինակ է Արցախի օկուպացված Կովսականի (Զանգելան) շրջանում իսրայելական համակողմանի ներկայության հանգամանքը, ինչը ներկայացվում է Աղալը բնակավայրը որպես «խելացի գյուղ» վերակառուցելու աշխատանքներին մասնակցությամբ։

Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների որակապես նոր մակարդակի բարձրացման վերաբերյալ տեղեկատվությունը տարածվեց դեռևս 2021 թ. ապրիլի 28-ին, երբ իսրայելական ԶԼՄ-ները տարածեցին Իսրայելի ԱԳ նախարարության և նախարար Գաբի Աշքենազիի հայտարարությունն առ այն, որ Իսրայել-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում նշվել է, թե ընթացիկ տարում Ադրբեջանն Իսրայելում կբացի դիվանագիտական կարգավիճակով առևտրային ներկայացուցչություն։ «Սա կարևոր քայլ է Իսրայելում դեսպանություն բացելու համար…։ Մենք կշարունակենք աշխատել Ադրբեջանի հետ կարևոր հարաբերություններ զարգացնելու և դրանք նոր ոլորտներում ընդլայնելու ուղղությամբ»,—նշել է Աշքենազին: Արդեն հուլիսի 29-ին Թել Ավիվում Միքայիլ Ջաբարովի մասնակցությամբ տեղի ունեցավ ներկայացուցչության բացումը։

Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների խորացումն ընթանում էր Բաքու-Թեհրան հարաբերություններում խորացող լարվածությանը զուգահեռ։ Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ՀՀ Գորիս-Կապան ավտոմայրուղու վրա իրանցի վարորդների ձերբակալության և ճանապարհի արգելափակման գործողությունից հետո ադրբեջանա-իրանական հարաբերությունները մտան հերթական ճգնաժամային շրջափուլ։ Այն ծավալվում էր միաժամանակ մի քանի հարթություններում՝ տեղեկատվական-քարոզչական, քաղաքական հռետորաբանության և ռազմական մանևրների՝ երկու կողմից հստակ ուղերձներ պարունակող զորավարժությունների տեսքով։ Չնայած վերոնշյալ լարվածությունը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին զգալիորեն մեղմվեց, բայց և այնպես հարաբերական կայունությունը ժամանակավոր բնույթ էր կրում։

2022 թ. փետրվարից մեկնարկած ուկրաինական ճգնաժամն իր ազդեցությունն ունեցավ նաև հարավկովկասյան իրողությունների, ինչպես նաև Թեհրանի հակառակորդների հակաիրանական քաղաքականության վրա։ Մասնավորապես Ռուսաստան-Իրան ռազմական համագործակցության, հատկապես՝ «Ուկրաինայում Ռուսաստանին չդադարող ռազմական մատակարարումների» վերաբերյալ մեղադրանքներով արևմտյան դերակատարները հստակ ուղեգիծ որդեգրեցին՝ Թեհրանին Մոսկվայի հետ միասին միևնույն թշնամական առանցքում տեղավորելու և նրանց դեմ ընդհանուր համախոհության հասնելու տեսանկյունից։ Այս քաղաքական ուղեգիծը կարևոր մանևրի հնարավորություն ընձեռեց նաև Բաքվին։ Բանն այն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ 2022 թ. սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ալիևյան վարչակարգը բախվեց նաև կոշտ դիվանագիտական հակազդեցության, այդ թվում՝ Արևմուտքի և Իրանի կողմից։
Ադրբեջանական արկածախնդրությունը կանգնեցվեց նաև Թեհրանի ջանքերով։ Նման իրավիճակում ադրբեջանահայկական հիմնախնդիրների հետ կապված Արևմուտքի կոշտ դիրքորոշումը մեղմելու նպատակով Բաքուն ռազմավարական քաղաքական ընտրություն կատարեց՝ նպատակային կերպով դիրքավորվելով հակիրանական ճամբարում, հետևաբար՝ նաև համակողմանիորեն խորացնելով Իրանի տարածաշրջանային հակառակորդների հետ հարաբերությունները։ Մասնավորապես Ադրբեջան-Իրան հարաբերությունները ճգնաժամային նոր շրջափուլ տեղափոխվեցին, երբ Ադրբեջանն ակտիվ դերակատարում ստանձնեց քրդուհի Մահսի Ամինիի՝ հիջաբը սխալ կրելու պատճառով սպանության հետևանքով 2022 թ. սեպտեմբերից Իրանում ակտիվացած ներքաղաքական բողոքի ակցիաների հրահրման գործում, հատկապես՝ հանրապետության թյուրքախոս բնակչությամբ նահանգներում։ Այս նոր ճգնաժամը ևս բազմաշերտ էր, որ դրսևորվեց նույն եղանակներով, ինչ նախորդը։
Զուգահեռաբար նոյեմբերի 18-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հաստատեց Թել Ավիվում ադրբեջանական դեսպանատուն բացելու օրինագիծը։

Ադրբեջան-Իրան լարվածության վերջին շրջափուլը սկսվեց 2023 թ. հունվարի 27-ին Թեհրանում ադրբեջանական դեսպանատան դեմ իրականացված հարձակման պատճառով, որի հետևանքով սպանվել էր ներկայացուցչության անվտանգության ղեկավարը։ Միջադեպի հարցում մեղադրելով ԻԻՀ իշխանություններին՝ Ադրբեջանը փակեց դեսպանատունը և Իրանից դիվանագիտական անձնակազմը դուրս բերեց։

Լարվածության վերջին շրջափուլում քաղաքական, քարոզչական հարթություններում տեղ գտած արշավներից զատ՝ երկու երկրներում իրականացվեցին նաև «ազդեցության գործակալների» ցանցերի չեզոքացմանը միտված երբևէ տեղի ունեցած ամենամասշտաբային գործողությունները։

Ադրբեջանաիրանական ճգնաժամի գագաթնակետը եղավ Ադրբեջանի կողմից Թել Ավիվում դեսպանության բացումը և Մուխթար Մամեդովին այդ երկրում առաջին ռեզիդենտ դեսպանի նշանակումը։ Դրա արդյունքում Ադրբեջանը դարձավ շիայական մեծամասնությամբ բնակչություն ունեցող առաջին երկիրը, որը դիվանագիտական ներկայացուցչություն ունի Իսրայելում։

Ամփոփելով՝ կարելի է նշել, որ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային վերջին իրողություններն ուղղակիորեն նպաստել են նույն մակարդակներում նոր որակի միջպետական հարաբերությունների կառուցման նոր օրինակներին։ Դրանց լավագույն դրսևորումներից է Թել Ավիվ-Բաքու համագործակցությունը։ Իսրայելաադրբեջանական հարաբերությունները դեռևս ոչ փաստաթղթավորված ռազմավարական բնույթի բազմաշերտ համագործակցություն է, որը եթե երկկողմ տիրույթում փոխադարձ դրական օրակարգի հիմքով է, ապա առավել լայն, տարածաշրջանային մակարդակում՝ բավականաչափ խնդրահարույց՝ հանգեցնելով էական անվտանգային մարտահրավերների։ Վերոնշյալի օրինակ են վերջին տարիներին Ադրբեջանի տարբեր մասշտաբի ագրեսիաները Հայաստանի և Արցախի դեմ, ինչպես նաև՝ Բաքու-Թեհրան աննախադեպ մակարդակի հասած և երկարաժամկետ հեռանկարում անկանխատեսելի ելքով լարվածությունը նաև ողջ տարածաշրջանի համար։

Արմեն Պետրոսյան

«Դրօշակ» թիվ 6, 2023թ.